Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը նվազել է». Աստղիկ Ավետիսյան

Մայիս 02,2015 15:38

Մայիսի 3-ի՝ մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մի քանի օր առաջ հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում Հայաստանը մեկ գործակցով բարելավել է իր դիրքերը:

«Զեկույցը ձևավորվում է՝ հաշվի առնելով երկրի քաղաքական, տնտեսական և իրավական միջավայրը: Համեմատելով մեր և մեր հարևան երկրների ցուցանիշները՝ տեսնում ենք, որ մենք առաջ ենք Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից, ինչպես նաև Ռուսաստանից և հայտնվել ենք մասամբ ոչ ազատ երկրների սահմանագծում: Ընդհանրապես, մամուլի ազատության մասին խոսելիս առաջին հարցը, որ պետք է տանք, այն է, թե արդյոք որևէ լրագրող կարո՞ղ է ասել, որ իր իրավունքները որևէ կերպ սահմանափակվում են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Հայկական փիառ ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը:

«Հայկական փիառ ասոցիացիան», Ա. Ավետիսյանի փոխանցմամբ, պարբերաբար ուսումնասիրություններ է անցկացնում՝ պարզելու հասարակության վերաբերմունքը հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ. «Նախորդ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ վստահությունը բավականին նվազել է: Փոխարենն ավելացել է բացասական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ այսօր իսկապես աշխատող և բանիմաց լրագրողներ կան, բայց նրանց կողքին կարող ենք տեսնել նաև մարդկանց, որոնք հենց այնպես են հայտնվել ոլորտում ու, դժբախտաբար, երբեմն հասարակության մեջ ձևավորում են լրագրողի կերպարը»,- նշեց Ա. Ավետիսյանը՝ ընդգծելով, որ մեր միջավայրում այսօր պակասում է լրագրողի կերպարը. «Շատ կարևոր է, որ կարողանանք կերպարներ ձևավորել: Երբ ես ուսանող էի, կային մարդիկ, ում փորձում էինք նմանվել: Իսկ այսօր կա՞ն նման կերպարներ»:

Ա. Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ամենացածր վարձատրվողներից են: Ըստ նրա՝ հաշված մարդիկ կան ոլորտում, որ բարձր աշխատավարձ են ստանում. «Այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, բայց, բոլոր դեպքերում, Ֆեյսբուքում կարծիք գրող մարդն ու լրագրողը պետք է տարբերակվեն: Դրա համար պետք է համախմբվենք, որոշակի դաշտ մշակենք, որ կարողանանք աշխատել, այլապես այնպիսի տպավորություն է, որ «մերոնք-ձերոնքի» միջավայր է ստեղծվել»,- նշեց նա:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ երբ ընթերցողը փորձում է տեղեկատվություն ստանալ ինչ-որ բանի մասին, չի բավարարվում մեկ լրատվամիջոցի տված նյութով, քանի որ չունի վստահելի աղբյուր և ստիպված է մի քանի նյութ համադրել, որպեսզի կարողանա կարծիք ձևավորել. «Երբ կունենանք այնպիսի լրատվամիջոց, որը համակողմանի տեղեկատվություն կտա մարդկանց, վստահություն կներշնչի և կբավարարի նրանց տեղեկատվական պահանջները, կկարողանանք ասել, որ ունենք որակյալ լրատվամիջոց»,- ամփոփեց Ա. Ավետիսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031