«Ես Ամերիկայում դեռ չեմ տեսել, որ ընտրություններին բնակչության մասնակցությունը մոտենա 70 տոկոսի»,- մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի պատվիրակության անդամ, Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհրդի անդամ Անդրեաս Բորխեսը:
Նրա խոսքերով` Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ եւ համապատասխանել են միջազգային չափորոշիչներին: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ում իրենք կարող են մի փոքր լավ ցուցանիշ ցույց տալ:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները` Անդրեաս Բորխեսը ներկաներին հիշեցրեց, որ ԱՄՆ-ն դաշնային երկիր է, եւ նրա մի քանի նահանգներ ճանաչել են Արցախը. «Այդ գործը մի անգամից տեղի չի ունենա, այլ` աստիճանաբար: Կարծում եմ, որ արդեն նկատում եք այդ աստիճանաբար ճանաչումը: Ձեր ԱԺ 6-րդ գումարման ընտրություններին մենք նկատեցինք, որ ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության չափորոշիչներին»:
Նա զարմանալի չի համարում, որ ընտրությունների ընթացքում սահմանային վիճակը լարված է: Նա կարծիք հայտնեց, որ սահմանային լարվածությունը կշարունակվի նաեւ հետագայում, երբ Լեռնային Ղարաբաղում կրկին ընտրություններ լինեն կամ այլ միջոցառումներ:
Կարդացեք նաև
Ադրբեջանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ընտրությունները Ադրբեջանի օրենքների խախտում է: Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն այդ հայտարարությունը եւ արդյոք չեն վախենում, որ կհայտնվեմ Ադրբեջանի սեւ ցուցակում, պատվիրակության անդամ Քարին Մակդոնալդը ասաց. «Ես արդեն Ադրբեջանի սեւ ցուցակում եմ. Ես արդեն երկրորդ անգամ եմ Ղարաբաղ այցելել: Մենք պրոֆեսիոնալ հետազոտողներ ենք: Չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանը կարծում, թե կարող է մեզ ասել ինչպես աշխատենք: Սա այն է, ինչ մենք անում ենք ապրելու համար, մենք անաչառ պրոֆեսիոնալներ ենք, որոնք իրենց աշխատանքն են կատարում»:
Մանրամասները` տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ