Այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունում Մամուլի ազատության համաշխարհային օրվա (մայիսի 3) կապակցությամբ տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը:
Մրցանակն այս տարի շնորհվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանին՝ լրագրության մեջ մարդակենտրոնության և խանդավառության լավագույն համադրման համար:
«Այս մրցանակն իրականում ստանում է «Երկիր Մեդիայի» ողջ ստեղծագործական կազմը: Շնորհակալ եմ և հույս ունեմ, որ հետագա տարիներին շատ ավելի տաղանդավոր լրագրողներ այս մրցանակը կստանան»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված այս մրցանակը սահմանվել է 2006 թ.՝ Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկինում՝ «Ինտերնյուս-Հայաստան») և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից:
«Ես շատ ուրախ եմ, որ այս երեք կազմակերպությունների ներկայացուցիչներով ամեն անգամ ոչ թե րոպեների ընթացքում ենք որոշում, թե ով է այն լրագրողը, որն արժանի է դառնալու տվյալ տարվա մրցանակակիրը, այլ երկար ուսումնասիրում ենք, քննարկում, վերլուծում, կարծիքներ հարցնում և հետո նոր գալիս ընդհանուր հայտարարի»,- ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը՝ հավատացնելով, որ դեռևս ոչ մի տարի դժգոհություն չի եղել իրենց որոշումից, ոչ մեկը չի ասել՝ իսկ ինչո՞ւ հենց այդ լրագրողը:
«Այս տարի ընտրվեց հեռուստալրագրող, որը նոր անուն չէ, և որն իր հաղորդումներում կարողանում է ապահովել խոսքի ազատություն, որևէ կաշկանդվածություն չունի»,- իրենց ընտրությունն այսպես բացատրեց Ա. Գևորգյանը:
Օգտվելով առիթից՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը նաև հորդորեց լրագրողներին ճիշտ օգտագործել սոցիալական ցանցի տված հնարավորությունները: «Որևէ մեկի մասին չարախոսելով, չճշտված տեղեկատվություն տարածելով մի աղավաղեք սոցցանցերի նշանակությունը, որովհետև հանրությունը ոչ մի տեղից ավելի շուտ չի կարող տեղեկատվություն ստանալ, որքան սոցցանցերից, և շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը հավաստի լինի»,- ընդգծեց Ա. Գևորգյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները՝ Հերիքնազ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ