Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկը բոլորի փոխարեն ստորագրում է. Կալանավորները, ըստ օմբուդսմենի, չեն զբոսնում

Մայիս 04,2015 17:45

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցը:

Օմբուդսմենի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը ներկայացրեց զեկույցում արդարադատության ոլորտում առկա խնդիրները:

Օրենսդրությամբ նախատեսվում է դատապարտյալի հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի, մարմնամարզության, 8-ժամյա գիշերային քնի իրավունքը, իսկ դատապարտյալի զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ դրա համար նախատեսված բացօթյա տարածքում: Սակայն, զեկույցի համաձայն, ազատազրկված անձանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ զբոսանքի իրավունքը դատապարտյալներն իրացնում են ոչ լիարժեք:

Մասնավորապես, որոշ դեպքերում զբոսանքները կազմակերպվել են աշխատանքային օրերին, իսկ կիրակի օրերը ոչ բոլոր ՔԿՀ-ներում են տալիս այդ հնարավորությունը: Պատճառն այն է, որ ՔԿՀ-ների աշխատակիցները բավարար չեն՝ կալանավորների զբոսանքը պատշաճ կազմակերպելու համար: Բացի այդ, («Նուբարաշեն», «Արթիկ», «Վանաձոր» ՔԿՀ-ներում մատյաններում արձանագրված են մեծ թվով ազատազրկված անձանց՝ զբոսանքից միաժամանակյա հրաժարման դեպքեր, որոնց դիմաց միայն մեկ կալանավոր է ստորագրել՝ բոլորի փոխարեն:

Ըստ զեկույցի, քանի որ խցերը գերբեռնված են, հնարավոր է հերթափոխով են քնում, դրա համար հրաժարվում են զբոսանքից:

Սակայն արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը հերքեց, որ նման խնդիր կարող է լինել եւ կալանավորը զրկվի զբոսանքի իր իրավունքից. «Դատապարտյալների զբոսանքի իրավունքները պահպանված են: 22 տոկոսը կրթական-մշակութային միջոցառումների է մասնակցում: Աբովյան ՔԿՀ-ում անչափահասների 100 տոկոս մասնակցություն կա համապատասխան միջոցառումներին: Որ դատապարտյալների փոխարեն 1 հոգի ստորագրի, չենք հանդիպել նման դեպք: Մի կատեգորիա կա, որ չեն ուզում զբոսանքի գնալ եւ չեն էլ ստորագրում»:

Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները վստահեցրին. «Ազատազրկվածներն են պատմում, որ այո՛, մեզանից մեկն է ստորագրում: Նույնը մատյաններում են արձանագրվել: Միգուցե ազատազրկվածների միջանձնային հարաբերությունների արդյունք է կամ կադրային պակաս»:

ՄԻՊ-ի ներկայացուցիչները նաեւ ասացին, որ կալանավորները գումարի դիմաց գնում են քրեակատարողականների հիվանդանոցներում են պառկում՝ ավելի լավ պայմաններում անցկացնելու համար, գնում են հանգստանալու:

Միքայել Մինասյանը վստահեցրեց, որ հիվանդանոցներում հանգստանալու համար չեն գնում, այդպիսի պայմաններ չեն:

_0862 _0861 _0860

Հանձնաժողովում նաեւ քննարկվեցին օմբուդսմենի զեկույցում տեղ գտած Հատուկ քննչական ծառայության հետ կապված խնդիրները:

Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ԶԼՄ-ների հրապարակումները որպես քրգործ հարուցելու առիթ պետք է լինեն, սակայն 2013-ից բազմաթիվ դեպքեր, տեսանյութեր են եղել այս կամ այն պաշտոնատար անձի կողմից իրավախախտման վերաբերյալ, բայց ոչ բոլոր դեպքերում են արձագանքվել եւ քրգործ հարուցել՝ դրանց հիման վրա. «Օրինակ, հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից գործադրված ֆիզիկական ուժի դրսեւորումների վերաբերյալ հրապարակումներին է խոսքը վերաբերում եւ այլ դեպքերին»:

ՀՔԾ պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը նշեց, որ չի բացառվում, որ լինեն հաղորդումներ, որոնք իրենց ուշադրությունից դուրս մնացած լինեն. «ՀՔԾ-ն պարտականություն չունի իր վրա ուսումնասիրելու ամբողջ մամուլը: Մենք չենք հասցնի: Ինչ տեսել ենք՝ արձագանքել ենք: Ինչ չենք նկատել՝ ցույց են տվել մեր գործընկերները: Սրա տակ ես լուրջ բան չեմ տեսնում: Եթե կոնկրետ դեպքեր կան, ուղարկեք»:

Ըստ Մուշեղ Բաբայանի՝ «մենք մամուլի խոսնակ ունենք, ուսումնասիրում է, բայց մեր վրա չկա պարտավորություն ուսումնասիրելու մամուլը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031