Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էին անցնում ընտրությունները Բերձորում

Մայիս 04,2015 12:14

 

Մայիսի 3-ին Արցախում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

Ժամը 20-ին Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվեցին Արցախում և Երևանում գործող, ընդհանուր առմամբ 279 ընտրատեղամասերը: Այս մասին հայտնել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նրա հաղորդմամբ, լրացուցիչ ցուցակների հետ մեկտեղ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102034, որից քվեարկությանը մասնակցել է 72 հազար 39 ընտրող կամ ընտրողների 70.6 տոկոսը: Թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Քաշաթաղի և Շուշիի շրջանները, գործող 68 ընտրատեղամասերում 10651 ընտրողից մասնակցել է 7465-ը կամ 71 տոկոսը:
Օրվա ընթացքում հասցրեցի շրջել Քաշաթաղի տարածքի մի շարք տեղամասերում, ծանոթանալ ընտրությունների ընթացքին: Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Մնացականյանը տեղեկացրեց, որ բոլոր 68 ընտրատեղամասերը սկսել են աշխատել սահմանված կարգով, որևէ խախտում չի գրանցվել:

Զրուցեցի Արցախի ժողովրդավարական, Ազատ Հայրենիք և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների շտաբների ղեկավարների հետ:
Բերձորի երկրագիտական թանգարանում գործող 10/1 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Անահիտ Քոսակյանը տեղեկացրեց, որ տեղամասը սկսել է գործել ժամանակին և ըստ կարգի, ընտրողների թիվը, ըստ ցուցակի 759 է:

Իմ այցի ժամին ընտրողներն ակտիվորեն քվեարկում էին: Այստեղ աշխատող վստահված անձինք ու դիտորդները նույնպես գոհ էին ընտրության ընթացքից:

Քարեգահում(10/59 տեղամաս) հանձնաժողովի նախագահ Արմինե Վահանյանը նշեց, որ ընտրողները բարեխղճորեն կատարում են իրենց պարտքը: Վստահված անձինք որևէ խախտում չնշեցին:

Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոցում է տեղակայված 10/2 ընտրատարածքը: Այստեղ մեծ էր ակտիվությունն առավոտյան ժամերին: Հանձնաժողովի նախագահ Վահե Դավթյանի տեղեկացմամբ՝ որևէ արտառոց դեպք չեր գրանցվել. ընտրողները, այդ թվում Բերձորում հաստատված սիրիահայերը նաև Երևանում, Ստեփանակերտում և այլ վայրերում ուսանող բերձորցիները ևս մասնակցում էին քվեարկությանը: Ժամը 11-ի դրությամբ 676-ից արդեն քվեարկել էին 134 ընտրող(19, 8 տոկոս):

Նույն ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղեկացրեց, որ քվեարկությանն ընդհանուր մասնակցել են 2311 ընտրող կամ 21,7 տոկոսը: Աղավնո համայնքում՝ 10/11 ընտրատեղամասում, ժամը 11-ի դրությամբ 131 ընտրողներից արդեն քվեարկել էին 13 հոգի, բայց ընտրողները գալիս էին: Հանձնաժողովի նախագահ Ելենա Թանայանը և վստահված անձինք նշեցին, որ ընտրություններն ընթանում են բնականոն հունով:

Ծիծեռնավանք համայնքի մեջ է մտնում Մելիքաշեն գյուղը, որտեղ Քաշաթաղի երբեմնի հզոր Մելիք-Հայկազյանների ապարանքում տեղակայված է 10/27 ընտրատեղամասը: Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Սահակյանը տեղեկացրեց, որ 43 ընտրողներից արդեն իրենց պարտքն են կատարել 19-ը: Նշեց նաև, որ իրենց տեղամասում են քվեարկում հարևան Արահուս գյուղի ընտրողները:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Լեռնիկ Հովհաննիսյանի վստահված անձ Ժորա Բաղդասարյանը գոհ էր աշխատանքներից: Ծիծեռնավանքի Վարագ Առաքելյանի անվ. միջնակարգ դպրոցում է գործում 10/26 ընտրատեղամասը:
Հանձնաժողովի նախագահ Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ 70 ընտրողներից 39-ն արդեն քվեարկել էին: «Ազատ Հայրենիք» կուսակցության վստահված անձ Թումաս Զախարյանը և ՀՅԴ վստահված անձ Մուշեղ Բաղունցը գոհ էին հանձնաժողովի աշխատանքներից, բնակչության ակտիվությունից: Տանձուտ գյուղը նույնպես մտնում է Ծիծեռնավանք համայնքի մեջ: 10/28 ընտրատարածքում ընդհանուր 80 ընտրողներից ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էին 29 հոգի:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Համբարձումյանը կարևորեց այն, որ այս քվեարկությամբ են ստեղծելու մեր երկրի նոր օրենսդիր մարմինը, ուստի պետք է բոլորը մասնակցեն համապետական այս իրադարձությանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցության վստահված անձ Տիգրան Ասոյանը նշեց, որ որևէ խախտում չի նկատել: Մոշաթաղը Ծիծեռնավանքի թևի ամենամեծ և կայացած համայնքներից է՝ փռված Աղավնո գետի ձախ ափին: Բերդիկ գյուղի հետ 10/42 ընտրատեղամասում 162 ընտրողների կեսն արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը:

Հանձնաժողովի նախագահ Անահիտ Հարությունյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են բնականոն, գոհ է վստահված անձանց և դիտորդների աշխատանքից: ՀՅԴ վստահված անձ Հարություն Ավանեսյանը, ԱԺԿ և ԱՀԿ նրա գործընկերներ Սասուն Արզումանյանը, Հակոբ Գասպարյանը և մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Համբարձում Արզանյանի վստահված անձ Զարուհի Գրիգորյանը նույն կարծիքին էին, որ աշխատանքներն ընթանում են սահմանված կարգով, գոհ էին հանձնաժողովի աշխատանքից: Մոշաթաղի մեջ է մտնում Հերիկ գյուղը, որն ընկած է Աղավնո գետի աջափնյա բարձրադիր ձորակում: 10/43 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, դպրոցի տնօրեն Սամվել Պագալմյանը տեղեկացրեց, որ այստեղ առաջին անգամ է նման երևույթ իրականանում՝ հավելելով, որ ընդհանուր 29 ընտրողներից 22 հոգի արդեն քվեարկել են: Ընտրողներից Գայանե Հայրապետյանը, որի 3 երեխաները սովորում են դպրոցում, ասաց. «Ընտրում ենք մեր երկրի խորհրդարանը. հույս ունենանք՝ մեր օրենսդիրները նույնպես աշխատանք կտանեն, որ մեր գյուղի դպրոցի համար նոր շենք կառուցվի, այլապես մեր երեխաները հիվանդանալու են այս խոնավ ու խարխուլ շենքում»:

Գյուղի հնաբնակ, «Ազատ հայրենիք» կուսակցության վստահված անձ Սևադա Բակունցը կարևորեց այն, որ անկախ ընտրությունների արդյունքից՝ չթուլանա մեր միասնությունը, որ վաղը բոլոր 7 կուսակցությունները միասնաբար գործեն ի շահ մեր երկրի բարգավաճման: Հակ համայնքի 10/32 ընտրատարածքում ժամը 17-ի դրությամբ 61 ընտրողից քվեարկությանը մասնակցել էին 37 հոգի( 60,7 տոկոս): Լեռնահովիտը կազմված է 3 գյուղերից՝ Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական: 10/24 ընտրատարածքի նախագահ Ալվարդ Կարապետյանը նշեց, որ ընդհանուր 75 ընտրողից 43-ը քվեարկել են: Ժամը 20-ի դրությամբ Ներքին Սուս համայնքում 110-ից 95 ընտրող՝ 86,4 տոկոս, մասնակցել էր ընտրություններին:

IMG_9593DSCN3527DSCN3641

Կուսակցությունների և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վստահված անձինք, նաև հանձնաժողովի նախագահ Աստղիկ Ավետիսյանը գոհ էին կատարված աշխատանքից: Տարածքային ընտրական տեղամաս քվեարկության արդյունքներն առաջինը բերեցին Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի 10/65 ընտրատեղամասից, որտեղ 63-ից 56 հոգի(88,9 տոկոս) էին մասնակցել քվեարկությանը: Նույն ընթացքում տեղերից հեռախոսով արդեն արդյունքներն էին հաղորդում: Հանձնաժողովի անդամները կատարում էին գրանցում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031