Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞վ ավարտվեց Ամասիայի 9 գյուղերի բնակիչների՝ կաթի գնանկման դեմ ուղղված բողոքը

Մայիս 04,2015 19:45

Ինչպես տեղեկացրել ենք, մայիսի 1-ին Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղերի բնակիչներ ոտքի էին կանգնել՝ դժգոհելով կաթնամթերող ընկերությունների՝ կաթի առքի գինը էժանացնելուց. գյուղացիներին  մեկ լիտրի դիմաց այսուհետ 170 դրամի փոխարեն առաջարկում են 150 դրամ: Գյուղացիները նեղվում էին, թե 20 դրամով էժան չեն կարող վաճառել կաթը, քանի որ տուժում են, մեկ լիտրը 170 դրամ սահմանել են հաշվարկների արդյունքում: Բացի այդ, ըստ գյուղացիների, կաթնամթերող ընկերությունները խանութներում չեն էժանացնում պանիրը, պաղպաղակը… հետեւաբար եւ անհասկանալի է գյուղացիների ապրանքը էժանացնելու տրամաբանությունը:

Berdashen_2

Նրանք ուրբաթ օրը բողոքի էին դուրս եկել Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղում՝ հրաժարվելով կաթը վաճառել կաթնամթերող ընկերություններին: Բողոքի ակցիան կանխել էին Շիրակի մարզպետարանից՝  հորդորելով սպասել մինչեւ ամսի 4-ը՝ աշխատանքային օրվա սկիզբը, որպեսզի զրուցեն կաթնամթերող ընկերությունների հետ ու կարգավորեն հարցը:

Բերդաշեն գյուղի նախկին գյուղապետ, մասնագիտությամբ տնտեսագետ Սլավիկ Չապանյանը մեզ փոխանցեց, որ այսօր իրենց գյուղ է այցելել գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը, որը գյուղամիջում հանդիպում է ունեցել գյուղացիների հետ ու ասել, որ իրենք  բանակցելով կաթնամթերող ընկերությունների հետ՝ կարողացել են կանգ առնել 160 դրամի վրա:

«Իհարկե, գյուղացիները չհամաձայնեցին՝ ասելով, որ ձեռնտու չէ, բայց փոխնախարարն ասաց, որ դա է մաքսիմում սահմանը: Ես առաջարկեցի, որ պետությունը սուբսիդավորի, փոխնախարարը զարմացավ, թե որտե՞ղ եք տեսել  կաթի սուբսիդավորում: Ասեմ, որ դա ամբողջ աշխարհում ընդունված է, թող գնան Ռուսաստանի օրինակը տեսնեն, եթե մի տեղ գյուղացին խեղճանում է, գյուղատնտեսությունը տուժում է, պետությունը սուբիսդավորում է, իսկ Ռուսաստանում հենց կաթի սուբսիդավորումն է շատ տարածված: Իմանանք պանրի ինքնարժեքը իջել է խանութներում, ասենք՝ լավ , արի մենք էլ իջեցնենք կաթի գինը… Էսօր շատ ցուրտ էր  դրսում, ես էլ տեսա, որ փոխնախարարը հարց լուծող չէ, միգուցե նա շատ լավ անձնավորություն է, բայց քիչ պատկերացում ունի մեր խնդրից, դրա համար չմնացի… Գյուղացիները հերթով լքեցին նրան, պատկերացրեք փոխնախարարն ու փոխմարզպետ Արշակյանն ավելի շատ մնացին այդ ցրտին գյուղի կենտրրոնում, քան գյուղացիները: Իհարկե, չգիտեմ այս ամենից հետո ինչ կլինի, ձեռքը ճար չկա գյուղացու, ասենք թե կաթը տանը մնաց, ի՞նչ պիտի անի… Շուկան էլ արդեն մոնոպլիզացիայի պես է, մարդիկ տեղավորվել, իրենց կլիենտներ ունեն, էնտեղ չեն կարող տանել վաճառքի:

Փոխնախարարն անընդհատ կրկնում էր, թե 160 դրամից էլ չի իջնի ու սա կրկնում էր որպես մեծ լավություն Շիրակի  մարզի գյուղացիներին, ուզում էր ասել՝ շնորհակալ եղեք: Նա համեմատական էր տանում մյուս տեղանքների հետ ՝ասելով, որ մյուս վայրերում ավելի էժան են կաթը գնում գյուղացիներից: Ես լքեցի նրան՝  նկատելով, որ մեր իշխանավորները շահագրգռված չեն հարցը լուծելու: Գյուղացիներն էլ տեսան արդյունք  չկա, ոչ  մի բան չի փոխվելու, անիմաստ է կանգնելը, հերթով հեռացան…», -ներկայացրեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ  այս գյուղի բնակիչների մեծ մասը վաճառքի  է հանել իր անասունները, որպեսզի  վաճառեն ու տեղափոխվեն բնակության Ռուսաստան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031