Մասիս քաղաքի բնակիչներ Մերուժան Պետրոսյանի եւ Նորայր Խաչատրյանի համոզմամբ՝ ցանկացած բռնություն առ ոչինչ է, եթե երկիրն ունի առողջ, հետեւաբար, մարտունակ երիտասարդություն: Դրա համար էլ նրանք մտահղացան ֆուտբոլային մրցաշար կազմակերպել շրջանի գյուղերի միջեւ:
Մերուժան Պետրոսյանը Aravot.am-ին ասաց, որ դիմել են Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանին, որը սիրով ընդառաջել է՝ տրամադրելով քաղաքի ստադիոնը: Իրենք էլ իրենց ու ընկերների միջոցներով պատվիրել են գավաթներ, մեդալներ եւ պատվոգրեր: Իսկ Նորայրը ավելացրեց, որ իրենց շրջանում մարզական տարբեր միջոցառումներ հաճախ են անցկացվում, որ երիտասարդությունը սիրում է սպորտը եւ միշտ հաճույքով արձագանքում ամեն մի մարզական միջոցառման:
Մեկ ամսից ավելի տեւած ֆուտբոլային մրցաշարին մասնակցեցին Մասիս քաղաքի, Դարակերտ, Դաշտավան, Նորաբաց, Խաթունարխ, Հովտաշատ, Գետափ գյուղերի եւ Երեւանի վարչական շրջանում գտնվող Ներքին Չարբախի ֆուտբոլային թիմերը, որոնց պայքարն ավարտվեց այսօր:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ներքին Չարբախի թիմը, երկրորդ տեղն զբաղեցրեց Մասիս քաղաքը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Նորաբաց գյուղը: Հաղթող եւ մրցանակակիր դարձած թիմերը պարգեւատրվեցին ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով, գավաթով եւ պատվոգրով: Հատուկ մրցավարներ էին սահմանված նաեւ լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ