«Դալան» ցուցասրահում բացվել է հայ ժամանակակից նկարիչ Արթուր Սարգսյանի «Փոխակերպելով իրականությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված արվեստագետն ասաց, որ խորագրի ընտրությունը կատարել է ցուցահանդեսի համադրող Եվա Խաչատրյանը: «Քանի որ ես օգտվում եմ տարբեր մեդիաներից, հին ու նոր ֆոտոներից, դրանք փոխակերպում ու կտավի մեջ՝ դարձնում եմ իմ մտածողության արտահայտությունը, փոփոխության եմ ենթարկում»,-ասաց Արթուր Սարգսյանը: Նրա խոսքով ամեն ցուցահանդեսից հետո նկարիչն էլ է փոփոխության ենթարկվում ու նոր բան է ուզում ստեղծել:
«Նշելով կյանքի եւ արվեստի անխզելի կապը՝ հեղինակը անդրադառնում է «պատի» թեմային, որը կարող է յուրահատուկ դառնալ միայն նկարչի շնորհիվ: Նրա աշխատանքներից շատերը պատահական չեն անվանված «լոնդոնյան պատ», «բեռլինյան պատ» կամ պատեր «մետրոյում». դրանք մասնիկներ են մի իրականությունից, որը նկատել է նկարիչը, եւ որը նրա տեսանկյունից այնքան գրավիչ է, որ կարող է վերարտադրվել կտավի վրա: Այսպիսով, տեղի է ունենում դիտողի վերաբերմունքը մի կողմից իրականության, մյուս կողմից՝ այդ իրականության հանդեպ նկարչի ունեցած վերաբերմունքի հետ»,-Արթուր Սարգսյանի աշխատանքների մասին գրել է Եվա Խաչատրյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մայիսի 10-ը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ