Լրահոս
Օրվա լրահոսը

Գոա․ հնդիկ նորահարսը կարմիր է հագնում․․․

Մայիս 04,2015 11:06

Պսակադրվեք «արևելքի մարգարիտ» Հնդկաստանի արևավառ դրախտավայր Գոայում, տոնեք այստեղ Ձեր հարսանիքը։ Աշխարհի բոլոր ծայրերից սիրահարված զույգեր են գալիս Գոա՝ նշելու իրենց կյանքի ամենից հիշարժան օրն ու պահը։ Արարողությունը կարելի է անցկացնել 2 ոճով՝ եվրոպական ու հնդկական։ ԵՎ չնայած, որ արարողությունն այս չունի և ոչ մի իրավաբանական ուժ, սիմվոլիկ է ու ֆորմալ, սակայն այնուամենայնիվ արմավենիների ներքո կատարվող այս իրադարձությունը չի դադարում մեծ հեղինակություն և ժողովրդականություն վայելել։

Իսկ ասեք խնդրեմ, ինչը՞ կարող է ավելի ռոմանտիկ լինել, քան պսակադրությունը ծովի, տվյալ դեպքում՝ օվկիանոսի ափին։ Երբ շուրջդ անծայրություն է, երեկոյան, մայրամուտի բոսոր երանգների ներքո, ոտաբոբիկ, ավազի մեջ ընկղմված․․․Երբ մատներդ շոշափում են ձյունաճերմակ ավազի փափուկ հատիկների հպումը մաշկիդ։ Եվ դու ինքնամոռաց տրվում ես արևադարձային էկզոտիկ ծաղիկների բույրերի քնքշությանը, որոնք մերթընդմերթ խառնվում են երեկոյան բրիզի բերած թարմության հետ։ ԵՎ թվում է, թե այսպիսի վայրում տրված երդումները իսկապես որ իրական են ու արժեքավոր։

PrevPhoto
NextPhoto

 Եվրոպական հարսանիք՝ Քնքշություն

Արարողությունն այս կատարվում է եվրոպական ոճով ու կարգով, ծովի ափին։ Սա պարզ մի բան է, սակայն օրն այդ վառ հիշողություններ կթողնի Ձեր մեջ ամբողջ կյանքի համար։ Տպավորություններն այդ հավերժ կապված կլինեն ծովի, ծաղիկների բույրի, էկզոտիկ միջավայրում միմյանց տրված խոստումների հետ։ Հատուկ Ձեզ համար ծաղիկներով պսակված կամար կհյուսեն, և դուք կանցնեք դրա միջով դեպի հանդիսավարը։ ՈՒ Ձեզ էլ նաև ծաղիկներ կտան։ ԵՎ ամենը կկատարվի մեղմ ու թովիչ երաժշտության ներքո։ Տեր և հնազանդ կդառնաք ու հավերժ պատասխանատու կլինենք միմյանց համար։ Պարտավորված՝ իրար երջանիկ դարձնելու և խաղաղության մեջ պահելու, խնամելու ու սիրելու։ Իսկ հետո կկտրեք տորթն ու կբացեք շամպայնը։ Կբաժանեք դրանք բոլոր ներկաներին ու հյուրերին։ Ու մի լավ կուրախանաք, ճաշակելով տեղական լավագույն մրգերն ու քաղցրավենիքները, որոնք Ձեզ կհրամցնեն հատուկ արծաթե սկուտեղի վրա (vojem)։
Ի դեպ, Ձեզ նաև սիմվոլիկ սերտիֆիկատ կտան, որը փաստում է, որ Գոայի չգրված օրենքներով դուք այսուհետ այր ու կին եք։ Այնուհետև դուք կարող եք առափնյա մի գողտրիկ ռեստորանում ռոմանտիկ ընթրիք պատվիրել, միայն երկուսի համար։ Այնտեղ դուք կուղևորվեք հատուկ կերպով զարդարված մեքենայի մեջ։ Կամ գուցե փղի վրա՞․․․Արդյոք՞ ավելի էկզոտիկ ու անմոռանալի չի լինի։ Միայն թե ճանապարհին էքզիստենցիալ հայացքով Ձեզ նայող կով չհանդիպեք։ Դա աղետ կլինի․ այդքան սրբություն՝ մեկ տեղում։ Դե իսկ հետո էլ կարող եք առանձնանալ հյուրանոցի հարմարավետ համարներից մեկում, որտեղ նաև կարող եք Ձեր մեղրամիսը վայելել։

 Հնդկական հարսանիք՝ Ոգեղենություն

Սա հինդուիստական հարսանիք է՝ Սեր 7 կյանքերի համար։ Հարսանեկան ծեսը կատարվում է բրահմինի՝ սրբազան վանականի, հինդու քուրմի կողմից։ Նա պատկանում է հասարակության վերին՝ 5-րդ կաստային, և համարվում է բացարձակ էլիտա, վերնախավ։ Սակայն ոչ ֆինանսական առումով, այլ այն հարգանքի ու պատվի, որը բրահմինն ու իր ընտանիքը վայելում են հասարակության մեջ։ Ի դեպ, իրենք բրամիններն էլ ևս ամուսնանում են, ընտանիք կազմում, ի տարբերություն քրիստոնյա վանականների։ Քանզի ըստ իրենց հավատամքի, Աստծուն կարելի է ծառայել միայն սիրո մեջ։ Ահա եւս մեկ երևույթ, որը մեր չափազանց դրամատիկ կրոնը՝ քրիստոնեությունը կարող էր հանգիստ կերպով փոխ առնել լուսավոր ու սիրառատ հինդուիզմից։

Սկզբում Ձեր ոտքերը կընկղմեք սրբազան օծված ջրի մեջ։ Այնուհետև հատուկ յուղերով կօծեք մարմինը։ Ցանկալի կլինի, որ հարսի ձեռքերն ու ոտքերը ներկված լինեն հինայով, սա կոչվում է մեհենդի։ Այնուհետև աղջկան ալ կարմիր գույնի զգեստ՝ սարի կհագցնեն։ Սպիտակ զգեստ այստեղ հագնում են միայն այրիները։ Իսկ ալ կարմիրը խորհրդանշում է այն հոգևոր սերն ու ֆիզիկական կիրքը, որն ապագա կինը պարգևելու է իր ամուսնուն հաջորդ 7 կյանքերի համատեղ կեցության ընթացքում։ Դե իսկ հնդիկ հարսիկի ճակատին էլ պետք է բինդի լինի։ Մենք հաճախ դրան խալ ենք ասում, սակայն իրականում դա խալ չէ, այլ հատուկ փոքրիկ կարմիր կետիկ ճակատի ուղիղ մեջտեղում, որը խորհրդանշում է ամուսնությունը, տվյալ կնոջ ամուսնացած լինելը։ Դե իսկ տղամարդն արարողության ժամանակ հագնում է համեստ մի հանդերձ, որն այստեղ անվանում են կուրտա։ ԵՎ նրանք երկուսով անցնում են օծված ու սրբազնացած ծաղիկներով պսակված կամարի տակով, քայլում վառ ու բազմագույն բույսերից ու ծաղիկներից հյուսված գորգի վրայով ու մոտենում բրահիմինին, որը և կատարում է ողջ արարողությունը՝ սկզբից մինչև վերջ։ Այնուհետև նրանք մանտրաներ են կրկնում, այնքան երկար ժամանակ, մինչև ամփոփ համանվագ է ստացվում ու նմանվում ներդաշնակ կատարվող երաժշտությանը։ Ասես մոգություն լինի այս ամենը, մայրամուտին հեռացող ու ամպերի մեջ լողացող արեգակը ճանապարհելիս։ ԵՎ երբ վրադ հանգստություն, տիեզերական հանդարտություն, խաղաղություն ու հարմոնիա է իջնում։ Ասես ամբողջապես անէանում ես, վերանում աշխարհից։ Վերանում ու հեռանում աշխարհից․․․

Էմոցիոնալ, գունագեղ ու անկեղծ․․․Վառ, էկզոտիկ ու երջանիկ։

 

 

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

 

Հնդկաստան, Գոա նահանգ, Կալանգուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031