Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Մայիս 04,2015 17:20

Վաշինգտոն- Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը (The United States Holocaust Memorial Museum) հատկանշական հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Թանգարանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ» վերնագրով հայտարարությունը սկսում է հետևյալ կերպ. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը հիշում է հայ ժողովրդի կրած տառապանքը»:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կառավարությունը, որը ղեկավարվում էր Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից, համակարգայնորեն ոչնչացրեց հայ էթնիկ ներկայությունը իր կայսրության Անատոլիայի շրջանում»: Թանգարանի հայտարարությունը նաև մեջբերում է Ռաֆայել Լեմկինին, ով ներկայացրել է «ցեղասպանություն» բառը` բացատրելով, որ. ««ցեղասպանություն» եզրի ծագումը բխում է մասամբ 1915-16թթ. սկզբներին Անատոլիայում, մասամբ էլ` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերից»:

Ի հավելում պատմական հայտարարության, այժմ Թանգարանը ցուցադրում է «Հատուկ ուշադրություն» բաժինն իր առցանց ցուցադրություններում` նվիրված Հայոց ցեղասպանությանը, որը տրամադրում է հիմնավոր տեղեկատվություն, պատկերներ և ականատեսների ընտրյալ վկայություններ Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի տեսային պատմության արխիվից: «Հատուկ ուշադրություն»-ը նաև տրամադրում է հավելյալ տեղեկատվության հղումներ` ներառելով Հայոց ցեղասպանության ավելի խորքային նկարագրությունը Թանգարանի առցանց Հոլոքոստի հանրագիտարան բաժնում:

 

Ընթերցողներին նաև քաջալերվում է կարդալ Թանգարանի պատմաբան Էդնա Ֆրայդբերգի ապրիլի 17-ի հոդվածը Ֆրանց  Վերֆելի «Մուսա լեռան 40 օրվա» մասին, որը վերնագրված էր «Ինչպես Հայոց ցեղասպանության մասին վեպը դարձավ բեսթսելլեր Վարշավայի գետտոյում» հրեական «Forward» օրաթերթում:

1993թ.ից ի վեր Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանն (The United States Holocaust Memorial Museum) ԱՄՆ ազգային հաստատություն է՝ ուղղված Հոլոքոստի պատմության վերաբերյալ փաստաթղթերի հավաքմանը, ուսումնասիրությանն ու մեկնաբանմանը և ծառայում է որպես այս երկրի կողմից ստեղծված հուշային կառույց` ի հիշատակ Հոլոքոստի ժամանակ սպանված միլիոնավոր մարդկանց:

«Ամերիկայի հայկական համագումարի, Հայ ազգային ինստիտուտի և նորաստեղծ առցանց Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարան կայքի անունից շնորհակալություն ենք հայտնում Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանին` ամբողջ աշխարհի մյուս հաստատություններին և կազմակերպություններին միանալու համար` հիշատակելու Հայոց ցեղասպանությունը: Մեծապես գնահատում ենք հիմնադրումից ի վեր Թանգարանի` Հայոց ցեղասպանությանն ուղղված շարունակվող ուշադրությունը դասախոսությունների, ցուցադրությունների և հրատարակությունների միջոցով»,- հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031