Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված Հայ-ռուսական երիտասարդական ալյանսի անդամներն այսօր Հաղթանակի զբոսայգում «Հաղթանակի 70 կրակներ Երևան» ֆլեշմոբն իրականացրին: Նրանք աստղի պես շարված վերեւ էին պարզել կարմիր թղթեր:
Ալյանսի փոխնախագահ Ռաֆայել Պողոսյանն ասաց, որ հաղթանակի 70-ամյակին նվիրված նմանատիպ ֆլեշմոբ եկող շաբաթվա սկզբին տեղի կունենա նաեւ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մադրիդում, Բարսելոնայում ու Պրահայում:
«Յոթանասուն տարի անց փորձում ենք հաղթանակի ոգին պահպանել՝ մեր միասնականությամբ՝ ի ցույց դնելով աշխարհին, որ յոթանասուն տարի անց հոգսերից այն կողմ մենք նաեւ կարողանում ենք հիշել ու նշել մեր հաղթանակը»,- ասաց ալյանսի փոխնախագահը: Նրա խոսքով, իրենք այցելում են նաեւ վետերաններին, զրուցում իրենց հետ, լսում նրանց խնդիրները, իսկ երբեմն նաեւ հյուրասիրություններ կազմակերպում նրանց համար. «Մենք մտահոգված ենք նրանց խնդիրներով: Այսօրվա դրությամբ, ցավոք սրտի քիչ թվով վետերաններ են մնացել, իմ կարծիքով, պետությունը բոլոր ռեսուրսները պետք է օգտագործի, որ պատշաճ ուշադրություն նրանց դարձնի: Եթե բողոքները շատ են, ուրեմն ինչ-որ կերպ թերանում է»:
Մեր հարցին, թե վետերանները հատկապես ինչ խնդիրների մասին են իրենց պատմում հանդիպումների ժամանակ, նա դժվարացավ նշել:
Կարդացեք նաև
Ռաֆայել Պողոսյանը նաեւ ասաց, որ հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները կամփոփեն ֆիլմով. «Նախ ռոլիկ է նկարվելու, արդեն մոտ 30 քաղաքներից ստացել ենք իրենց նկարած ռոլիկները, դրանց մեջ պատկերում ենք փոքրիկ բաներ(նկատի ունի՝ պաստառ-հեղինակ), որը կազմված քաղաքի լոգոյից, իսկ բաների մեջտեղում պատկերված է՝ ինչ է տվել մեզ հաղթանակը հարցի պատասխանը, եւ ամեն քաղաքում երիտասարդները հավաքվում են տվյալ քաղաքի հաղթանակի զբոսայգում ու փոքրիկ ֆլեշմոբ կազմակերպում ու այդ ռոլիկը նկարում են: Մայիսի վերջին արդեն կնկարենք ֆիլմը, որտեղ տեղ կգտնեն բոլոր քաղաքների ռոլիկները, վետերանների հետ հանդիպումները ու հաղթանակի օրվա նվիրված միջոցառումները »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ