Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ ենք մենք պահանջում թուրքերից

Մայիս 02,2015 17:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում հարցը քննարկում են «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը եւ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Արամ Աբրահամյան.– Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված ես հասկացա, որ մենք թուրքերից ինչ-որ բան ենք պահանջում: Բայց իմ տպավորությամբ՝ մենք դեռեւս մինչեւ վերջ չենք որոշել, թե կոնկրետ որն է մեր պահանջը: Սկզբից պետք է մեր մեջ որոշենք, հետո պահանջներ դնենք ուրիշների առաջ: Համաձա՞յն եք:

Արա Պապյան.- Կարծում եմ՝ այո, նախ պիտի մենք ազգովին, եթե ոչ՝ լրիվ միասնական տեսակետի գանք, գոնե համաձայնենք՝ բացի բարոյական պահանջից, այն է՝ Ցեղասպանության ճանաչումը, մենք նաեւ այլ պահանջներ ունենք: Ինձ համար միանշանակ է, որ մենք ունենք գույքային պահանջների եւ տարածքային պահանջների խնդիր:

Գագիկ Գինոսյան.- Նժդեհը ասում էր, որ նույն սառնությամբ խոսել Սահարայի անապատի եւ սեփական հայրենիքի մասին, դա ավելի քան հանցագործություն է: Սրբապղծություն է, եթե ինչ-որ մեկը խոսում է միայն բարոյական ճանաչումից: Դա օտարի մոտեցում կարող է լինել՝ թող ճանաչեն, որ այլեւս ցեղասպանություն չլինի: Մեր ամբողջ կենսագրությունը, մեր բնականոն զարգացումը եւ մեր պետականության կայացումը խեղվել են այդ իրադարձությունների պատճառով: Ավելի քան վստահ եմ, որ հատուցումը պետք է լինի, որովհետեւ մեր ապագան այսօր էլ վտանգված է, եթե մենք չհասնենք նրան, վերադարձնենք այն գոնե հատվածաբար, այն, ինչ որ Հայաստանին կբերի ռազմավարական անխոցելիություն:

Ա. Ա.– Հայ ժողովրդի մեծամասնությունը գտնում է, որ այո՛, փոխհատուցում պետք է լինի: Բայց ի՞նչ ենք մենք ուզում՝ փող, հող, գույք, համայնքների գույք, ազգային գույք՝ սա է խնդիրը:

Ա. Պ.- Գիտեք՝ մի լավ ձեւակերպում կա, որ անգամ իշխանություններն են հնչեցնում՝ «Ցեղասպանության հետեւանքների վերացում»: Եթե մենք հիմա մտովի հաշվարկենք, թե ինչ հետեւանքներ է ունեցել Ցեղասպանությունը, դրանով էլ կարող ենք ունենալ, թե ինչ պիտի պահանջենք: Ըստ էության, ցեղասպանությունը որպես հանցագործություն հաղթահարելու համար երկու քայլ է պետք՝ հանցագործին պատժել, որն այսօր գրեթե հնարավոր չի, որովհետեւ մասնակիցներ չկան, եւ տուժող կողմի իրավունքների վերականգնում: Հիմա մենք ի՞նչ ենք կորցրել. մենք կորցրել ենք նախ՝ անհատական մակարդակի վրա, այսինքն՝ բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց սեփականությունը տարբեր ձեւերով՝ տուն, բանկային հաշիվներ, ընտանեկան այլ սեփականություններ, ուրեմն մենք ունենք անհատական մակարդակով հատուցումների խնդիր, ինչպես նաեւ մենք ունենք ազգային կառույցների սեփականություն, որը եւս բռնագրավվել է, ունենք նաեւ դրա վերադարձի խնդիրը: Մենք այս օրերին հենց ականատես ենք այն բանի, որ հայց է ներկայացված Անկարային Անթիլիասի կաթողիկոսության կողմից:

Ա. Ա.- Կարո՞ղ ենք չափել տառապանքը:

Գ. Գ.- Կարծում եմ, որ նաեւ մշակութային ցեղասպանություն է տեղի ունեցել:

Ա. Ա.– Ա՛յ օրինակ՝ դա կարո՞ղ ենք փողով չափել:

Գ. Գ.– Իհարկե, կարելի է ուղղակի հաշվարկել՝ ինչքան եկեղեցի, ինչքան գիրք, ինչքան մշակութային կենտրոններ են ոչնչացվել: Եթե անընդհատ համեմատությունը Հոլոքոստի հետ է արվում, հրեաներին ցեղասպանել են ոչ իրենց հողում, բայց դրա փոխարեն նրանց տրվեց իրենց 2000 տարի առաջվա հայրենիքը: Մեզ ցեղասպանել են մեր հայրենի հողի վրա, մեր մշակույթն են ոչնչացրել, հրեաներին ընդամենը ոչնչացրել են ֆիզիկապես, բայց ոչ մշակույթն են ոչնչացրել, ոչ հայրենիքն են խլել, ոչ գույքը…

Ա. Ա.- Դա չափվո՞ղ բան է:

Գ. Գ.- Իհարկե, չափվող է, եթե կան փաստաթղթեր: Մեծ մասը կորցրել ենք նաեւ Խորհրդային Միության ժամանակ, օրինակ՝ մեր բարեկամներից մեկը իր եւ Անդրանիկ զորավարի նկարները այրել էր, որովհետեւ եթե բռնեին՝ կդատեին, եւ նման շատ մարդիկ կան, որ այդպես են վարվել, եւ դա անվերականգնելի է: Բայց կարծում եմ՝ ինչ-որ փաստաթղթեր կան, մասնագետներ կան… Սամվել Կարապետյանի մոտ կա՝ քանի ծուխ է եղել, որ գյուղում եւ այլն, այսինքն՝ գյուղերով, քաղաքներով ամբողջովին ոչնչացվել են, մարդահամար է եղել, եւ կարելի է հաշվարկել այդ մարդկանց գույքի մոտավոր միջին արժեքները եւ պետականորեն վերադարձնել:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստել է
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031