«Հուսով ենք, որ Ռիգայում կայանալիք գագաթաժողովում Հայաստանն ամենաբարձր մակարդակով ներկայացված կլինի եւ մեզ կհաջողվի արդյունքի հասնել»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին`պատասխանելով Aravot.am-ի հարցին:
Նա ՄԱԱ-ում հյուրընկալվել էր «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում: Ամսի 21-22-ին Ռիգայում կայանալու է ԵՄ գագաթաժողովը, որտեղ ակնկալվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հստակեցում`վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ տեղի ունեցած վայրիվերումներից հետո, որոնց արդյունքում Հայաստանը դարձավ Մաքսային միության անդամ:
Aravot.am-ը դեսպանից հետաքրքրվեց`Վիլնյուսում ի՞նչ փաստաթղթային տեսք կստանա կամ ի՞նչ տեսք պետք է ունենան Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
«Բանակցային գործընթացին չեմ մասնակցում, դա եվրոպական հանձնաժողովի գործառույթն է: Մի բան կարող եմ հստակ ասել`թե Եվրոպայի, թե Լեհաստանի համար, որն Արեւելյան գործընկերության ծրագրի ջատագովն ու նախաձեռնողն է, նպատակն է, որ առավելագույն սերտ համագործակցություն հաստատվի եւ Հայաստանը մոտեցվի ԵՄ-ին»,- ասաց դեսպանը, հիշեցնելով, որ, ըստ էության, բոլոր փաստաթղթերի շուրջ բանակցություններն ավարտվել էին, բայց վերջին պահին Հայաստանը Մաքսային միությանն անդամակցության որոշում կայացրեց: «Անդամակցության պահից արդեն իսկ անհամատեղության խնդիր առաջացավ` համապարփակ եւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի առումով: Սակայն դեռ բաց է մնում այն մասը, որը վերաբերում է քաղաքական համագործակցությանն ու ասոցացմանը: Թե ԵՄ-ի, թե Լեհաստանի կողմից պատրաստակամություն է հայտնվում այդ դրույթները հստակեցնել, ինչը, կարծում եմ, արվում է: Ի՞նչ կլինի փաստաթղթի անունը`կարեւոր չէ: Հայաստանը թե ԵՄ-ի, թե Լեհաստանի համար համարվում է բնական գործընկեր`հաշվի առնելով պատմական եւ քաղաքակրթական մշակութային արմատները»,- ասաց դեսպանը:
Կարդացեք նաև
Գոնե հռչակագրային փաստաթուղթ կընդունվի՞`հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Տանգոյի համար երկու անձ է հարկավոր: Կոմիսար Հանն իր վերջին այցի ընթացքում պատրաստակամություն հայտնեց պարել Հայաստանի հետ: Ինչքանո՞վ զգացմունքային կլինի պարը`կախված է մյուս զույգից»,- պատասխանեց դեսպանը:
Եվրոպական գործիչները մշտապես նախապայման են դնում այն առումով, որ Ռիգայի գագաթաժողովին ակնկալում են Հայաստանի բարձրագույն մասնակցություն: Պաշտոնական Երեւանը դեռ չի շտապում հաստատել, որ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ռիգա:
Aravot.am-ը հետաքրքրվեց`եթե Սերժ Սարգսյանը չմասնակցի Ռիգայի համաժողովին, դա հետագա հարաբերությունների առումով ցուցի՞չ կլինի: Եժի Նովակովսկին ասաց. «Քաղաքականության մեջ երբեք ոչինչ կանխորոշված չէ: Եվրոպան հստակ արտահայտվել է, որ կընդունի եւ կհարգի իր գործընկերների ցանկացած որոշում: Սակայն, ինչպես պաշտոնապես է նշվել, մենք մեր գործընկերների հետ հարաբերություններում առաջնորդվում ենք ավելին`ավելիի դիմաց, կարգախոսով: Այսինքն, որքան շատ է մեր գործընկերը հետաքրքրված համագործակցությամբ, եվրոպական կողմն այնքան պատրաստակամ է եւ ֆինանսական, եւ կազմակերպչական օժանդակություն ցուցաբերել: Առանձին դեպքերը չեն կարող փոխել կամ կանխորոշել հարաբերությունների հետագա ընթացքը, սակայն, միանշանակ է`որքան Հայաստանն իր հետաքրքրությունը կցուցաբերի, այդքան էլ Եվրոպան ընդառաջ կգնա: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական որոշ երկրների համար առաջնային չէ արեւելյան գործընկերության ծրագիրը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ