Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապաքաղաքականացված քաղաքապետ եմ»

Մայիս 02,2015 15:30

Հայտարարում է Սամվել Բալասանյանը

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու պատճառով ԲՀԿ-ն լքած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրինք՝ մտադրվա՞ծ է արդյոք համալրել Հանրապետական կուսակցության շարքերը, իրեն նման առաջարկ արվե՞լ է իշխող կուսակցության կողմից, կամ ինքը դիմե՞լ է վերջինիս առաջնորդներին: «Ասեմ, որ իմ գլխավորած կառույցը ապաքաղաքականացված է, ես ապաքաղաքականացված քաղաքապետ եմ, ինչքան շատ կարողանամ բոլոր կուսակցությունների հետ աշխատել, այնքան շուտ հատուկ կարգավիճակ կկարողանամ բերել իմ քաղաքի համար: Ես արդեն գործառույթը սկսել եմ, հանդիպում եմ ունեցել պատգամավորների հետ, հանդիպում ենք ունեցել հասարակական կազմակերպությունների հետ, հանդիպումներ կունենանք մեր մտավորականների հետ… Այսինքն՝ խմորման փուլում է, որպեսզի կարողանանք հատուկ կարգավիճակ ունենալ, լուրջ գումարներ բերել կամ, ասենք, եկամտահարկի տեսքով գումարը չփոխանցենք պետական բյուջե, որը հնարավորություն կտա մեր քաղաքը վերականգնելու: Տարիների ընթացքում լուրջ պրոբլեմներ կան կուտակված Գյումրիում, եւ էդ պրոբլեմները, ճիշտն ասած, չգիտեմ ինչու, չեն լուծվել… Գյումրու վերականգնման համար շատ կարեւոր քայլ է հատուկ կարգավիճակ ունենալը:

Մեր փոքրիկ բյուջեով քաղաքի խնդիրները երբեք չենք կարող լուծել. եթե լինի հատուկ կարգավիճակ, սա հնարավորություն կտա լուրջ ներդրումներ բերել քաղաք: Ես, երկար տարիներ աշխատելով Ազգային ժողովում, քաղաքական պաշտոններ զբաղեցնելով, գտնում եմ, որ Գյումրին արժանի է դրան, Գյումրին բացի Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը լինելուց՝ մշակույթի, արվեստի ու արհեստի քաղաք է, մեծ ուշադրություն պետք է դարձնեն այս քաղաքին»: Մեր դիտարկմանը, թե չպատասխանեցիք մեր հարցին՝ Հանրապետական կուսակցությունից առաջարկ չի՞ հնչել, Սամվել Բալասանյանն ասաց. «Ճիշտն ասած, ես կուսակցական հարցերով չեմ զբաղվում, ինձ համար ավելի լավ է այս կարգավիճակով աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ: Լինելով ապաքաղաքականացված՝ ավելի հեշտ կաշխատես բոլոր քաղաքական ուժերի հետ, իսկ իմ նպատակը Գյումրու զարգացումն է: Հավատացեք, ես չգիտեմ անգամ, թե քաղաքապետարանի այս կամ այն բաժնի պետը կամ աշխատակիցը ո՞ր կուսակցությունից է:

Ինձ չի հետաքրքրում, ժամը 18.00-ից հետո կամ շաբաթ-կիրակի ինքը կարող է իր կուսակցական աշխատանքները կատարել: Ինձ չի հետաքրքրում նրանց կուսակցական պատկանելությունը: Ես այս տարիների ընթացքում թույլ չեմ տվել, որ որեւէ մեկը քաղաքականության հետ կապված որեւէ հարցադրում կամ խնդիր, կամ քաղաքական պրոցես տանի: Նման գործելակերպը միտված է քաղաքի զարգացմանը, իսկ փոփոխությունները Գյումրիում ակնհայտորեն օրեցօր երեւում են, ուղղակի պրոբլեմները էնքան շատ են, որ էդ բոլոր փոփոխություններն անելու համար լուրջ գումարներ են անհրաժեշտ: Իսկ եթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն, կարգավիճակ տան մեր քաղաքին, օրենք ընդունեն, ինչպես հիմա Երեւանն իր օրենքը ունի, Գյումրին էլ իր համապատասխան հատուկ կարգավիճակն ունենա, սա կլինի իդեալական», – ասաց Սամվել Բալասանյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր նախկին կուսակից ընկերոջ՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից հ/կ հիմնելու ու ՏԻՄ-ի գործառույթներ իրականացնելու, մասնավորապես՝ Գյումրու երկրորդական փողոցները ասֆալտապատելու մտադրություն ունենալուն, մի՞թե հաջորդ ՏԻՄ ընտրություններում պատգամավորին որպես մրցակից չի տեսնում, Սամվել Բալասանյանն ասաց. «Ուրեմն ամեն մարդ պիտի զբաղվի ի՛ր գործով, ես քաղաքապետ եմ, պետք է զբաղվեմ իմ ծառայություններով, որի մեջ մտնում է նաեւ փողոցաշինությունը: Ճիշտն ասած, ես զբաղվում եմ իմ գործով, հիմա ով ինչ գործով է զբաղվում՝ դա իր խնդիրն է, թո՛ղ զբաղվի, դա օգուտ կբերի քաղաքին, վնաս չի բերի: Ինչքան շատ քաղաքի մասին մտածեն բոլորը՝ տարբեր մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր, ինչքան շատ համախմբվենք իրար հետ, էնքան էս քաղաքին մեծ օգուտ կբերենք: 26 տարի է անցել երկրաշարժից, բայց հետքերը շատ խորն են, մենք դեռ տնակներ ունենք, տնակային տնտեսություններ:

Եթե կարողանանք Ազգային ժողովի պատգամավորների հետ աշխատել ու ունենալ իմ առաջարկած կարգավիճակը, սա հնարավորություն կտա նաեւ պետական բյուջեից ավելի շատ գումար ունենալ, քան այսօրվա ընդամենը երկու միլիարդն է»: Մեր այն հարցին, թե գո՞հ եք Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքից, մեր խնդիրները բարձրաձայնո՞ւմ են այնտեղ, թե՞ մի տեսակ պասիվ են, քաղաքապետը խուսափեց գնահատականներ հնչեցնելուց՝ նշելով, որ նրանց գնահատականը թող տա հասարակությունը ընտրությունների ժամանակ: Մեր զրույցի վերջում Սամվել Բալասանյանն ասաց, որ ինքը խոստացել է եւ մի քանի տարիների ընթացքում լրիվ կվերականգնի Գյումրին: Ըստ նրա՝ գյումրեցիները վերջերս չափազանց պահանջկոտ են դարձել: «Կա աշխատանք, կա պահանջարկ բնակչության կողմից, սա շատ կարեւոր միտում է, որ քաղաքում մարդ են տեսել, որից կարող են պահանջել, այսինքն՝ հազիվ քաղաքապետարան են տեսել, որն աշխատում է առանց կոռուպցիայի: Ես, ճիշտն ասած, չեմ խնայում իմ գրպանի գումարը, բայց խնայում եմ իմ բյուջեի գումարը, որովհետեւ լումաներ ենք հավաքում մի գործ անելու»,- ասաց Սամվել Բալասանյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    Ինչքան մեղք է Գյումրիս, որ էս կարգի “քաղաքապետ” ունի, Սերժ Սարգսյանը պատժեց գյումրեցիներիս ու էս կարգի մարդու ուղարկեց Գյումրի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031