Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական բաժանմունքում Անիին ստիպել են մերկանալ ու մի քանի անգամ կքանստել

Մայիս 04,2015 16:43

«Հատուկ քննչական ծառայության գործունեության գնահատականը» թեմայով քննարկմանը «Մեդիա կենտրոնում» մասնագետները մտահոգություն հայտնեցին ոստիկանական բաժանմունքում քաղաքացիների հանդեպ գրանցված ապօրինությունների, ՀՔԾ-ի աշխատանքում գոյություն ունեցող թերությունների մասին:

Անի Բոշյանի, Արմեն Շամիրյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ ոչ մի ոստիկանապետ կամ նախարար չի ընդունում, որ ոստիկանությունում կատարվել են բռնություններ քաղաքացիների նկատմամբ: Սա գալիս է նաև պրոֆեսիոնալիզմի բացակայությունից ու նշեց, թե հիմա տարածված մեթոդ է ոստիկանությունում անձանց պատանդ պահելը: Որպես օրինակ՝ բերեց Անի Բոշյանի հորը, որին պահել են ոստիկանությունում այն պայմանով, որ մինչև նրա դուստրը՝ Անի Բոշյանը չգա բաժանմունք, նրան բաց չեն թողնի:

Այնուհետև նշեց, թե ոստիկանական բաժանմունքում Անիին ստիպել են մերկանալ, ու մի քանի անգամ կքանստել՝ պատճառաբանելով, թե եղել են դեպքեր, երբ արգելված իրեր են օգտագործվել և նման միջոցով հայտնաբերվել:

Այնուհետև անտրամաբանական համարեց այն, որ Անիի գործը կարճվել է զուտ այն պատճառով, որ ոստիկանները չեն ընդունում այն տեղեկությունները, ինչ հայտնել է Անին»:

Արմեն Շամիրյանի գործով՝ Տիգրան Սաֆարյանը նշեց, թե ՀՔԾ-ն բավարար քայլեր չի կատարում. «Արմեն Շամիրյանը Հրազդան ՔՀԿ-ում էր պատիժ կրում և ղեկավարության հետ գործարքի է գնացել բջջային հեռախոսներ ներմուծել և իրացնել դատապարտյալների շրջանում, որից բաժին է ստանում նաև ղեկավարությունը: Սակայն Շամիրյանը հայտնել է այդ մասին և գործը իբր ՀՔԾ-ն է քննում, սակայն ոչ անարդյունավետ, որևէ մեկի նկատմամբ ՔՀԿ աշխատողներից մեղադրանք չի հարուցվել, մինչդեռ նրանք փորձում են ամեն կերպ ճնշում գործադրել Շամիրյանի վրա, որ իր բողոքից հրաժարվի»:

Անի Բոշյանը նշեց, որ իրեն ապօրինի 10 ժամ պահել են ոստիկանությունում ու  հոգեբանական ճնշումների և վատ վերաբերմունքի արդյունքում ստիպել գրել ցուցմունք, որը չի համապատասխանում իրականությանը: Անին նշեց. «Խոսքը կիբեր հանցագործության մասին է: Ասել են, եթե չգրես, կտեղափոխվես միանգամից կանանց գաղութ»:
Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, թե քաղաքական կամք է պետք այս խնդիրները լուծելու համար. «Անի Բոշյանի, Արմեն Շամիրյանի և Ալեքսանդր Ցվերյանովի գործերի քննությունը արդյունավետ չէ, գնում է այն ճանապարհով, որ ոստիկանները մեղք չունեն: Ուստի, հետևաբար ինչո՞ւ քաղաքացու նկատմամբ սուտ մատնության գործ չի հարուցվում: Ինքնախոստովանական ցուցմունքները չեն կարող բավարար լինել, որ քաղաքացու նկատմամբ գործ հարուցվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031