Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիտնականների ուշադրության կենտրոնում օտար լեզուների հիմնախնդիրներն են

Մայիս 04,2015 17:59

«Օտար լեզուների դասավանդման արդի խնդիրները» խորագրով միջհամալսարանական գիտաժողովն այսօր մեկնարկեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Գիտաժողովը միջհամալսարանական նախաձեռնություն է, որը նվիրված է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի ստեղծման 5-ամյակին: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը բարձր գնահատելով ամբիոնի աշխատանքներն ու ձեռքբերումները ողջունեց գիտաժողովի մասնակիցներին:

Պարոն Պետրոսյանը փաստեց, որ ամբիոնի գործունեության 5 տարիների ընթացքում դասախոսները հրատարակել են մի շարք արժեքավոր մասնագիտական գրքեր ու բառարաններ, որոնք ոչ միայն նպատակային են, այլև կարևոր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման կարևոր փուլում. «Ապագա դիվանագետների և միջազգայնագետների պատրաստման բարդ առաքելությունը բարձրակարգ մասնագետներ են ստանձնել»:

Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի անցած հնգամյա ուղին ներկայացրեց ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը: Պարոն Չալըմյանը նկատում է՝ ամբիոնի ստեղծումն ինքնանպատակ չի եղել, այլ պարզապես վաղուց հասունացած անհրաժեշտություն էր: Ամբիոնի վարիչը նշեց նաև, որ անցած 5 տարիների ընթացքում ամբիոնը դժվարին ճանապարհ է անցել՝ միաժամանակ ծավալելով բեղմնավոր գործունեություն:

Գիտաժողովում քննարկվեցին ֆակուլտետում ինը օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, չինարեն, ճապոներեն) դասավանդվող դիվանագիտական լեզվի ուսուցման առանձնահատկությունները, նորագույն գիտամեթոդաբանության կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև արդի պահանջներին համապատասխան ուսումնական գրականություն ստեղծելու խնդիրները:

Հավելենք նաև, որ զեկուցումներով հանդես եկան նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

«Միջմշակութային հաղորդակցական հմտությունների ձևավորումը «դիվանագիտական հաղորդակցում (թուրքերեն)» դասընթացի շրջանակներում» վերտառությամբ զեկույցի հեղինակը ԵՊՀ դասախոս Լուսինե Քեռյանն էր: Երիտասարդ գիտնականը կարծում է, որ մեր օրերում օտար լեզուների ուսուցումը անհրաժեշտ բաղադրիչներից է, իսկ դիվանագետների և միջազգայնագետների համար օտար լեզվին տիրապետելը խոր անհրաժեշտություն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել նրանց աշխատանքային գործունեությունը:

«Միջմշակութային հաղորդակցական ունակությունների զարգացման տեսանկյունից կարևոր է, թե ինչ մեթոդներով, ձևերով է իրականացվում մասնագիտական կողմնորոշման լեզվի ուսուցումը: Ուսուցման ընթացքում առաջարկվում է ինտերակտիվ մեթոդով դասընթացի կազմակերպում, որի ժամանակ անհրաժեշտ է ապահովել լեզվակիր դիվանագետին հատուկ բնական, իրական խոսքային իրադրություն»,- նշեց զեկուցողը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031