Տիգրան Խաչատրյանին (լուսանկարում) հասարակությունից մեկուսացնելու անհրաժեշտություն չկա՞: Այսօր համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողներից մեկը այս հարցը ուղղեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ NЕWS.am-ի տեղեկություններով, մայիսի 2-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս, վեճի է բռնվել զուգահեռ անցնող ավտոմեքենայի վարորդի հետ, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք: Ծեծկռտուքի արդյունքում աչքի վնասվածքով մի երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց:
«Ես էլ տեղյակ չեմ, Տիգրանն էլ տեղյակ չէ: Տիգրանն էլ էնտեղ չի եղել, որ միջադեպ լինի»,- պատասխանեց մարզպետը:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ իր որդու անունը մշտապես տարբեր սկանդալներում է շոշափվում, ասաց. «Ինչ ասեմ, դուք ավելի լավ կիմանաք»:
Կարդացեք նաև
Հարց եղավ նաեւ, թե պատրաստվո՞ւմ է նոր դիսերտացիա գրել, որովհետեւ ԲՈՀ-ի ղեկավարն ասել է, թե նման դիսերտացիա մարզպետը չի պաշտպանել, լրագրողի միկրոֆոնը հրեց մի կողմ ու ասաց. «Ո՞վ է ասում, քաշվի հա, էդ հարցին չեմ պատասխանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com