2014թ. հունվարի 1-ին Հյուսիսային պողոտայում գործող «Այվի» սրճարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն Արսեն Փահլեւանյանի եւ Արթուր Հարությունյանի միջեւ: Մեկ տարի տեւած դատաքննությամբ այլ բան պարզվեց:
Նախաքննական մարմնի կողմից Արսեն Փահլևանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա վիճաբանել է Արթուր Հարությունյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է վերջինիս մեջքի շրջանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:
Արսեն Փահլեւանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց հերթական արդարադատությունը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հաստատված չհամարելով առաջադրված մեղադրանքը, այն վերաորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով ՝անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»:
Ի դեպ, դատարանը նշանակել է տուգանք 250.000 ՀՀ դրամի չափով, այն դեպքում, երբ մեղադրողը դատարանից պահանջել էր Արսեն Փահլևանյանին դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպան Գեղամ Հակոբյանի, իր պաշտպանյալին առաջադրվել էր ակնհայտ անհիմն մեղադրանք և դատաքննության փուլից ստանձնելով Արսեն Փահլևանյանի պաշտպանությունը, շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում հիմնավորվել և հաստատվել էր առաջադրված մեղադրանքի անհիմն լինելու փաստը, որի արդյունքում էլ դատարանը հանգեց հետևության, որ Արսեն Փահլևանյանը ոչ թե կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառել, այլ նա գործել է անհրաժեշտ պաշտպանության շարժառիթով, սակայն թույլ էր տվել սահմանազանցում: «Իմ դիրքորոշումը մի փոքր այլ էր, սակայն այնուամենայնիվ, փաստում ենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ իրականացվեց իրական արդարադատություն»,-նշեց Գեղամ Հակոբյանը: