Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների՝ ԵՄ-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին, Էլենի Թեոխարուսին և Թիբոր Ժանիին, ովքեր ԼՂՀ են ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով:
Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ այն համարելով մարդասիրական արժեքների վրա հենված որոշման արդյունք: Անդրադառնալով մայիսի 3-ին նախատեսված ընտրությունների նշանակությանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն կազմակերպվում է արցախցիների համար, քանի որ Արցախի քաղաքացիներն են գնահատում իշխանությունների աշխատանքը:
Եվրախորհրդարանի պատգամավորները կիսվել են Արցախի ժողովրդավարության ձեռքբերումների վերաբերյալ իրենց տպավորություններով՝ համոզմունք հայտնելով, որ ազատության ձգտող պետությունն անընդհատ կբարելավի իր ցուցանիշներն այդ ճանապարհին: Կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր՝ կարևորելով եվրոպական կառույցի և Արցախի միջև ձևավորված համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և ԵՄ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին