Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործ, կառուցող հայը

Մայիս 02,2015 15:00

«Հայ ազգը կա՛մ պիտի կառուցանի, կա՛մ պիտի անհետանա վերջնական մահով»։

Կոստան Զարյան

Այսպիսով, հայի երջանկությունը կառուցելու մեջ է: Սովետի ժամանակ նրան հնարավորություն չէին տալիս անհատական մասշտաբային կառույցներ ստեղծելու, նա էլ իր ստանդարտ սովետական բնակարանի քառակուսի մետրերում էր «ստեղծագործում»: Տեղաշարժել ստանդարտ բնակարանի բոլոր միջնորմները, ապակեպատել բոլոր պատշգամբները, մի քանի քառակուսի սանտիմետրով մեծացնել բնակարանը՝ ահա հայ տղամարդու հանրահայտ կիրքը, ձգտումների գագաթնակետը: Ըստ հայտնի սովետական անեկդոտի՝ հայերին Ռուսաստանի հյուրանոցներում մեկ շաբաթից ավելի ապրել չէին թույլատրում՝ սկսում էին պատշգամբները «շուշաբանդել»:

Ուրեմն, սովետական դաժան իրականությունը հնարավորություն չէր տալիս հայոց այս տաղանդին դրսեւորվելու, խեղդում էր այն բնում՝ սովետական փոքրիկ բնակարաններում:
Իսկ հիմա՞: Ստեղծագործական դաշտ կա, կան եւ բազում հարուստ մարդիկ: Եվ կառուցել են ու կառուցում են, ու դեռ պիտի շարունակեն կառուցել: Մեր շինարար ոգին ցնծում է: Ողջ Երեւանը դեռ կառույցների մեջ է, մինչդեռ արդեն պատրաստ նոր շենքերի համարյա բոլոր բնակարանները դատարկ են: Ո՞ւմ համար են կառուցում: Դա ինձ հայտնի չէ: Գուցե կան մարդիկ, որոնց հայտնի է, չգիտեմ:

Իսկ Գյումրի՞ն: Այնտեղ դեռ կան տնակներում ապրողներ: Ուրեմն, Երեւանում՝ դատարկ բնակարաններ, Գյումրիում՝ անտուն մարդիկ: Այսինքն, հայի, կամ ժամանակակից հայի շինարար ոգին ընտրողական է: Այն չի ենթադրում կառուցել, որպեսզի մարդիկ բնակվեն, այլ կառուցել միայն սեփական տարածքը եւ այնտեղ, որտեղ այդ կառույցն արժեք ունի: Դե, Երեւանում բնակարանն ավելի թանկ արժի, քան Գյումրիում: Այդպես Ռուսական կայսրության ժամանակներում կառուցում էին Բաքուն եւ Թիֆլիսը, որտեղ հողը եւ կառույցն արժեք ուներ, իսկ Հայաստանը մնում էր խղճուկ վիճակում:

Անեկդոտ
Քուրդն ասում է. «Հայերը շատ լավ ազգ են՝ Բաքուն կառուցեցին, թողեցին թուրքերին, Թիֆլիսը կառուցեցին՝ թողեցին վրացիներին, Երեւանն էլ կառուցում են, որ թողնեն մեզ»:
Ժողովուրդը փախչում է երկրից: Նոր բնակարաններում մարդ չի ապրում: Մեր ժողովուրդը եւ պետությունը ձգտում են դեպի առաջ, դեմոկրատիա: Երբ դեմոկրատիա լինի, կապրենք ինչպես Եվրոպայում, չեն լինի սահմաններ, չեն լինի ազգամիջյան գզվռտոցներ եւ այլն: Մենք, մեր դեմոգրաֆիայով եւ արտագաղթի ավանդույթով, գնում ենք դեպի, ռուսի ասած, «այնտեղ, որտեղ ձմեռում են խեցգետինները», իսկ մեր մուսուլման հարեւանները՝ դեպի նորանոր հորիզոններ: Արդեն փոխվել է Եվրոպայի էթնիկական պատկերը, մի շարք երկրներում արդեն վաղուց նորածիններին ամենահաճախ տրվող անունն է Մուհամեդ: Ժամանակի ընթացքում կբացվեն սահմանները, կմոռացվեն ատելությունը եւ կռիվները… Աշխարհում կիշխի սերը: Բոլորս դրան ենք ձգտում:

Ամբողջ Հայաստանը Թեհրանի կամ Ստամբուլի մի արվարձանի չափ բնակչություն ունի: Եթե հնարավորություն տան, մեր ամենաբարեկամական հարեւանի՝ Իրանի բնակիչները սիրով կգան այստեղ ապրելու, կամ գոնե այստեղ տներ կգնեն կամ կվարձեն, որ տարվա մեջ որոշ ժամանակ այստեղ ապրեն: Այստեղ շատ ավելի հեշտ է ապրելը, քան Իրանում: Եվ կանայք էլ իրանականներից շատ ավելի մատչելի են: Նրանց համար Հայաստանը նույնն է, ինչ մեզ համար՝ Ռուսաստանը: Պատկերացրեք, մի երկիր, ուր կանանց նույնիսկ մազերը բացել չի թույլատրվում, իսկ այստեղ՝ մինի շրջազգեստներ… Մանավանդ հրապուրում է նրանց թույլատրված ու մատչելի վաճառվող սերը:

Եվ տները, շենքերը, դատարկ բնակարանները կբնակեցվեն իրանցիներով, հատկապես մեզ ամենամոտ գտնվող նահանգներից, այսինքն՝ ադրբեջանցիներով: Վերջապես իրականություն կդառնա Հայաստանին Ադրբեջանում տրվող «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը: Հիշենք, որ Արեւմտյան Հայաստանն արդեն վերանվանվել է «Արեւելյան Անատոլիա»:

Սա հավանական սցենարներից մեկն է: Հնարավոր են նաեւ այլ տարբերակներ:
Ի՞նչ կառույցներ, ի՞նչ շինարար ոգի, ի՞նչ բան: Որքա՞ն կարելի է անիմաստ ստեղծագործ ու շինարար լինել: Չեք կարող չկառուցել, հայի շինարար ոգին դա թույլ չի տալիս՝ այգիներ սարքեք: Այգիներն այդքան էլ չեն գրավի ադրբեջանցիներին: Ձեռի հետ էկոլոգիան կբարելավեք, էլի բարի գործ է: Կլցնեք այգիները ձեր իմացած «մշակութային օբյեկտներով»՝ ռեստորան-սաունա-հյուրանոց: Ավելի շատ եկամուտ կունենաք, քան չբնակեցված շենքերից:

Ինչ անել: Օրինակ, ինչպես վայել է պատերազմական կամ հետպատերազմական երկրներին՝ խրախուսենք միայնակ մայրերին (ինչպես ՍՍՀՄ-ը պատերազմից հետո): Արգելել աբորտները եւ հատկապես ընտրովի (աղջիկների) աբորտները: Դիմել եկեղեցուն՝ խնդրելով իր միջոցներով պայքարել աբորտների դեմ եւ խրախուսել ծնելիությունը:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031