«Այն, ինչ կատարվում է Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքի արդյունքն է»,- այս մասին, ըստ թուրքական «Today’s Zaman»-ի, ասել է Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը: Նա այսպես է արձագանքել Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ապրիլի 15-ին ընդունելուց հետո Էրդողանի այն հայտարարությանը, թե իրենք կարող են Թուրքիայում ապրող 100.000 հայերին արտաքսել այնտեղից:
«Էրդողանի խիստ քննադատությունը հերթից դուրս է մնացել: Եթե ինչ-որ բան պետք է քննադատել, դա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու այն հնարավորությունների հավաքածուն է, որ Անկարան բաց է թողել: Եթե այս ամենից հետո Թուրքիան դեռ անհանգստացած է Գերմանիայի վերաբերմունքից, նա պետք է ինչ-որ վերլուծություններ կատարի»,- մասնավորապես ասել է Օզդեմիրը:
Բեռլինի ազատ համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Բիլգին Այատան էլ հարցնում է. «Ի՞նչ է նշանակում, երբ Թուրքիան ասում է, թե չեն ների եւ չեն մոռանա: Թուրքիան զո՞հ է: Ո՞րն է այն մեղքը, որը իրենք չեն ների եւ չեն մոռանա»:
Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանն հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին եւ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակել է ցեղասպանություն եւ այդպիսով միացել է 25 երկրիների կառավարություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 43 նահանգներին, որոնք 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են ճանաչում:
Կարդացեք նաև
Ջեմ Օզդեմիրը ուշադրություն է հրավիրում այն միջազգային ճնշմանը, որին այժմ Թուրքիան է ենթարկվում. «Գնդակը Անկարայի դաշտում է, եւ միջազգային հանրության կողմից լավ վերաբերմունքի արժանանալու համար Թուրքիան պետք է այլ վերաբերմունք ցույց տա այս իրադարձություններին: Ներկայիս վերաբերմունքով դու չես կարող ընկերություն գտնել, փոխարենը՝ կկորցնես:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ