Լրահոս
Օրվա լրահոսը

Հետայսու՝ Ցեղասպանության մասին նոր լեզվով

Մայիս 02,2015 14:30

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները ինչ-որ առումով զարմացրեց նաեւ մեզ, քանզի բոլորս տեսանք, թե ինչ ահռելի ռեզոնանս է ձեռք բերել այն ողջ աշխարհում:

Մենք հասկացանք, թե ինչ վիթխարի գործ են արել մեր Սփյուռքը, հայաստանյան եւ միջազգային գիտական հասարակությունները, մեր եւ աjլ պետությունների դիվանագիտությունը:

Այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ ողջ հայության եւ Հայաստանի պետության հաշվեկշռում կուտակվել է բարոյական եւ դիվանագիտական տպավորիչ կապիտալ, որի ճիշտ եւ խոհեմ տնօրինումից է նաեւ կախված մեր ազգային հեռանկարը: Թուրքիայի հարցը պարզ է. այդ երկիրը, անկախ նրանից, 78, թե 878 միլիոն ազգաբնակչությամբ պետույուն է, քանի դեռ չի ուզում կամ կարողանում իր նախնիների գործած մեղքերի համար ապաշխարել, ծամածռություններ է անելու մեր եւ աշխարհի առջեւ:

Նա լինելու է թույլ ու խոցելի բոլոր առումներով:

Արեւմուտքը Ցեղասպանությունը կկիրառի իբրեւ քաղաքական ու դիվանագիտական մտրակ թուրքական նկրտումները սանձելու համար, իսկ աշխարհի հումանիստ հատվածը հայության ցավի մեջ կտեսնի ինքն իրեն մաքրագործվելու, առավել կարեկցող ու մարդկային դառնալու հնարավորություն:

Աշխարհի առաջատար թերթերի, կայքերի ու TV-ների բուռն ու հայանպաստ արձագանքները մի տեսակ մեզ էլ անակնկալի բերեցին եւ մենք մեզ նորովի տեսանք, նորովի զգացինք: Զգացինք մեր ուժը, մեր Սփյուռքի կարողությունները, այո, նույնիսկ մեր ազգային գրավչությունը: Այդ արձագանքներն, ասես, նոր նշաձող դրեցին հայոց ցավի ճանաչման ու դատապարտման խնդրում եւ այն էլ բարձր նշաձող:

Աշխարհը մեզ պարզորոշ ասում է՝ մենք ճանաչում ենք Ցեղասպանության փաստը, կարեկցում ձեր ողբերգությունը, ընդունում ենք կորսված հայրենիքին վերատիրանալու ձեր իրավունքը, բայց տիրացողը դուք եք լինելու: Սա լուրջ մարտահրավեր է, սա ուժեղ հանձնարարական է:

Սա նշանակում է մի բան. Ցեղասպանության մասին հետայսու խոսել նոր լեզվով եւ դառնալ կազմակերպված ազգ, լուրջ ու կշիռ ունեցող պետություն: Այլ կերպ ասած, հաջորդ հարյուրամյակը կարող է եւ պետք է դառնա հայության իսկական ռենեսանս, նորօրյա վերածնունդ:

Ինչ նոր բան կասեն օտար երկրների նախագահներն ու աշխարհը, այլեւս ամենա, ամենա կարեւոր հարցերը չեն, ավելի ստույգ, դրանք զուտ դիվանագիտության ժանրի հարցերից են:
Եկել է պահը հասկանալու, մեր ազգային հեռանկարին հավատալու, դեպի նպատակն անվարան գնալու ընդունակությունն արդեն մեր պարտականությունն է: Իզուր չի հին վեդաներում ասված. «Աստված երկնքից ամեն թռչունի իր բաժին կերն է նետում, բայց չի նետում հենց բնի մեջ»: Պարզապես պետք է հավատանք, որ հայոց նորօրյա վերածնունդ ասվածը միֆ չէ, այն սեփական էության եւ կարողությունների վերաիմաստավորում է: Ի վերջո, տունը իրեն-իրեն չի մաքրվում, այն մաքրում են տան տերերը, գնացքը առաջ չի սլանում, քանի դեռ վագոնները դրված չեն ռելսերի վրա: Մեր տունը մաքուր չէ, մեր վագոնները դեռեւս ռելսերի վրա չեն: Ի՞նչ կասի աշխարհը հարցի փոխարեն, պետք է գերիշխի մեկ այլ գիտակցություն: Իսկ ի՞նչ ենք մտածում ինքներս մեր մասին…
Աշխարհից դրական կարծիք մուրալս ո՞րն է:

Լինենք լավը, անենք ճիշտ բաներ եւ այդ կերպ աշխարհին օգնենք մեր մասին լավը մտածելու գործում:

Պարզապես, կարողանանք մեր շուջը պահանջարկ ստեղծել: Այնժամ հենց Արեւմուտքը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են մեր փոխարեն ադրբեջանա-թուրքական շրջափակումը վերացնելու: Պատկերացնում եք մի այնպիսի վիճակ, երբ գերմանացին նստի ու դարդ անի, թե ինչ կմտածեն այլ ազգերն իրենց մասին: Գերմանացիներն ամեն ինչ սկսում են իրենցից, դրա համար էլ կարողացան Երկրորդ աշխարհամարտից հետո հիմնովին ավերակված երկիրը ուղիղ 20 տարի անց վերածել Եվրոպայի ֆինանսատնտեսական հսկայի:
Մեզ մտածողության եւ վարքագծի շրջադարձ է պետք, անվստահ, վախեցած, մի զարմացեք, տեղ-տեղ նույնիսկ պետականամերժ մտածողության ու կենսակերպի հիմնանորոգում: Օրինակ, երբ կաշառակեր հային ասում ես՝ կաշառք մի վերցրու, դա միայն շարքային անօրինություն չէ, այդ արարքով քայքայում ես մեր պետության իրավական հիմքերը, ցավացնում հասարակությանը, իսկ դա արդեն թուրքի օգուտն է, նա կարող է ավելի շուտ գիտակցել իր արարքի ողջ ահավորությունը: Սա մի այլ գիտակցություն է, ուժեղ մեկնակետ դրական արդյունքների հասնելու համար: Շատ բան կա վերանայելու եւ վերանայման մեկնարկն արդեն տրված է, իսկ գլխավոր բանաձեւը վաղուց է հայտնի. հայն ուժեղ է, երբ աշխատասեր է, հայն ուժեղ է, երբ արդար է, հայն ուժեղ է, երբ օրինասեր է, երբ, պարզապես, շատ է ՀԱՅ… Ու այն էլ տեսնենք, որ ցավի ու վիրավորանքի զգացումը մեր նոր սերնդի գիտակցության մեջ արդեն այնպիսի արժեքավոր ծիլեր է տվել, որ կարելի է հպարտանալ: Նայենք ջահերով երթին մասնակցող երիտասարդության դեմքերին, այնտեղ ամեն ինչ գրված է, այնտեղ գրված է մի բառ, «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ»: Պահանջում ենք ինքնամաքրում, պահանջում ենք ինքնակազմակերպվածություն: Սա է մեր նոր ճանապարհը, սա պետք է լինի Ցեղասպանության մասին խոսելու մեր նոր լեզուն:

ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Վերնագրի ՅԵՏԱՅՍՈՒ բառը հետաքրքիր պատմութիւն ունի:

    Միանգամից ասեմ, որ այս բառը քերականօրէն սխալ է: Սակայն այնքան տարածուած բառ է, որ վստահաբար կարելի է ասել՝ նոյնիսկ լեզուաբանները այդ սխալը չեն զգում:

    ՅԵՏ բառից յետոյ պահանջւում է ՍԵՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ: Օրինակ, ՅԵՏՄԱՀՈՒ: «Մահ» բառը գրաբարում ՈՒ հոլովման է պատկանում, ուստի դրա սեռականը կը լինի ՄԱՀՈՒ (աշխարհաբար սեռականով՝ մահի, մահուան):

    Իսկ ահա ՅԵՏԱՅՍՈՒ բառում ԱՅՍՈՒ բառը գործիական հոլով է (դրա սեռականն է ԱՅՍՐ կամ ԱՅՍՈՐԻԿ): Իսկ գործիական հոլովով անիմաստ է: Նոյն է, թէ ասել՝ ՅԵՏՄԱՀՈՎ (անկապ է, չէ՞)

    Ուստի ճիշտ կը լինի ՅԵՏԱՅՍՈՒ-ի փոխարէն ասել ՍՐԱՆԻՑ ՅԵՏՈՅ, ԱՅՍՈՒՀԵՏԵՒ:

    Սա ի մէջ այլոց եմ ասում, պարզապէս իմացէք 🙂

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031