«Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ ընդունել է Հարավային Օսեթիայի խորհրդարանի ներկայացուցչին եւ «երկու երկրների միջեւ» հարաբերությունների խորացման վերաբերյալ հարցեր են քննարկվել»,- այս մասին, հղում կատարելով «Резонанси» թերթին, գրել է «Грузия Онлайн»-ը: Թերթի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Հարավային Օսեթիայի խորհրդարանի կայքում:
Նշված է, որ խորհրդարանի ներկայացուցիչ Անատոլի Բիբլիովը (լուսանկարում) ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղում: «Ցուցադրական անբարյացկամ ժեստ, Վրաստանի դիվանագիտության թուլություն եւ վկայություն այն մասին, որ Երեւանին չի հետաքրքրում, թե ինչպես կարձագանքի Թբիլիսին. այսպես են այս փաստը մեկնաբանում վրացի քաղաքագետները»,- գրել է թերթը:
Նշվում է, թե Հարավային Օսեթիայի խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր եւ ընդգծվել է երկու երկրների միջեւ ընկերական հարաբերությունների փաստը: Խոսք է եղել նաեւ Հայոց ցեղասպանության մասին:
«Հայաստանի քաղաքականությունն այսպիսին է. Հայաստանն առանձին է, Ստեփանակերտը՝ առանձին: Նրանց խոսքերով Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է եւ այդ պատճառով Երեւանը պատասխանատվություն չի կրում Ստեփանակերտում կատարվողի համար: Սակայն երբ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը Ցխինվալիի դե ֆակտո խորհրդարանի ներկայացուցչի հրավիրում է, հանդիպում է նրա հետ, դա վրացական դիվանագիտության թուլությունն է եւ վիրավորական է: Վրաստանի դիվանագիտությունը մուտք չունի Ցխինվալի, սակայն Երեւանի հետ խոսել ոչ ոք չի խանգարում»,- «Резонанси» թերթի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Կարդացեք նաև
Հավելենք, որ «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Գալուստ Սահակյանի եւ Անատոլի Բիբլիովի հանդիպման մասին տեղեկությունները, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասել է, որ հանդիպումը կրել է բացառապես մասնավոր բնույթ եւ պաշտոնական հարց չի քննարկվել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ