Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. «Դա այն արդյունքը չէ, որ կուսակցությունն ակնկալում էր» (Տեսանյութ)

Մայիս 04,2015 17:23

Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով նվազագույն շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, որոնցից 2-ը ընդդիմադիր կուսակցություններ են` Ազգային վերածնունդ կուսակցությունը եւ «Շարժում 88»-ը:

Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք փորձում են շնորհավորանքներ չընդունել, քանի որ դա այն արդյունքը չէ, որ կուսակցությունն ակնկալում էր. «Բավականին դաժան պայմաններում այս արդյունքները ձեռք բերեցինք, սակայն այնուամենայնիվ, մենք ավելին էինք սպասում: Մեզ համար կանխատեսելի էր: Մենք քարոզարշավի ընթացքում ասել էինք, որ ռեսուրսների կենտրոնացումը Արցախում մի վիճակի է բերելու, երբ անընդհատ իշխանության վերարտադրություն է տեղի ունենալու եւ տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը մի ուժի ձեռքում բերելու է հասարակության տարբեր ոլորտներում սաստիկ լճացման եւ ընդհանրապես այլընտրանքի վերացման: Այն, ինչ այսօր տեսնում ենք, այն փոքր տոկոսները, որ ստացել են ընդդիմադիր կուսակցությունները այս ամենի արդյունքն է»:

Նա նշեց, որ Ազգային վերածնունդ կուսակցությունը Ազգային ժողովում փորձելու է ինքնակազմավորման տարբեր մեխանիզմներ ստեղծել հասարակության ինքնակազմավորման համար. «Մեր հասարակության ինքնակազմակերպման բացակայության պատճառով է, որ այսօր իշխանությունը ամբողջովին վերահսկում է հասարակությանը: Հասարակության ցանկացած անդամի վրա, իշխանությունն ունի ազդելու իր մեխանիզմները: Միայն հասարակության ինքնակազմակերպումը թույլ կտա վերացնել այս սոցիալական կախվածությունը, որ գոյություն ունի Արցախում»:

Հարցին, թե Ազգային վերածնունդ կուսակցությունը պատրաստվո՞ւմ է համագործակցել այլ խորհրդարանական խմբակցությունների հետ, նա պատասխանեց. «Մենք պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ: «Շարժում 88»-ը փաստորեն ներկայանալու է խորհրդարանում Վիտալի Բալասանյանով եւ Էդուարդ Աղաբեկյանով, նրանք մեր ընկերներն են, մենք նրանց հետ աշխատել ենք անցյալ նախագահական ընտրությունների ընթացքում: Այսինքն` եթե իրենք խորհրդարանում ընդդիմադիր դաշտում լինեն, ապա համագործակցությունը հնարավոր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031