Լրահոս
Օրվա լրահոսը

Բայքերի հայրենիք Գոա

Մայիս 03,2015 18:06

Գոա գալուն պես ամենից կարևոր հարցը դառնում են փոխադրամիջոցները։ ԵՎ իսկապես, տեղից տեղ տեղափոխվելը, ըստ իս մտորելու համար հույժ արդիական թեմա է։ Կփորձեմ որոշակի տեղեկատվություն տալ Գոայում պոպուլյար տրանսպորտային միջոցների, ու նաև՝ երթևեկության կանոնների ու փողոցային անվտանգության վերաբերյալ։IMG 9 (1)

Պարզ է, որ քաղաքակիրթ աշխարհում Գոա հասնում են հիմնականում ինքնաթիռով, դե եթե իհարկե դուք հարևան նահանգի բնակիչ չեք։ Բայց նույնիսկ այդ դեպքում հնդիկները հաճախ նախընտրում են ներքին ավիաուղիներով ճամփորդելը՝ ներերկրային ռեյսերով, Air India, IndiGo։ Լավ, եկանք ուրեմն, հասանք Գոա։

Առաջինը՝ հասարակական տրանսպորտն է, այսինքն՝ ավտոբուսները։ Ավտոբուսներն այստեղ շատ մեծ են, հարմարավետ, մեկ նստարանին կարող է 3-4 մարդ տեղավորվել։ Միայն թե, եթե կին եք, նախօրոք պատրաստ եղեք, որ տղամարդկանց հետ կողք կողքի դուք երբեմն նստել չեք կարող։ Լինում է նաև այնպես, որ այստեղ առանձին տղամարդկանց և առանձին կանանց համար ավտոբուսներ են գործում, որպեսզի ամբոխները չխառնվեն իրար։ Գոայի պայծառ ու գույնզգույն ավտոբուսները դրսից արդեն տոնական տրամադրություն են ապահովում, քանի որ ներկված են ծիածանի բոլոր գույներով, ասես արեգակի պես ժպտում են դեմքիդ ու հիասքանչ օր մաղթում։ Դրանք բաց են աշխարհի բոլոր քամիներին։ Պատուհանները դրանցում միշտ բաց են, քանի որ հնդիկները ազատասեր ժողովուրդ են, ապա նույնիսկ այսպիսի մանր ու աննշան սահմանափակումները նրանք չեն ընդունում։ Համ էլ Գոայում միշտ շատ շոգ է։ Եթե դիտել եք հիփփիների մասին պատմող հայտնի ֆիլմերը, ապա այսպիսի ավտոբուսները Ձեզ համար խիստ ճանաչելի կլինեն։ Դե իսկ եթե նույնիսկ չեք դիտել, ապա հոգ չէ, Ձեր տրամադրությունը միանգամից կբարձրանա, և ավտոբուսով ճամփորդելու ցանկություն կառաջանա։ Նշեմ, որ դրանք թանկ չեն, 1 դոլարի չեն հասնում, գուցե կես դոլար։ Միակ բարդությունն այն է, որ ավտոբուսները Գոայում կանգնում են ամեն քայլափոխի, ուստի եթե տեղանքին լավ ծանոթ չեք, չեք իմանա, թե որտեղ իջնեք։ Դե իսկ վարորդի հետ գլուխ դնել խորհուրդ չեմ տալիս, հատկապես, եթե սպիտակամորթ եք ու կապուտաչյա։ Ավտոբուներով զբաղվող պետական տրանսպորտային սերվիսն այստեղ Kadamba Transport Corporation-ն է։IMG 5 (1)IMG 3 (1)

Եվ այսպես, հաջորդը տաքսիներն են։ Դրանք ամենուր առկա են, բայց շատ թանկ են, նույնիսկ իր փողերը վատնելու պատրաստ տուրիստի համար։ Բայց եթե ամեն դեպքում ընտրում եք տաքսին, ապա գնի համար պայմանավորվեք նախօրոք, որպեսզի հետո անակնկալներ չլինեն։ Գինը կախված կլինի սրահում առկա կամ չառկա օդափոխության համակարգից, ու նաև՝ ճամփորդության ուղղության միակողմանի կամ երկկողմանի լինելուց։ Ի դեպ, բոլորովին վերջերս այստեղ սկսել է գործել հատուկ տաքսի-ծառայություն՝ միայն կանանց համար։IMG 1 (2)

Կա տաքսիի մեկ այլ տեսակ ևս։ Դա ռիքշան է, մոտոռիքշան կամ տաքսի տուկ-տուկը (այսպես են անվանում ռիքշան հարևան Շրի-Լանկայում)։ Այս փոքրիկ, կոմպակտ և կոլորիտային փոխադրամիջոցը Ձեզ անխոս անսահման հիացմունք կպատճառի։ Այն շատ լոկալ է, ազգային էլեմենտներով համեմված։ Եվ եթե երկուսով եք և ուղևորվում եք ռոմանտիկ երեկոյի մի որևէ գողտրիկ լողափում կամ լագունայում, ապա դուք բացառիկ հնարավորություն ունեք Ձեզ ճամփորդությունն էլ ավելի հիշարժան դարձնել՝ ինքներդ Ձեզ և Ձեր սիրելիին անմոռանալի պահեր պարգևելով։IMG 8 (1)

Կարող եք նաև հեծանիվ վերցնել ու քշել, պարզապես Գոայի չկարգաբանված ու քաոսային երթևեկության ռիթմի մեջ, անձամբ ես Ձեզ ամենևին խորհուրդ չեմ տալիս հեծանիվ նստել։ Հանգիստ գյուղական վայրերում, որտեղ երբեք ոչինչ չի կատարվում, որտեղ փողոցները լուռ են ու հանդարտ՝ միգուցե։ Բայց խոշոր քաղաքներում ու բնակատեղիներում, մեծ փողոցներում ու տրանսպորտային հանգույցներում հեծանիվն այնքան էլ հարմար փոխադրամիջոց չէ։ Հատկապես տեղի հնդիկներից արտաքնապես ռադիկալ կերպով տարբերվող ու աչք ծակող զբոսաշրջիկի համար։IMG 20 (1)

ԵՎ քանի որ Գոան մեծապես ջրերով ողողված նահանգ է՝ գետեր, լճեր, նեղուցներ, ծոցեր, ծով ու վերջապես՝ անծայրածիր օվկիանոս, ապա այստեղ շատ հարմար է ինքդ քեզ, ուղեկիցներիդ, ընտանի կենդանիներիդ ու նաև՝ սեփական տրանսպորտային միջոցները մի ափից մյուսը տեղափոխել լաստանավի կամ անցանավի վրա (ferry, паром)։ Եվ քանի որ վերջիններս գրեթե միշտ գերբեռնված են մարդկանցով ու տրանսպորտային միջոցներով, ապա հետևապես դրանք շատ դանդաղ են շարժվում առաջ։ Իսկ դե ճանապարհին էլ դուք, փաստորեն, հնարավորություն եք ստանում մասնակցել անվճար էքսկուրսիայի՝ զմայլվել շրջակա գեղատեսիլ վայրերով, բնության անսահմանությամբ, տեղի բազմապիսի ֆլորայով ու ֆաունայով, տեսնել գեղեցիկ բնական հուշարձաններ, որոնք այստեղ ամենուր են։ Եվ այսպես՝ մինչև ուշ երեկո, մինչև որ կհասնեք նշանակման կետ։ Բեթիմից՝ Փանաջի, Հին Գոայից՝ Դիվար կղզի, Քուերիմից՝ Տիրակոլ, Կավելոսիմից՝ Ասոլնա․․․IMG 13 (1) IMG 12 (1)

Կարող եք նաև սկուտեր վերցնել, որը լինում է երկու տեսակի՝ ջրային ու ցամաքային։ ՈՒ նաև՝ մոտոցիկլ, որը սակայն այստեղ այնքան էլ ժողովրդականություն չի վայելում։ Ցամաքային սկուտերը կամ մոպեդը այստեղ շատ տարածված է, հավասարապես, ինչպես ողջ Ասիա աշխարհամասում։ Եվ եթե հեծանիվ քշել գիտեք, ապա հեշտությամբ կկարողանաք նաև սկուտերը վարել։ Այն իրենից առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում։IMG 11 (1)

Դե իսկ հիմա գանք իմ պաշտելի բայքերին, որոնք այստեղ ամենուր են։ Դրանք Գոայի ամենից հարմար փոխադրամիջոցներն են։ Նստելով բայք, զգում ես, ֆիզիկապես վերապրում ազատության զգացումը։ Դու բաց ես ու անկախ։ ԵՎ թվում է, թե ողջ աշխարհը քոնն է, միայն ձեռքդ պարզես։ Դժվար է բառերով փոխանցել այդ զարմանահրաշ զգացողությունները։ Պետք է ինքներդ վերապրեք, զգաք ամենը։ Մարդն իսկապես ապրում է, վայելում ամեն մի պահը, և ճանապարհորդությունն էլ անմոռանալի է դառնում։IMG 17 (1)

Բայքը նաև շատ հարմար փոխադրամիջոց է։ Դրա վրա կարող են տեղավորվել 2 հոգի, բայց հաճախ նաև՝ ամբողջ ընտանիքը՝ հայրիկը մայրիկը ու երեխաները։ Այն հարմար նստատեղեր ունի, ու նաև դրա տակ տեղավորված բեռնախցիկ, ուստի կարելի է դրանով շուկա գնալ՝ գնումների։ Այն անվտանգ է, ունի բռնվելու հատված ու հենակ։ Շատ քիչ բենզին է կլանում։ Բավականին էժան է, եթե վարձեք այն երկար ժամանակով։ Այնտեղ, որտեղ որ տուն կգտնեք ու կապրեք, հենց այնտեղ ու ընդհանրապես ամենուր այստեղ բայքեր են վաճառվում ու վարձով տրվում։IMG 16 (1) IMG 15 (1)

Ամսվա համար միջին բայքը 50-60 դոլարը չի անցնի։ Դե իսկ եթե գնեք, ապա գինը կախված կլինի մի շարք գործոններից, որոնց թվարկումն ինձնից եվս մեկ ամբողջական հոդված կպահանջի։ Կարող եք նաև մի հասարակ, սովորական մեքենա վարձել։ Բայց դե Գոայում ով՞ է մեքենա վարձում։ Այս ազատական նահանգը բացառապես բայքերի հայրենիք է․․․

Մարիա Թոքմաջյան

Հնդկաստան, Գոա նահանգ, Բամբոլիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031