Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Արզումանյան. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտում չի արձանագրվել» (Տեսանյութ)

Մայիս 02,2015 18:41

Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

«Հաշվի առնելով մեր հանրապետության ընտրական համակարգում 1991 թվականից կուտակված փորձը, համապետական ընտրություններ եւ հանրաքվեներ կազմակերպելու գործում միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկություններն ու եզրակացությունները, ընտրական օրենսդրության կատարելագործմանը զուգընթաց վերջին տարիների բարեփոխումները  կարելի է փաստել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող յուրաքանչյուր ընտրություն համեմատ նախորդի առավել դրական տեսք է ունենում: Համենայն դեպս դրան են ձգտում ե՛ւ ընտրական հանձնաժողովները, ե՛ւ պետաական իշխանության այլ մարմինները, եւ ամենակարեւորը՝ Լեռնային Ղարաբաղի ընտրողները»,- ասաց նա:

ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ կրկնապատկվել է թեկնածուների թիվը, ինչը նպաստել է մրցակցության բարձրացմանը. Թեկնածուի կարգավիճակ ունեն 184 քաղաքացիներ, որոնցից 41-ը կանայք են. «Մայիսի 3-ի ընտրություններին վերջին տվյալներով մասնակցելու իրավունք կունենան 101 հազար 653 ընտրող, այսինքն՝ 3135-ով ավելին, քան նախորդ 2010 թվականի ընտրությունների ժամանակ: Սա   նշանակում է, որ այս ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության 68 տոկոսից քիչ ավելին»:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում որեւէ լուրջ միջադեպ, առավել եւս՝ խախտում չի արձանագրվել, ընտրական հանձնաժողովներ դիմել են հիմնականում պարզաբանումների համար թերություններ եւ բացթողումներ շտկելու հարցով, որոնք արդեն լուծված են. «Իհարկե՛, սա չի նշանակում, որ ընդհանրապես խնդիրներ չեն ծագում, բայց սրանք լուծելի են եւ բավականին արագ ձեւով լուծվում են»:

Ամփոփելով իր խոսքը՝ Սրբուհի Արզումանյանն ասաց. «Հավատացած եմ, որ մայիսի 3-ին հերթական խորհրդարանական ընտրությունները պատշաճ մակարդակով են անցկացվելու: Այս ընտրությունները պետք է ավելի արդարացի, կազմակերպված եւ օբյեկտիվ լինեն: Համոզված եմ՝ դա գիտակցում են թե՛ ընտրական համակարգի պատասխանատուները եւ թե՛ իրենց ընտրական իրավունքն իրականացնող ԼՂՀ քաղաքացիների մեծ մասը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031