Մայիսի 1-ի երեկոյան մարդաշատ էր Լոնդոնի եւ Եվրոպայի լավագույն եւ ամենամեծ համերգասրահներից մեկը՝ «Ռոյալ ֆեստիվալ հոլը»: Բրիտանական պահանջկոտ երաժշտասերների դատին էր ներկայացվել բավականին հավակնոտ մի ծրագիր՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը եւ Բեռլիոզի «Սիմֆոնի ֆանտաստիկը»:
Հանրահայտ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը այդ երեկո ղեկավարում էր ճանաչված կոստառիկացի դիրիժոր Ջանկառլո Գերեռոն, իսկ մենակատարն էր մեր երիտասարդ ու տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Իր դեռեւս կարճ, սակայն շռնդալից համերգային գործունեության ընթացքում Նարեկին արդեն իսկ հաջողվել է հանդես գալ միջազգային բազմաթիվ ճանաչված բեմերում, այդ թվում նաեւ Լոնդոնում։ Այնուամենայնիվ, սա, որպես մենակատար, նրա առաջին խոշոր համերգն էր Ռոյալ ֆեստիվալ հոլում:
Երաժշտասերները գիտեն, թե որքան բարդ ու պատասխանատու գործ է երաժշտի համար Դվորժակի թավջութակի կոնցերտը։ Մեծանուն չեխ կոմպոզիտորն այն գրել է Նյու Յորքում` 1894-95 թվականներին։ Այն բացառիկ մեղեդային է. հեղինակն իր գլուխգործոցում առատորեն գործածել է հարազատ Բոհեմիայի ֆոլկլորային ելեւէջները, թեեւ ակնհայտորեն նկատելի է նաեւ ամերիկյան երաժշտության ազդեցությունը։ Կոնցերտը, միեւնույն ժամանակ, բավականին խրթին է ու մենակատարից պահանջում է ոչ միայն մեծ կատարողական վարպետություն, այլեւ՝ հոգեկան ու զգայական լուրջ նվիրում։ Դա է թերեւս հիմնական պատճառներից մեկը, որ այս երկին միայն փորձառու եւ «հանդուգն» երաժիշտ-կատարողներն են համարձակվում անդրադառնալ։ Նարեկը հիանալի էր. նա թեՙ համարձակորեն գործածում էր իր վիրտուոզ կատարողական կարողությունները, եւ թեՙ արտաբերում ամենահուզական ելեւէջները: Նա կարծես թե մի նոր «ընթերցում» էր առաջարկել հանդիսատեսին: Աշխարհի տարբեր բեմերում, ինչպես նաեւ հին ձայնագրություններով լսել եմ լավագույն թավջութակահարների կողմից այս երկի մեկնաբանությունները, սակայն, անկասկած, Նարեկին հաջողվեց այդ երեկո մատուցել իր սեփականը։ Դվորժակի բոհեմիական հնչյունները, որոնք ընդունված է կատարել պաթոսով՝ խրոխտ, գրեթե մարտական ոգով, Նարեկը հղկել էլ ու մեղմացրել։ Նա ոչ միայն նվագում էր, այլ կարծես թե մտերմիկ ու ինտիմ զրույցի էր բռնվել իր թավջութակի հետ։ Երբ կոնցերտի միջնամասի Adagio-ում աղեղի նուրբ սահումները արտաբերում էին կախարդական ու դյութիչ հնչյունները՝ ակամայից հիշեցի «Կնոջ բուրմունքը» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ Ալ Պաչինոյի կույր հերոսը ռեստորանում պարում է տանգո անծանոթ գեղեցկուհու հետ։ Նման մի պար՝ կրքոտ, սակայն եւ շատ զգուշավոր, Նարեկն էր պարում իր թավջութակի հետ:
Կոնցերտի ավարտական հնչյունները կամաց-֊կամաց մարեցին… Ռոյալ ֆեստիվալ հոլի 2,200 տեղանոց դահլիճը գրեթե լիքն էր, ազատ աթոռներ քիչ էին նշմարվում: Ու թնդաց այդ բազմությունը. «Բռավոներ» էին լսվում բոլոր անկյուններից: Հանդիսատեսը ոչ մի կերպ չէր ցանկանում բաց թողնել Նարեկին եւ նա վերադարձավ «անկորի»: Սակայն, մինչ ժամանակակից իտալացի կոմպոզիտոր Ջովանի Սոլիմայի «Ողբը» (Lamentatio) սկսելը, Նարեկը բեմից մի փոքրիկ հայտարարություն արեց: Նա նշեց, որ 2015 թվականը հատուկ ու կարեւոր տարի է հայերի համար: «Իսկ գիտե՞ք, որ ես էլ եմ հայ»,- հպարտ հայտարարեց նա, որին անմիջապես հետեւեցին բուռն ծափահարություններ: Ես նույնպես «վարակվեցի» ու իմ կողքին նստած անգլիացիներին ու ամերիկացիներին հպարտությամբ ասացի, որ ես էլ եմ հայ… Նարեկը շարունակեց եւ նշեց, որ «անկոր» կատարումը նվիրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դահլիճը նորից թնդաց ծափահարություններից: Ի դեպ, նշեմ, որ հայերը այդքան էլ շատ չէին համերգին: Ներկա էր ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, իր տիկնոջ հետ, եւ բրիտանահայ համայնքի ընդամենը մի քանի երաժշտասեր ներկայացուցիչ:
Կարդացեք նաև
Սոլիմայի փոքր, սակայն վառ արտահայտչական ու բավականին բարդ այդ գործը Նարեկը ինչպես ժողովուրդն է ասում՝ «քանդակեց»: Նա ոչ միայն նվագում էր, այլ նաեւ երգեցողությամբ ինքն իրեն ուղեկցում: Գործը տխուր էր՝ իսկական ողբ, որը սակայն ավարտվեց հաղթական հնչյունների պայթյունով: Եվ դա, կարծես թե մեր հայ ազգի վերապրումն ու վերածնունդն էր խորհրդանշում: Երկար ու անդադար ծափեր էին հնչում մոտ 5 րոպե: Դահլիճը Նարեկին ճանապարհում էր հոտնկայս:
Փոքրիկ, սակայն կարեւոր մի մանրուք եւս նշեմ. համերգն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվում էր BBC-ի կողմից՝ BBC Radio 3-ով։ Հետևաբար` այս հիանալի համերգին եւ Հայոց ցեղասպանության մասին Նարեկի խոսքերին ունկնդիր եղավ BBC-ի բազմահազարանոց լսարանը:
Համերգն ավարտվեց ու տուն վերադարձա մեծապես տպավորված, հուզված ու, որ ամենակարեւորն է՝ հպարտ: Հպարտ, որ ունենք Նարեկ Հախնազարյանի նման երիտասարդ տաղանդներ, որոնք ամբողջ աշխարհին ի լուր եւ ի տես հայտարարում են՝ մենք եղել ենք, կանք ու կլինենք: Շնորհակալ ենք քեզնից Նարեկ…
Արա ՄԱՐԳԱՐՅԱՆ