Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գոա․ լեզվա-կրոնական զեղումներ

Մայիս 02,2015 14:09

Կոնտրաստային ու հպարտ Գոա նահանգը, ինչպես և ամբողջ Հնդկաստանը, որի մասն է այն կազմում, լեզուներով առատ է։

Քանի որ նահանգի բազմադարյա հարուստ պատմության քառուղիներում այստեղ ապրել են բազմաթիվ կրոններ դավանող, տարբեր ազգերի ու էթնիկական խմբերի ներկայացուցիչներ, ապա իրենք իրենց լեզվական պատկանելությամբ ու նաև տարաբնույթ դիալեկտներով ազդել են լոկալ լեզվի վրա։ Հինդուիստական, մահմեդական և քրիստոնեական Գոաներում մշակույթների խաչասերումն անխուսափելի բնույթ է կրել, դե իսկ այսօր էլ այն պարզապես քաղաքակրթությունների խաչմերուկ է հիշեցնում։
ԵՎ քանի դեռ նահանգը պորտուգալացիների ձեռքին էր, ապա այստեղ ազատորեն խոսում էին պորտուգալերենով։ Մոտ 50 տարի է, ինչ այն այլևս լայն գործածության մեջ չէ։ ԵՎ նույնիսկ չնայած այս ամենին, մեծ սերունդը, տարեցները դեռևս պորտուգալերեն են խոսում։

 

Նշեմ, որ Գոացիների մայր լեզուն կոնկանին է, սակայն մարատհին էլ շատ ու շատ տարածված է այս կողմերում։ Տեղի բնակչության մոտ 1,3 ընդունում է մարատհին որպես իրենց սեփական մայր լեզու։

Ի դեպ, երկուսն էլ միմյանց շատ նման են։ ԵՎ մեկ-մեկ դժվար է նույնիսկ հասկանալ, թե որ պահին տվյալ մարդը որ մի լեզվով է խոսում․․․կամ կռվում։ Մարատհին հատուկ ստատուս ունի այստեղ։
Կոնկանին ու մարատհին պատկանում եմ հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ-արիական ճյուղին և, փաստորեն, շատ լայն կիրառություն ունեն։ Ծագում են Սանսկրիտից կամ էլ, որն ավելի քան հավանական է, դեվանագարիից։ Վերջինս հնդկական նագարի գրության տեսակ է, որը թարգմանաբար նշանակում է «սրբազան քաղաքային գիր»։IMG 12

Երբ Գոա հասնեք, կարող եք բացականչել «Maka Goeya boray lakta!», ինչը կոնկանիից թարգմանաբար կնշանակի «Ես  սիրում եմ Գոան»։ Դե իսկ եթե սրանից բացի էլ ոչինչ էլ չիմանաք կոնկանիով, տեղացիների զարմացած դեմքերի բարյացակամ արտահայտություններն ու հաճելի ժպիտներն, ուղղված Ձեզ, ապահովված են։

Պորտուգալերենը դեռևս անցնում են դպրոցներում, սակայն այն այստեղ տարեց տարի լատիներենի համբավն է ստանում, այսինքն՝ «մեռած լեզվի» է  նմանվում։ Քիչ-քիչ, դանդաղ տեմպերով այն հետզհետե դուրս է գալիս գործածությունից, չնայած որ դրանով դեռևս խոսում է տեղի քրիստոնյա  բնակչության մեծ մասը։ Ի դեպ,պորտուգալերենի ու անգլերենի շնորհիվ հնդկական այբուբենից բացի Գոայում նաև լայնորեն կիրառում են լատիներեն այբուբենը, լատինատառերը գրավոր լեզվի մեջ։ Դե, ինչպես տեսանք, եթե պորտուգալերենը օգտագործվում է կրթության բնագավառում, ապա անգլերենն այստեղ ամենուր է։ Չմոռանանք, որ Գոան տուրիստական դրախտ է, և որպեսզի տուրիստները, որոնք պարկերով փողեր են վատնում այստեղ, իրենց հանկարծ դիսկոմֆորտի մեջ չզգան տեղացիների ու օտարների հետ հարաբերվելիս, անգլերենն այստեղ դարձել է տեր ու տիրակալ հաղորդակցության բնագավառում։ Երեխաները, երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ արդեն բոլորն անգլախոս ու «անգլիագիր» են։ Մինչդեռ պորտուգալերենը էլիտայի, վերնախավի լեզուն է համարվում։IMG 8
Բայց դե չմոռանանք, որ մենք ամեն դեպքում Մարսում չենք, այլ երկրի վրա, ավելի կոնկրետ՝ Հնդկաստանում, որտեղ պետական լեզուն հինդին է։
ՈՒստի այստեղ, Գոայում նույնպես, ինչպես պետության մյուս բոլոր 28 նահանգներում, հինդին նորմալ գործածության մեջ է։ Բայց դե շատ հոգ մի արեք լեզվական խոչընդոտների ու «թարգմանության դժվարությունների» առումով։ Հնդիկները միշտ էլ կհասկական ամենապարզ՝ «ժպիտի լեզուն»։IMG 20

Դե բայց բացի շատախոսելուց ու անվերջ ժպտալուց, հնդիկները նաև բացառիկ հավատացյալ ազգ են։ Համենայնդեպս, դատելով իմ մյուս հարևանուհուց՝Միրայից, ով ամեն օր առավոտ կանուխ վեր է կենում անկողնուց, դե կամ՝ հատակից, գալիս ինձ բարևում, մի փոքր աղ ու բրինձ տալիս ու իր արագաշարժ ոտքերի հանդարտ քայլքն ուղղում դեպի Շիվայի տաճար, ապա այո, նրանք իսկապես որ շատ կրոնավոր են։IMG 18
Դե իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ ինչ կրոններ են նրանք դավանում, որ աստվածներին են հավատում։

«Sarva Dharma, Sarva Bhava»՝ սա նշանակում է հավասար հարգանք բոլոր կրոնների ու դավանանքների հանդեպ։ Հարգանք և հանդուրժողականություն, տոլերանտ  վերաբերմունք։IMG 16

ԵՎ այսպես, տեղի բնակչության 95% հինդուիզմ և կաթոլիկ  քրիստոնեություն է դավանում։ Մնացյալ կրոններն ու մանր-մունր դավանանքներն այստեղ 5% են կազմում։ Իսկ ընդհանրապես, այստեղ ամենուր կրոնական բացառիկ ներդաշնակություն է տիրում։ Կրոնական պատկանելությունը մի մեծ հարց չէ  այստեղ, քանի որ բոլորը ապրում են խաղաղ ու երջանիկ, ծաղիկների․․․ու աղբի միջև։ ԵՎ ևս մի կոնտրաստ։ Դե իհարկե, մենք բոլորս սովոր ենք կարծել, որ Գոան քրիստոնեական Հնդկաստան է, սակայն իրականում հինդուիստների քանակը, հատկապես վերջին տարիներին այս գողտրիկ նահանգում կտրուկ կերպով աճում է։ Մի խոսքով, հինդուների երկիր Գոա․․․
IMG 17

ԵՎ չնայած դրան, մինչև այսօր այստեղ պահպանվել են պորտուգալական կրոնական, քաղաքաշինական, պաշտպանական ու ինժեներական տարաբնույթ ու բազմաֆունկցիոնալ կառույցներ։ Բացի այդ, մարդիկ այստեղ շատ ուշադրություն չեն դարձնում կրոնական կամ լեզվական, կամ էլ նույնիսկ կաստայական պատկանելությանը։ Մարդս մարդ լինի։ Նրանք բոլորը անխտիր մասնակցում են միմյանց տոներին, մեծ նվիրվածությամբ ու անսահման ներքին ուրախությամբ։ Ոչ ոք և ոչ ոքի կրոնական նուրբ զգացմունքները չի վիրավորում։IMG 15

Մի խոսքով, մի փոքր տեղում այսքան մեծ հավատք, այսքան շատ դավանաբանական նվիրվածություն, խորհրդավոր կրոնականություն։ Գոացիների սիրտը հավերժ բաց է, ազատ, հյուրընկալ ու շատ հյուրասեր։IMG 7

Հինդուն Գոայում գնում է եկեղեցի, քրիստոնյան՝ մզկիթ, դե իսկ մահմեդականն էլ՝ տաճար ու սրբատեղի։ Տոներն էլ, ինչպես արդեն նշեցի, նրանք  բոլորը միասին են նշում։ Այսպես հավատո միտքս մեկ էլ մեր հարևան Թիֆլիսում կհանդիպեինք, այն էլ անցյալ դարում՝ Սունդուկյանի անմահ Խաթաբալայի վախտերով։ Եվ հենց սա է, որ պայմանավորում է  այս մոգական նահանգի ողջ համն  ու հոտը, աուրան ու անկրկնելի մթնոլորտը։ Առայժմ այսքանը։ Շարունակելի․․․

 Մարիա Թոքմաջյան

 Հնդկաստան, Գոա նահանգ, Արպորա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031