Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական խավիարն ու նավթը Արցախի ընտրությունները դիտարկած Եվրախորհրդարանի պատգամավորին չեն վախեցնում. (Տեսանյութ)

Մայիս 04,2015 20:45

«Ես լիովին չեզոք եմ վերաբերվում ադրբեջանական խավիարին»,- այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում պատասխանելով հարցին, թե Եվրոպական խորհրդարանում ադրբեջանական քարոզչությունը բավականին ուժեղ է աշխատում` շնորհիվ ադրբեջանական խավիարի ու նավթի, այսպես պատասխանեց 2-3 ժամ առաջ Արցախից վերադարձած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Արցախում դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը: Պարոն Էնգելը անցած կիրակի` մայիսի 3-ին, որպես դիտորդ մասնակցել էր Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Այն հարցին, թե Ադրբեջանը սպառնացել է քրեական գործեր հարուցել բոլորն նրանց նկատմամբ, որոնք Արցախի ընտրությունները կդիտարկեն, պարոն Էնգելն ասաց, որ Ադրբեջանն Արցախում ներկայացվածություն չունի եւ հետեւաբար չի կարող դատարանում հասնել իր ուզածին. «Եթե նրանք կարողանային այդ հարցով զբաղվել, կհասնեին նրան, որ ինձ հանեն Եվրոպական խորհրդարանից»:

Ասուլիսին ներկա էր նաեւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Եվրոպացի դիտորդները Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները գնահատեցին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Այդ ընտրություններն այնպիսին էին, ինչպիսիք տեղի են ունենում շատ եվրոպական երկրներում»,-ասաց Ֆրանկ Էնգելը:

Եվրախորհրդարանի պատգամավորին զարմացրել էր այն, որ Կովկասում կա մի հողակտոր, որտեղ կարող են միջազգային չափանիշներով ընտրություններ տեղի ունենալ. «Արցախի ժողովուրդը հաստատեց այն փաստը, որ իրենք ապրում են ժողովրդավարական երկրում: Ոչ մի միջադեպ, ոչ մի հատուկ դեպք չկա, որի մասին կարելի է խոսել կամ մատնանշել»:

Նրա խոսքերով, 2013 –ին Ադրբեջանը «ձեւ տվեց», թե ընտրություններ է կազմակերպել, սակայն ի տարբերություն Արցախի՝  ադրբեջանցիները նախապես գիտեին ինչպիսի արդյունք է լինելու. «Եվ դա է այն երկիրն է, որը գտնում է թե Արցախը պետք է հետ վերադառնա: Նրանք սխալվում են: Արցախն ավելի ժողովրդավարական է ապրում, քան այսպես կոչված, ժողովրդավարական Ադրբեջանը»:

Նա ցավով նշեց, թե մի քանի եվրոպական երկրներ հանդես են եկել հայտարարությամբ, որ չեն ցանկանում ընդունել Արցախի ընտրությունները. «Ինձ հետաքրքիր է, թե ինչպես կարելի է չընդունել այսքան թափանցիկ ու կատարյալ տեղի ունեցած ընտրությունները: Եթե ընտրությունները կազմակերպված լինեին ադրբեջանական չափանիշներով՝ ես կհասկանայի չճանաչելը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031