ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ մի շարք հարցեր ներկայացրեց:
Նա նախ նկատեց, որ համայնքները, հանրության շահերից ելնելով կարող են միացվել կամ առանձնացվել, ապա հարցրեց՝ ինչպես է չափվում ու ով է չափում հանրության շահը, ինչ չափորոշիչներ պետք է գործեն այստեղ: Հաջորդ հարցով նա հետաքրքրվեց՝ որքանով է տրամաբանական ու ճիշտ անմիջական ժողովրդավարության կարեւոր ինստիտուտը՝ տեղական հանրաքվեն, դրա արդյունքները հաշվի չառնելը կամ այդպիսի քայլ նույնիսկ ձեռնարկելը, թեեւ՝ Սահմանադրությամբ ձեւական կողմը պահելը: Եվ ինչքանո՞վ է սա նպաստում երկրում կամ համայնքներում ժողովրդավարացման զարգացմանը կամ ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ հարգանքի մեծացմանը:
Հաջորդ հարցը վերաբերում էր փնջային մակարդակով խոշորացման ծրագրի իրականացմանը:
«Երեք խոշորացում ենք իրականացնում, անունը դրել ենք պիլոտ, ինչու մեկ պիլոտ էլ չի կիրառվում շրջանային կառավարման համար, գուցե այդպիսի մրցակցության արդյունքո՞ւմ պետք է ծնվի լավագույն ձեւը: Եվ վերջին հարցը՝ Սահմանադրական փոփոխությունների ներկա փուլում, որքանով է տրամաբանական նման հապճեպ քայլ կատարել ու չսպասել սահմանադրական փոփոխություններին: Գոնե հայեցակարգի եւ տեքստերի մշակման ժամանակ քննարկվի ՏԻՄ մոդելի փոփոխության հարցը, սա մոդելի փոփոխություն է նշանակում, գուցե ձեւական առումով ասենք համայնք հասկացությունն ենք փոխում, բայց կառավարման համակարգն ենք փոխում»:
Կարդացեք նաև
Նրա հարցերին պատասխանեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Ըստ նրա, շրջանային ու փնջային տարբերակը չեն հակադրում. «Չի եղել մի փունջ, որ շրջանային լոգիկայի մեջ չի մտնում, նույն փնջային մակարդակում, գոնե երեք տեղեր, որոնք ուսումնասիրել ենք՝ չկենտրոնանալով շրջանի կամ փնջի վրա, մեր բոլոր չափորոշիչներով Մեղրիի վրա դուրս ենք եկել, որ պետք է այն լինի շրջան: Շրջանային մակարդակը ոչ թե մերժել ենք, այլ փնջայինով կփորձենք ինչ-որ ժամանակ դուրս գալ գործընթաց»:
Ինչ վերաբերում է հանրային շահը խոշորացման ծրագիրն իրականացնելիս չափելուն, փոխնախարարն ասաց. «1996-ին վարչական տարածքների բաժանումը հենց հանրային շահից ելնելով է իրականացվել: Հիմնավորում ենք, որ կառավարման տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի փնջային մակարդակը»:
Իսկ հանրաքվեի արդյունքները հաշվի չառնելու վերաբերյալ հարցին՝ պարոն Տերտերյանը պատասխանեց. «Պետք է կարծիք իմանալ, իսկ կարծիք իմանալու լավագույն ձեւը հանրաքվեն չէ, կարելի է սոցիալական հարցումներ անցկացնել, զրույցներ ու բացատրություններ իրականացնել, եւ այդ փաթեթով գալ ու ներկայանալ ձեզ, որ քաղաքական որոշում կայացնեք, իսկ ես վստահ եմ, որ հանրաքվեի արդյունքները ձեզ համար ոչ մի հիմնավորում չեն ունենա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ