Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքված, գերհասունացած սոճու փոխարեն Իջեւանում 30 ծառ է տնկվելու

Մայիս 04,2015 18:25

2015թ. ապրիլի 20-ին Իջեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Դավիթ Ղազարյանը հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին՝ Իջեւանի քաղաքապետարան գրավոր հարցում է կատարել քաղաքի Աբովյան փողոցի 50 հասցեում գտնվող երկհարկանի կառույցի հարեւանությամբ սոճու հատման հիմնավորումների մասին:

Ապրիլի 30-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրավոր պատասխանում նշել է, որ այդ ծառը սանիտարական հատման է ենթարկվել եւ տրամադրել է դա հիմնավորող փաստաթղթերը: Ըստ դրանց՝  Իջեւանի քաղաքապետարանը 2014թ. հոկտեմբերի 10-ին գրավոր դիմել է բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին՝ խնդրելով մասնագիտական եզրակացություն տալ վերոհիշյալ սոճու հատման թույլատրելիության վերաբերյալ:

sochi-1

Այդ գրության հիման վրա եւ բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետի հանձնարարականով բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի ավագ տեսուչ Գրիգոր Եգանյանը եւ տեսուչ Գարսեւան Ամիրխանյանը նշված տեղանքի տեղազննություն են կատարել: Դրա հիման վրա կազմված եւ հոկտեմբերի 12-ին քաղաքապետարան ուղարկված մասնագիտական եզրակացության մեջ նշված է, որ նշված ծառը գերհասուն է, թեքված, ինչը վտանգ է ներկայացնում շենք –շինությունների եւ շրջակա միջավայրի համար: Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանը մեզ հայտնեց, որ նշված ծառն իսկապես թեքված էր եւ վտանգ էր ներկայացնում: Սոճու հատումը կատարվել է քաղաքապետարանի աշխատակիցների եւ Արազ Մելիքսեթյանի կողմից, ում երկհարկանի կառույցին խանգարում էր սոճին:

2015թ. ապրիլի 14-ին Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը եւ Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 32 տան բնակիչ Արազ Մելիքսեթյանը կնքել են պայմանագիր այն մասին, որ հատված սոճու համար Արազ Մելիքսեթյանը պարտավորվել է քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքում տնկել մշտադալար ծառի 30 տնկիներ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կոմունալ» ՓԲԸ-ն պարտավորվել է հոգալ այդ տնկիների խնամքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Մեկ հավելում Տավուշի բնապահպանների համար: Իջևանի սոճիները, որոնք հազիվ թե 50-60 տարեկան լինեն, չեն կարող գերհասունացած լինել, քանի որ ծառերի այս տեսակն ապրում է 500 և ավելի տարի: Ինչ վերաբերվում է Աբովյան փողոցի հատված ծառին, ապա պարզ չէ, թե ինչն է պատճառ հանդիսացել հզոր արմատային համակարգ ունեցող ծառի թեքվելու համար, բնական աղետը, թե մոտակա նորակառույց շինության հինմքը, որը փորելու ժամանակ հավանական է վերացրել են արմատների մի մասը, և ի վերջո այն հատվել է շինությանը խանգարելու համար, թե իրականում վտանգավոր է եղել ”շրջակա միջավայրի” համար: Եթե հաշվի առնենք, որ Իջևանում վերջին մեկ ամսում տեղացած առատ և թաց ձյունը նշված ծառին որևէ վնաս չի պատճառել, ուրեմն այն բավականաչափ ամուր է կանգնած եղել: Միգուցե ծառը փրկելու համար ”բնապահպան” Ա.Մանուչարյանն առաջարկեր թեքված ուղղության ճյուղերի մի մասը կտրատելով, գոնե մասնակի, վերականգնել ծառի հավասարակշռությունը, չնայած…?:

  2. Անահիտ Խաչատրյան says:

    Շնորհակալություն քաղաքապետարանի ողջ անձնակազմին քաղաքի զարգացմանը և կանաչապատման համար, քանի որ մինչ նոր իշխանությունների ընտրվելը, ականատես ենք եղել այդ 20 տարիներին միայն քարուքանդ և ավերածություններ: Կրկին անգամ Շնորհակալ եմ Վարդան Ղալումյանի թիմին, ապրեք որ դուք կաք, մեր կողքին եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031