«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության գրասենյակի միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու եւ համատեղ ջանքեր համախմբելու՝ ծրագրեր իրականացնելու համար, որոնք ուղղված են համայնքների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանում աղքատության նվազեցմանը, զարգացման այլ ծրագրերի իրագործմանը: Նրանք նաև պատրաստ են աջակցելու Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Հուշագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը:
Կարդացեք նաև
Կարեւոր համարելով միջազգային կազմակերպության եւ ոչ պետական հատվածի կառույցի միջեւ համագործակցության ձեւավորումը, Արմեն Գեւորգյանը նշեց. «ԱԶԲ-ն մեր հանրապետության եւ ՀՀ կառավարության խոշորագույն գործընկերներից է եւ ծավալուն ծրագրեր է իրականացնում հանրապետությունում՝ ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական տարբեր չափանիշների ներդրման ուղղությամբ: Մեր երկու կազմակերպությունների գործունեության ուղղությունները համընկնում են, եւ որոշեցինք միավորել մեր ուժերը՝ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման գործում: Մենք փոխգործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում նաեւ IDeA –ի կողմից իրականացվող խոշոր ու երկարաժամկետ ծրագրերի շրջանակում: Համագործակցության մեծ հեռանկարներ են առկա հատկապես Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման առումով: ԱԶԲ աջակցությամբ արդեն իսկ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել, մատնանշվել են համայնքների զարգացման հեռանկարները, եւ IDeA -ն այս ուղղությամբ հեռուն գնացող մտադրություններ ունի: Հուսով ենք, որ այս համագործակցության արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն»,-ընդգծեց նա:
Դեյվիդ Դոուլը, կարեւորելով փաստաթղթի ստորագրումը, նշեց. «Ասիական զարգացման բանկը համագործակցում է կառավարության, զարգացման կազմակերպությունների հետ, ինչպես նաև խորհրդակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ներդրումների համակարգման և Հայաստանում առաջնահերթ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ: IDeA հիմնադրամի հետ ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն, ինչը կզարգացնի փորձի փոխանակման և խորհրդատվության ներուժը՝ նախագծելով և իրականացնելով երկարաժամկետ և կայուն լուծումներ երկրի համար: ԱԶԲ-ն և IDeA հիմնադրամը առաջնահերթություն են տալիս աղքատության նվազեցմանն ու ենթակառուցվածքային զարգացմանը: Համագործակցության առաջին քայլերը կարող են ներառել փոխադարձ խորհրդատվություններ և երկրի ռազմավարությունների քննարկում: ԱԶԲ-ի քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակում կքննարկենք նաև Դիլիջանի ենթակառուցվածքների զարգացման պլանները:
Այս փոխըմբռնման հուշագիրը հիմնված է փոխադարձ բարի կամքի դրսևորման և Հայաստանի զարգացմանը, տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում նրա դիրքերի ամրապնդմանը նպաստելու պատրաստակամության վրա»:
Ասիական զարգացման բանկի մասին
ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 13թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ դոլար՝ ներառյալ 6.6 միլիարդ դոլար համաֆինանսավորում:
Սկսած 2005թ-ից ԱԶԲ-ն հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերը և աջակցում է երկրի զարգացման օրակարգի, տնտեսական աճի և բարեփոխումների իրականացմանը: Հայաստանում մշտական առաքելության (ՀՄԱ) գրասենյակը բացվել է 2008թ-ին: Այն ապահովում է կապը ԱԶԲ-ի և Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության միջև:
Մանրամասների համար՝ www.adb.org/armenia; Facebook էջ ADB Armenia.