Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը իր քվեարկությունը կատարեց թիվ 1 ընտրատարածքի 8-րդ ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո ԱԺ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ խորհրդարանական ընտրություններից ակնկալիքները շատ են. «Քվեարկել եմ Արցախի ժողովրդավարական ապագայի համար եւ կարծում եմ, որ սրանք միայն խոսքեր չեն, որովհետեւ մեր նախընտրական քարոզարշավը ցույց է տվել, որ այսօր մեր ժողովրդի համար ամենացանկալի բանը երկրի ապագան է, առաջնահերթն, իհարկե՛, խաղաղությունն է, բայց կարծում եմ` շատ ու շատ հանգամանքներով անելիքներ կան, ընտրությունները դրա հնարավոր միջոցներից մեկն է»:
Աշոտ Ղուլյանը կարծում է, որ ընտրություններից հետո ճիշտ է, փոփոխություններ կլինեն, բայց հիմնական դասավորվածությունը կպահպանվի. «Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային են եւ զգացվում էր մեր քաղաքական դաշտի ակտիվությունը: Բնականաբար, նախընտրական շրջանն ամբողջությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները: Սահմանափակումներ չեն եղել, ինձ թվում էր, որ քաղաքական դաշտն ավելի լայն ներկայացված կլինի վեցերորդ գումարման խորհրդարանում:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ ԱԺ նախագահն ասաց, որ համարում է, որ հաջողվել է պահպանել քաղաքակիրթ եւ կորեկտ մրցակցության կանոնները. «Բայց այնուամենայնիվ, կարծես թե ընտրությունից ընտրություն որոշակի նորություններ են մտնում Ղարաբաղի քաղաքական դաշտ, այդ թվում եւ ոչ դրական: Պետք է ասել, որ հաջողվել է պահպանվել քաղաքակիրթ հարաբերությունների մշակույթը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ