Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ Ռիգայում փաստաթուղթը չստորագրվի»

Մայիս 02,2015 17:00

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ Եվրահանձնաժողովը
պիտի մանդատ ստանա իրավական փաստաթուղթ ստորագրելու համար

«Առավոտի» հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադառնալով Ռիգայում Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին՝ կարծիք հայտնեց, թե բյուրոկրատական խնդիրներով պայմանավորված` գուցե հենց Ռիգայում չստորագրվի այդ փաստաթուղթը, այլ այնտեղ պայմանավորվածություն ձեռք բերվի դրա ստորագրման վայրի եւ ժամկետի հետ կապված: Նա մանրամասնեց. «Եվրահանձնաժողովը պիտի մանդատ ստանա իրավական փաստաթուղթ ստորագրելու համար: Ուստի հարց է` մինչեւ Ռիգա կհասցնի՞ դա, թե՞ ոչ»: Սերգեյ Մինասյանը չբացառեց, որ այդ փաստաթղթում նաեւ որոշ տնտեսական բաղադրիչներ էլ մտնեն. «Մենք մի մասով վերադառնում ենք այն առաջարկին, որը ՀՀ կառավարությունն արել էր սեպտեմբերի 4-ին. համաձայնագրի քաղաքական մասն ամբողջությամբ ընդունել, տնտեսականը, հասկանալի պատճառով, դուրս էր մղվում: Բայց հնարավոր է նաեւ տնտեսական բաղադրիչներ էլ մտնեն այդ փաստաթուղթ, որոնք չեն հակասում ԵՏՄ-ում մեր պարտավորություններին»:

Մեր հարցին` կհաջողի՞ Հայաստանին դա անել, պարոն Մինասյանն արձագանքեց. «Ոլորտներ կան, որ հնարավոր է, քանի որ ՀՀ-ն նաեւ ԱՀԿ անդամ է, նաեւ բարենպաստ տնտեսական հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ: Կարծում եմ` Բրյուսելի կողմից կա ճկունություն, որ կան հասկանալի քաղաքական հարցեր, որոնց պատճառով ՀՀ-ն չկարողացավ 2013-ին ԵՄ-ի հետ համագործակցության այդ աստիճանի հասնել: Մյուս կողմից՝ ՌԴ-ն եւս ցանկանում է վերականգնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, եւ ՀՀ-ն կարող է լավ օրինակ ու կամուրջ լինել ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այնպես որ՝ ես այս պահին խնդիր չեմ տեսնում Հայաստանի` փաստաթղթի ստորագրման հետ կապված»:
Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ` ուշագրավ է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը: Նախարարը մասնավորապես նշել էր, թե Ռիգայում Հայաստանն ապացուցելու բան ունի, եւ հստակեցրել. «ՀՀ-ն եւ ԵՄ-ն ցանկանում են համապարփակ համագործակցություն բոլոր հնարավոր ուղղություններով, որոնք չեն հակասում ՀՀ-ի պարտավորություններին այլ ինտեգրացիոն գործընթացներում: Հունվարին Բրյուսելում դա հաստատեցինք, վստահ ենք, որ դա պիտի հաստատենք նաեւ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ»:

Ի՞նչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են ԵՄ-ին հավաստիացնել, որ իրենց տված խոստումների` «եւ-եւ»-ի տե՞րն են, պարոն Մինասյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները եւ ԱԳ նախարարը հավանաբար նկատի ունեն այն, որ պետք է Ռիգայում ցույց տան, որ սեպտեմբերի 3-ի որոշումը պայմանավորված էր օբյեկտիվ իրականությամբ, որը ՀՀ հնարավորություններից ու շահերից վեր է: Բայց ինչպես մինչեւ սեպտեմբերի 3-ը, այնպես էլ հիմա ցանկանում է շարունակել եվրաինտեգրման գործընթացը, եւ ՀՀ-ն պատրաստ է գնալ այդ ճանապարհով»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031