Հնարավո՞ր է, որ Թուրքիայի առջեւ ԵՄ-ի դռները տեւական ժամանակով փակվեցին, քանզի վերջին շրջանում, կապված Ցեղասպանության 100-ամյակի առիթով եվրոպական երկրների խորհրդարանների կոչին, այդ երկրի ղեկավարությունը ոչ համարժեք վերաբերմունք դրսեւորեց: Այսօր Մամուլի ազգային ակումբում նման հարց տրվեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկուն:
Պարոն դեսպանը հստակեցրեց, որ այս դեպքում խոսքը վերաբերվում է եվրոպական խորհրդարանի բանաձեւին, որը կոչ էր Թուրքիային`դեմ առ դեմ կանգնել պատմական իրողություններին ու նկատեց. «Եվրոպայի համար թե Հայաստանը, թե Թուրքիան կարեւոր գործընկերներ են ու մեզ համար կարեւոր նշանակություն ունի, որ երկու երկրների հարաբերությունների բացակայությունը դադարեցվի: Լեհաստանն, ինչպես նախկինում, այժմ էլ կարեւորում է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, պատրաստ է օժանդակել դրան»:
Դեսպանը մանրամասն խոսեց լեհ-ռուսական հարաբերությունների մասին` հատուկ նշելով, որ դրանց կարգավորման հարցում մեծ դեր է խաղացել «դժվար հարցերով հանձնաժողովը»: Ասաց, որ Ուկրաինայի հետ են բավական երկար բանակցություններ ունեցել, քանի որ առաջին համաշխարհայինի ժամանակ այնտեղ էլ բավական դաժան իրադարձություններ են եղել: «Հայկական կողմից հետաքրքրության պարագայում Լեհաստանը պատրաստ է կիսվել իր փորձով: Մեզ համար ընկալելի եւ հասկանալի է ցավը`1915-ի ողբերգության առումով»,- եզրափակեց դեսպանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ