Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարկավոր է Շիրակի մարզում գտնել Շիրակի մարզի ոստիկանապետ». ՆԳ նախկին նախարարը՝ Վլադիմիր Գասպարյանին

Մայիս 04,2015 18:48

Aravot.am-ը 40 տարի շարունակ միլիցիայի համակարգում աշխատած, 1990 թվականին  ՀԽՍՀ  ներքին գործերի նախարարի, մինչ այդ ու դրանից հետո Լենինականի ներքին գործերի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Գալստյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ գյումրեցիներն այլեւս չեն կարող դռները բաց քնել՝ ոստիկանության մեղավորությո՞ւնն է, որ ժամանակին չի կանխում հանցածին իրավիճակները, թե՞ ժամանակներ են փոխվել, սոցիալական վիճակն է վատ ու  անընդմեջ հանցագործություններ են տեղի ունենում այս քաղաքում, ընդ որում մարդկանց տների մեջ: Մենք նաեւ հիշեցրեցինք՝ գյումրեցիները դեռ նշում են, որ Լյովա պետի ժամանակ որեւէ փակ դուռ չի եղել Գյումրիում:

«Ժամանակները, ճիշտ է, փոխվել են, Լենինականը առաջվա Լենինականը չէ, ոչ էլ ոստիկանությունն է առաջվա միլիցիան: Միլիցիան, կներեք, ավելի բարձր էր հնչում, քան թե ոստիկանությունը, թեկուզ կարող է նեղանան, դա արդեն իրենց գործն է: Լենինականի ժամանակ միլիցիայի աշխատակիցները խանութներ չունեին, հյուրանոցներ չունեին, դեղատներ չունեին …Նրանք զբաղված էին միայն հանցագործություններ բացահայտելով, իսկ էսօրվա դրությամբ ոստիկանության շատ ու շատ աշխատակիցներ՝ պետեր, տեղակալներ եւ այլն ունեն իրենց բիզնեսը: Գուցե նրանց առաջին հերթին հետաքրքրում է բիզնեսը, քան թե հանցագործությունների բացահայտումը, ես չգիտեմ, թե ինչ տոկոսային հարաբերությունների մեջ է հիմա հանցագործությունների բացահայտումը…

Ուզում եմ նշել, որ կադրային փոփոխություններն ինչ-որ չափով ազդում են անձնակազմի գործունեության վրա , մինչ անձնակազմը հարմարվում է նոր պետին, արդեն փոխվում է նոր պետը, գալիս է մի նոր պետ, մինչեւ սրան են հարմարվում, նա է փոխվում, գալիս է մի նոր պետ… Ես կուզենայի նշել, դա իմ կարծիքն է, որ Շիրակի մարզի ոստիկանության վարչության պետը պետք է լինի Շիրակի մարզից, որը գիտենա Շիրակի մարզի հոգսերը, ցավերը, ոնց ասում են դարդերը, որ էդ հողի ու ջրի զավակ լինի, որ կարողանա էս ժողովրդի հետ խոսել, գիտենա նրա լեզուն, նրա սովորույթները: Ես բան չունեմ ասելու դրսից ուղարկված կադրերի մասին, գուցե նրանք ամենահաս են, ամեն ինչ գիտեն, հոգով, սրտով նվիրված են  Շիրակի մարզին, բայց չի խանգարի, որ գտնեն համապատասխան թեկնածու եւ Շիրակի մարզի միլպետը լինի Շիրակի մարզից: Գիտեք ինչ, սա նաեւ կխփի կոռուպցիային, որովհետեւ Շիրակի մարզում ծնվածը, Շիրակի մարզում աշխատածը, Շիրակի մարզում մեծացածը չի կարող անել այն, ինչ-որ դրսից եկածը: Ես չեմ ուզում դրսից եկածների մասին որեւէ բան ասել, բայց մեկ էլ լսում եմ Շիրակի մարզի հաշվին Ծաղկաձորում հանգստի տուն կառուցեցին կամ չգիտեմ ինչ արեցին… Ժողովուրդը ամեն ինչ գիտի, ժողովուրդը ամեն ինչ տեսնում է , ամեն ինչ էլ խոսում է: Հետո Շիրակի մարզում ծնված վարչության պետը երբեք ու երբեք աշխարհի չեմպիոն Ալեքսանյանի վրա չէր հոխորտա, որը մի տեսակ ծածկադմբոց արեցին եւ շատ ու շատ հարցեր կան, որոնք ինձ թվում է, որ էսօրվա ոստիկանապետը հասու է էդ բոլորը լուծելու: Ես նրան լավ ճանաչում եմ եւ գիտեմ, որ նա կկարողանա էդ հարցերը լուծել, հարկավոր է Շիրակի մարզում գտնել Շիրակի մարզի ոստիկանապետ, Շիրակի մարզին ցավող, Շիրակի մարզին նվիրված:

Իսկ թե ինչո՞ւ էին մեր ժամանակ դռները բաց քնում, գիտեք ինչ, մեր ժամանակվա աշխատանքը լրիվ ուրիշ էր, մեր ամբողջ ուշք ու միտքը հանցագործության բացահայտումն էր, հանցագործությունների կանխումն էր, եւ հանցագործները, կասկածյալները գիտեին, որ եթե մի բան լինի, իրենք, անպայման, պատասխան են տալու, ոչ ոք պատասխանատվությունից չէր խուսափի.. Եւ ինձ զարմացրեցին դեպքերը՝ կապված Ավետիսյանների ընտանիքի հետ, երբ որ ժողովուրդը սկսեց քարով խփել ոստիկաններին: Ես զարմացա, նման բան երբեք չէր եղել. շարժման տարիներին ավելի հզոր ցույցեր են եղել, ավելի հզոր ընդվզումներ են եղել, բայց երբ որ մենք կանգնում էինք ժողովրդի մեջ, մեզ քարով խփող չկար, մենք կանգնում էինք համազգեստով եւ ասում էինք՝ մենք պաշտպանում ենք օրենքը: Ինչ ձեւի էլ երկիրը փոխվի, սոցիալիզմը փոխվի,կոմունիզմը փոխվի, խորհրդային կարգերը փոխվեն, միեւնույնն է՝ միլիցիան լինելու է, լինելու են մարդիկ, որոնք հասարակական կարգը պաշտպանելու են, մեզ խփել պետք չէ, եւ մեզ չխփեցին եւ մենք ժողովրդի հետ միասին արեցինք այն, ինչ-որ ժողովրդի ցանկությունն էր: Ո՞վ կարող է հավատալ, որ երկրաշարժից հետո ավերված քաղաքում հանցագործությունները նվազեցին: Ամենաեզակի օրինակը, որ կարող եմ ասել, մենք չունեցանք դիակապտության ոչ մի դեպք: Չնայած մի միլիցիա, ռուս էր, գնդապետ էր՝ Տառականով ազգանունով, երկրաշարժի հաշվին գեներալ դարձավ, ազգանունը համապատասխանում էր նրա էությանը: Գրել էր, թե գտել են կտրված ականջներ, մատներ, բողոքեց Նիկոլայ Ռիժկովը ընդհուպ մինչեւ Չայկա՝ գլխավոր դատախազին Ռուսաստանի, բայց չգիտեմ ինչու տեղիք չտվեցին… Նման սրիկաները կարող էին խոսել, բայց հիմնականում մեր ժողովուրդն ապացուցեց, որ ինքը իր հողի ու ջրի տերն է, եւ միլիցիայի աշխատակիցները իր իսկական զավակներ են»:

Լեւոն Գալստյանը խոսեց Գյումրիի քրեական վիճակից, ոստիկանների՝ ընտրական գործընթացներին խառնվելուց, Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանի` Գյումրու թատերական հրապարակում, ոստիկանների ներկայությամբ դանակահարվելուց, գեներալի կոչումը հեշտությամբ ձեռք բերելուց: Այս ամենը ընթերցեք տպագիր «Առավոտ» -ի առաջիկա համարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Խելացի առաջարկ է, սա կլինի առաջին քայլը խորհրդային միլիցիայից տարբերվելու…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031