Լրահոս
Օրվա լրահոսը

Միջատները կծում են կալանավորներին, «զոն նայողները» 18 հոգու լցնում են 1 խուց. ԱԺ-ում օմբուդսմենի ահազանգը

Մայիս 04,2015 15:35

ԱԺ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցը:

Օմբուդսմենի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ արդարադատության համակարգի խնդիրներին, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածությանը, սանիտարահիգիենիկ պայմաններին եւ սննդին:

Զեկույցի համաձայն, Նուբարաշեն ՔԿՀ-ում բազմաթիվ ազատազրկվածներ բողոքել են խցերում առկա միջատներից, որոնք լուրջ անհանգստություն են պատճառել կալանավորվածներին՝ կծել նրանց ձեռքերն ու ոտքերը: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում դեռեւս չկան երկարատեւ տեսակցության սենյակներ, դեռեւս որոշ խցերում զուգարաններն առանձնացված չեն:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի շենքը նախատեսված է 154 ազատազրկված պահել, սակայն օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների  այցի ժամանակ փաստացի եղել է 214 ազատազրկված, «Կոշում» առավելագույնը 640 պետք է լիներ, այցի պահին փաստացի գտնվել է 739 ազատազրկված: Գերբեռնված են եղել նաեւ «Սեւան», «Հրազդան» ՔԿՀ-ները:

Տաթեւիկ Խաչատրյանը պատմեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում այցի պահին պահվել է 18 ազատազրկված, իսկ խցում տեղադրված է եղել 12 մահճակալ. «1 քմ-անոց խցեր կան, որտեղ բնակվում են 4 հոգի, 8 հոգի եւ 18 եւ ավելի անձինք: Քրեական աշխարհի ներկայացուցիչներ կան՝ «զոն նայողներ» և, ըստ երևույթին, դա է պատճառը, որ մի խցում 4 կալանավոր է, մյուսում՝ 18»:

_0857Արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանն արդարացավ, որ խնդիր կա, բայց նախկին դատվածությունը, վտանգավորությունն են հաշվի առնում խցերում բաշխելիս: Նա նշեց, որ ՔԿՀ-ներում նաեւ այլ կատեգորիաների մարդիկ կան՝ հացադուլավորներ:

Elinar Vardanyan«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում զուգարանների առանձնացման խնդրի մասին խոսելիս՝ նախարարության ներկայացուցիչն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դժգոհեց՝ երբ խոսքը մարդու իրավունքների պահպանման մասին է, ի՞նչ է նշանակում տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել»:

Օմբուդսմենի զեկույցում նաեւ նշված է, որ դատապարտյալների արտաքին բուժզննումը ձեւական բնույթ է կրում. «Կիսամութ սենյակում բժիշկը հեռավորության վրա ասում է՝ հանի տաբատդ, մենք ներկա ենք եղել: Այն ձեւական է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031