Փիառ մասնագետը կանխատեսում է Հայոց ցեղասպանության
100-ամյա միջոցառումների արդյունքը
Ապրիլի 24-ին եւ դրան նախորդող եւ հաջորդող այս օրերին Հայաստանը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, լուսաբանվեցին մեր երկրում կատարվող իրադարձությունները, պետական պաշտոնյաները, երկրի պատկան մարմինները հայտնվեցին արեւմտյան եւ ռուսական ամենահայտնի լրատվամիջոցներում: Ի՞նչ արդյունքներ արձանագրեցինք, եւ որո՞նք պետք է լինեն մեր ապագա քայլերը՝ մեր երկրի հեղինակության բարձրացմանը եւ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու համար. «Առավոտն» այս մասին զրուցել է փիառ մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ:
Մեր զրուցակիցը կարծում է, որ այս ընթացքում մենք իրապես հասցրեցինք եւ կարողացանք աշխարհի գիտակից մի հատվածի ուշադրության կենտրոնում լինել, դառնալ մի շարք միջազգային եւ ազդեցիկ լրատվամիջոցների լուսաբանման թեման, բայց ինչպես բիզնեսում, այնպես էլ այստեղ պետք է հասկանանք՝ ի՞նչը ինչի՞ դիմաց ենք ստանում: «Գիտենք, որ Ցեղասպանության տարիներից ի վեր մեր բարերարները, հարուստները, պետական եւ հոգեւոր այրերը միլիոններ են ծախսում, որպեսզի արդյունք լինի, Հայ դատը ճանաչվի, իրավականորեն հարցը լուծվի, սակայն արդյունքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ-ի մոտ 40 նահանգներ, հարյուրամյակից հետո միտումները նվազելու են: Այդ ոգեւորությունը մարելու եւ կոտրվելու է, որովհետեւ արդյունքները կարելի է հաշվել այսպես ՝ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչման չհասավ, «գենոցիդը» չընկալվեց աշխարհի մեծամասնության կողմից, թուրքը չընդունեց եւ ներողություն չասաց, այլ հոխորտաց մի քանի պետությունների կամ հոգեւորականների վրա, մատ թափ տվեց, իր տոնը կազմակերպեց ու անցավ առաջ: Մի արտահայտություն կա՝ «Քարավանը գնա, շունը հաչա», հիմա ինչքան էլ ցավալի կամ կոպիտ հնչի՝ քարավանն անցնում է, մենք հաչող շնի կարգավիճակում ենք»,- ասում է պարոն Կիրակոսյանը:
Նշում է, որ ինչքան էլ ինքն անձամբ ուրախ է, որ Հայաստան այցելեցին հոլիվուդյան աստղեր, նշանավոր մարդիկ, Հռոմի պապը աշխարհի պատմության մեջ առաջին անգամ նման պատարագ մատուցեց, բայց չի մոռանում, որ պետք է մտահոգվել մեզ շարունակող սերնդի ապագայով, մեր տեսակի լինելիությամբ. «Այն միլիարդները որ հարյուր տարիների ընթացքում՝ լոբբիի վրա, սրան-նրան մեր կողմը քաշելու համար ծախսվել են, հոլովակներ, ֆիլմեր են պատրաստվել, արդյունք չտվեցին, գեթ մեկ Կոմիտաս այդ միլիոններով Հայաստանը «չաճեցրեց», եւ թեկուզ հենց երկրաշարժից հետո մինչեւ հիմա մենք, որ մեզ ցեղասպանված ժողովուրդ ենք համարում, ունենք Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ, այդ թվում՝ բազմազավակ, որ գիշերում են վագոններում՝ անձրեւի տակ: Այսինքն՝ նժարի վրա երկու բան է դրվում. մեկը, որ միլիարդներ են ծախսվում ինչ-որ թերհասների ինչ-որ բաներ համոզելու համար, իսկ մյուս նժարին դեռ ցեղասպանության հետքեր կան,- ասում է փիառ մասնագետը:- Աստված մի արասցե, որ հաջորդ հարյուր տարվա մեջ Ցեղասպանության ճանաչման համար հայ դատի պաշտպանները իրենց միլիոնները նորից ծախսեն CNN-ների, BBC-ների, լրատվամիջոցների, լոբբիի վրա, իսկ մեր երկրում շարունակվում է արտագաղթը, աղքատությունը: Դա կոնկրետ ցուցանիշ է, թե մենք ինչ ենք անում Ցեղասպանության ճանաչման համար:
Կարդացեք նաև
«Ուժն է ծնում իրավունք»,- ասել են մեր մեծերը. եթե մենք ուժեղ չենք, ապա մնալու ենք անցնող քարավանների վրա հաչող շան դերում: Տա Աստված, որ առաջիկա հարյուր տարիների ընթացքում մեր բոլոր բարեգործները, մեծահարուստները, տեղի եւ դրսի սրտացավ մարդիկ, հոգեւորականները «Հայ դատ» ասելով՝ հասկանան Հայաստանի հզորացումը: Աշխարհի պատմութան մեջ հայտնի չէ մի դեպք, որ թույլի իրավունքները պաշտպանվեն: Այս աշխարհում ուժը արդարություն վերականգնելու համար ամենակարեւոր միջոցն է»: Փիառ մասնագետը հիշատակում է հրեաներին, որոնք ճիշտ փիառի արդյունքում՝ սեփական ուժերը հզորացնելու հաշվին, կարողացան ստիպել Գերմանիային, որ ընդունի Հոլոքոստը:
Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ Թուրքիան այս ընթացքում հարվածների տակից դուրս գալու մարտավորություն է մշակելու, եւ դա անելու է հազարումի ձեւերով: Կարծում է, որ այդ հակափիառին դիմագրավելու որեւէ ռազմավարություն Հայաստանում չեն մշակում: Այդ համոզմանն է, քանի որ նկատել է, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջացառումների 60 տոկոսը չէր վերահսկվում մեր կողմից. «Այն ամենը, ինչ եղավ Հայաստանում ու հայերի հետ Ցեղասպանության ճանաչման թեմայով, մոտավորապես 40 տոկոսով էր վերահսկվում այստեղի հայերի կողմից, մնացածը տարերային բնույթ էր կրում: Այսինքն՝ Քարդաշյանի Հայաստան գալը որեւէ ձեւով չվերահսկվող գործընթաց էր, եւ այդ ինֆորմացիոն ալիքները կառավարելի չէին, այսինքն՝ մենք չունեինք մշակած ծրագիր, թե ինչպես ենք վարվելու հայտնիների հետ Հայաստան գալու ժամանակ: Միակ բանը, որը ամբողջ ընթացքում վերահսկվեց, «անմոռուկի արշավն էր»,- ասում է պարոն Կիրակոսյանը, նշում, որ մյուս կողմից՝ անտեղի է Թուրքիայի «հակափիառ»-ին դիմագրավելը, քանի որ նրանք գումարներ են վատնելու այն պետություններին համոզելու վրա, որոնք ունեն արխիվներ եւ 1915 թվականի դեպքերին բոլորից լավ են տեղյակ:
Պարոն Կիրակոսյանի հետ խոսեցինք նաեւ ռուսական Առաջին ալիքի հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզներին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին: Փիառ մասնագետը նկատեց՝ հարցազրույցը կազմակերպելը ճիշտ քայլ էր, նորից միտված էր Հայոց ցեղասպանության ճանաչումը բարձրացնելուն, դրանից թուրքերը հաստատ «կատաղել են»: Մասնագետը նշում է, որ չնայած հարցերը «չափած-ձեւած» էին, պատասխանները՝ զուսպ, այնուամայնիվ՝ չենք կարող ասել, որ ՀՀ նախագահի կողմից արվեցին հայտարարություններ, որոնք սուր էին եւ ազդեցիկ եւ կարող էին որեւէ լուրջ քննարկման առարկա դառնալ. «Փառք ու պատիվ Պոզներին, որ հայերին շատ ավելի լավ է ճանաչում, քան մենք՝ ինքներս: Իր բազմաթիվ անդրադարձներում ակնհայտ է իր ակնածանքը ու հարգանքը հայերի հանդեպ: Ամենասիմվոլիկ ազդանշանը, որ կար, Պոզների կրծքին ամրացված անմուռուկն էր. երբ ոչինչ չէին խոսել, ակնհայտ էր նաեւ Պոզների վերաբերմունքը մեր խնդրո առարկայի շուրջ, հետեւաբար նաեւ ՀՀ նախագահի հանդեպ»:
Մենք փիառ մասնագետի ուշադրությունը հրավիրեցինք Սերժ Սարգյանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ նախագահը նշեց, որ Թուրքիայի այսօրվա իշխանութուններից մեր միակ պահանջն այս պահին՝ ճանաչումն է, իսկ հատուցման ձեւը կորոշվի հետո՝ բանակցութունների արդյունքում, միջազգային փաստաթղթերի միջոցով: «Ես մեր նախագահի աչքերում թեթեւ ժպիտ նկատեցի այդ պահին, թեկուզ տխուր թեմայից էր խոսում, ու ակնհայտ էր, որ հնարք էր օգտագործվում՝ հարցին ուղիղ չպատասխանելու, հարցը շրջանցելու համար: Բանն այն է, որ մեր նախագահը չի ընդունում, որ մենք պահանջում ենք ոչ միայն բարոյական իմաստով ճանաչում, այլ նաեւ պահանջում ենք ֆինանսական, տնտեսական, տարածքային եւ այլ փոխհատուցումներ, եւ այդտեղ լռելու կարիք չկար: Եւ հերթական անգամ՝ ինչպես ֆուտբոլային դիվանագիտության մեջ, այնպես էլ հիմա, մեր նախագահի որդեգրած այս քաղաքականությունը տանուլ ենք տալու: Անպայման պետք է օգտագործեր այդ պլատֆորմը եւ նշեր, որ մենք հիմա պահանջում ենք ճանաչել ու փոխհատուցել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.05.2015
Լիովին համաձայն եմ Հայկ Կիրակոսյանի կարծիքների հետ։
Այո, մենք չունենք և երբևէ չենք էլ ունեցել ճիշտ ու մշակված PR քաղաքականություն տվյալ հարցերի շուրջ, իսկ այդ առիթից հրաշալիորեն օգտվում է Թուրքիան․․․
Հ․Գ․
Հարգելի լրագրող, PR բառը հայերենով գոնե “ր”-ով գրեք, թեև անգլերեն տառերով հապավումը՝ “PR”-ը վաղուց գործածվում է նաև հայերեն տեքստերում, ինչն ավելի ճիշտ է․․․