«Անկախ մեր քաղաքական դիրքորոշումից մենք միասնական մոտեցում ունենք»,- մայիսի 4-ին` ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի պատգամավորների պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքերով` պատվիրակությունը տպավորված է ընտրությունների կազմակերպվածության բարձր որակով. «Մենք շատ ընտրատարածքներ ենք այցելել, ամեն տեղ հանդիպել ենք վստահված անձանց հետ, բոլոր կուսակցությունների վստահված անձինք ներկա էին: Որեւէ ահազանգ, որեւէ բողոք մեզ չի հասել, քաղաքում եւ մեր այցելած գյուղերում մարդիկ բարձր տրամադրությամբ մասնակցում էին ընտրություններին, կուտակումներ չկային, իշխանության ռեսուրսի մասնակցությունը բացառված է: Այս ընտրությունները օրինակելի են տարածաշրջանի մի շարք երկրների համար, այդ թվում նաեւ Հայաստանի»:
Մհեր Շահգելդյանը նույնպես հայտարարեց, որ ընտրությունները կազմակերպված են անցել, բողոքներ չեն եղել. «Կազմակերպչական բարձր մակարդակի ընտրություններ էին` իմ խորին համոզմամբ: Ես նաեւ նախորդ Ազգային ժողովի ընտրություններն էի տեսել, այս ընտրությունները նրանցից քայլ առաջ էին: Շատ հետաքրքիր էր նաեւ մարդկանց ոգին, որոնց համար կարեւոր էր, որ ընտրություններն անցնեին կազմակերպված, ընդ որում սա ասում էին քաղաքացիները թե’ քաղաքներում, թե գյուղերում»:
Նրա խոսքերով` ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուրջ կարեւորություն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության տեսանկյունից. «Այս փոխկապակցվածությունը բոլորիս համար փաստաթուղթ է լինելու միջազգային կառույցներում աշխատելու տեսանկյունից: Եվ սրանով նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւս մեկ անգամ ցույց տվեց այն հեռավորությունը, որ ժողովրդավարական առումով կա Արցախում եւ Ադրբեջանում, որտեղ անընդհատ հետընթաց է, անընդհատ խնդիրներ են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ