Թափոնների կառավարման հարցում մեր երկիրը խիստ հետ է մնացել համաշխարհային գործընթացներից: Այսօր «Հայելի» ակումբում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Ըստ տիկին Դանիելյանի, կառավարությունը որեւէ լուրջ խնդիր չի տեսնում թափոնների կառավարման հարցում, մինչդեռ հենց միայն թունավոր թափոնների գերեզմանները լուրջ խնդիր են մեր երկրի համար: Կարինե Դանիելյանի տվյալներով, մեր երկրում տարեկան 39-40 միլիոն տոննա թափոն է առաջանում, որից 800 տոննան կենցաղային թափոններ են: Թափոնների մեծ մասը հանքարդյունաբերական են: Ըստ տիկին Դանիելյանի, Եվրոպան հայտարարել է զրո թափոն:
Հայաստանում էլ թափոնների վերացման ուղղությամբ որոշ ծրագրեր նախատեսված են, սակայն առայժմ չնչին տոկոսով են իրականացվում: Բնապահպանը նկատում է, որ Երեւանից դուրս ճանապարհները զբոսաշրջիկներին դիմավորում են աղբով, ճանապարհում աղբով: Նրա խոսքերով, ամենուրեք` մշակութային վայրերում, բնության գրկում, գյուղերից դուրս` թափոններ են. «Տուրիստները փոխանակ հուշարձանները նայեն, տոպրակները վերցնում` աղբ են հավաքում: Ամոթից մեռնում ենք»:
Կարդացեք նաև
Ասուլիսի մյուս մասնակից, «Շողեր միություն» հ/կ ղեկավար Հասմիկ Ասլանյանի խոսքերով, եթե կոշտ կենցաղային թափոնները տեսանելի են, ապա արդյունաբերական թափոններն անտեսանելի են. «Հանքարդյունաբերական թափոնները, որոնք ռադիոակտիվ նյութեր են պարունակում, շատ վտանգավոր են: Խոսքերով գյուղատնտեսություն ենք զարգացում, բայց հերն անիծում ենք գյուղատնտեսության»:
Բնապահպան Դոլորես Ղափանցյանը, որը վերջերս այցելել էր Լոռու մարզ, մասնավորապես Ախթալա, չկարողացավ առանց հուզվելու ներկայացնել այնտեղ աչքի տեսածն ու Ախթալայի ու հարակից բնակավայրերի բնակիչներից լսածը. «Ախթալան վերածվել է ծանր մետաղներով պոչամբարների մի վայրի: Երեք բաց պոչամբար կա այդ վայրում: Առաջինը` Դեբեդ գետի ափին է որտեղ անձրեւաջրերը լվանում են պոչամբարի վտանգավոր նյութերը եւ լցնում գետը, գյուղացիներից մեկը պատմեց, որ նորատունկ դեղձի այգիների բերքը շատ անօրակ է: Դեղձի ծառերը մնացել են գաճաճ, պտուղը չորս միլիգրամ կապար է պարունակում: Մի գյուղացու հետ էլ արտասահմանյան կազմակերպությունը ցանկացել է պայմանագիր կնքել, որ չիր վերցնի, բայց երբ ստուգել են, տեսել, որ ծանր մետաղները գերազանցում են սահմանվածից` հրաժարվել են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ