Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչումների նոր ալիք է սպասվում (Տեսանյութ)

Մայիս 04,2015 16:49

«100-րդ տարելիցի ոգեկոչումը չի ավարտվում ամսի 24-ով»,- սա կարեւոր ուղերձն է, որն այսօր հայ հանրությանը հարկ համարեց փոխանցել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա մանրամասն ներկայացրեց միջոցառումների շարքը, որոնք շարունակվելու են մինչեւ տարեվերջ, անգամ մինչեւ մյուս տարի:

https://www.armgenocide 100.org/ կայքը, որը հասու է հինգ լեզուներով, ակտիվ շարունակելու է աշխատել: Վիգեն Սարգսյանը կայանալիք միջոցառումներից առանձնացրեց հունիսին Կաննում տեղի ունենալիք միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ մեծարվելու է Կոմիտասի ժառանգությունը: Հայաստանն այնտեղ ներկայացված կլինի հատուկ հրավիրյալի կարգավիճակով: Հուլիսին Երեւանում կկայանա միջազգային ցեղասպանագետների 12-րդ համաժողովը, մասնակցելու համար գրանցվածների թիվն արդեն հասնում է 400-ի: Օգոստոսին համահայկական հերթական խաղերն են, որտեղ էական է լինելու Թուրքիայի հայերի մասնակցությունները եւ այլն: Սեպտեմբերին Էջմիածնում մյուռոնօրհնության արարողություն էլ կլինի:

Վիգեն Սարգսյանը կարծում է, որ երեք խնդիրներ, որոնք դրված էին մեր առջեւ, լիարժեք կատարվել են: Առաջինը իրազեկման խնդիրն էր, որում, ըստ բանախոսի, իրենց ուրույն ներդրումն ունեցան հայաստանյան զլմ-ները:

Նա առանձնացրեց նաեւ «Գլոբալ» համաժողովը, որը քայլ դարձավ ցեղասպանությունների հետագա կանխարգելման միջազգային հարթակ ստեղծելու համար: Նա հիշեցրեց, որ առաջարկներ եղան, որպեսզի համաժողովը դառնա կայուն պլատֆորմ`այդ հանցագործության կանխարգելման առումով եւ այդ գործի առաջամարտիկի դերը Հայաստանը ստանձնի: Կոչը, հիշեցնենք, «Գլոբալ» համաժողովի ժամանակ հնչել էր Միջազգային քրեական դատարանի նախագահի կողմից: Երրորդ խնդիրը, Վիգեն Սարգսյանի կարծիքով, Ազգային հոգեւոր միասնության խնդին էր, որ գագաթնակետը Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած սրբադասման արարողությունն էր. «Այն շատ ազդեցիկ ու հիշարժան էր»:

Վիգեն Սարգսյանի կողմից կարեւորվեցին SOAD-ի, 24.04 նվագախմբի համերգները: Դրվատանքի խոսքեր հնչեցին կատարողների հասցեին: Վիգեն Սարգսյանն ասաց, որ այսօր արդեն կարող է պնդել`SOAD-ի համերգի գաղափարն ու այդ օրը խմբի Հանրապետության հրապարակում գտնվելը, լավ ու ճիշտ գաղափար էր: Նա շնորհակալություն հայտնեց խմբի անդամներին`իրենց նվիրումի ու աշխատանքի համար: Բանախոսն իր հիացմունքը եւ երախտագիտությունը հայտնեց հանրության բոլոր հատվածներին`միասնականության համար: Ասաց, որ 100-ամյա տարելիցի միջոցառումներին լավ պատրաստվեցին ու բացառիկ մեծ դեր ունեցան պետական կառույցները: Հատուկ շնորհակալության արժանացան ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը, ՏԿԱԻՆ-ը, ՊՆ-ն, Սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության նախարարությունները, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, լուսանկարիչ Կարեն Միրզոյանը եւ այլք:

Նախագահի աշխատակազմի ղեկավարն այն կարծիքին է, որ առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչումների նոր ալիք է սպասվում. մի քանի խորհրդարաններում նման նախագծեր կան:

Կայացած եւ կայանալիք միջոցառումների մասին բավական մանրամասն պատմեց նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը`կարեւորելով դրանցից յուրաքանչյուրի կայացումը ու ներդրումը:

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Վիգեն Սարգսյանին խնդրեց մի փոքր մասնավորեցնել՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում նկարահանված եւ նկարահանվող ֆիլմերն ի՞նչ միջոցներով են ստեղծվում: Պարոն Սարգսյանն ասաց, որ կինոարտադրության ոլորտում  մեկենասը Սամվել Ալեքսանյանն է: Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ կինեմատոգրաֆիայի ոլորտում պետությունը պատվեր չի իջեցրել, քանզի համոզված է, որ պատվերը կծառայեր քարոզչական նպատակին՝ ստվերելով գեղարվեստական արժեքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031