Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշողության հայացք» փառատոնը թուրք կոմպոզիտորի անդրադարձավ

Մայիս 02,2015 14:00

Զեյնեփ Գեդիզլիօղլուն ներկա էր իր գործի երեւանյան պրեմիերային

Արվեստաբան Մարինե Կարոյանը 2014թ. ապրիլին նախաձեռնեց եւ իրականացրեց իր տեսակի մեջ եզակի երաժշտական փառատոն՝ նվիրված գերմանախոս երեք կին կոմպոզիտորների՝ Կլարա Շումանի, Ֆանի Մենդելսոնի, Ալմա Մալերի արվեստին: Կլարան Ռոբերտ Շումանի կինն էր, Ֆանին՝ Ֆելիքս Մենդելսոնի քույրը, Ալման՝ Գուստավ Մալերի կինը: Փառատոնային այդ օրերին հայաստանցի երաժշտասերին ներկայացվեց վերոնշյալ կին կոմպոզիտորների երկերի շուրջ 15 պրեմիերա: Կայացած փառատոնի արձագանքը մասնագետների եւ երաժշտասերների շրջանում այնքան մեծ էր, որ ինչպես «Առավոտին» հայտնեց Մարինե Կարոյանը, որոշեց եւ այս տարի, դարձյալ ապրիլին, իրականացրեց, իր խոսքերով՝ հիբրիդ արվեստների միջազգային փառատոն՝ «Հիշողության հայացք» խորագրով: Վերջինս ընդգրկում է ոչ միայն երաժշտարվեստի ոլորտը, այլեւ կատարողական այլ արվեստների համադրություն է, այդ թվում՝ ժամանակակից պար, պլաստիկ դրամա, վիդեո-Արտ եւ այլն:

Սա նման ձեւաչափով առայժմ միակ փառատոնն է, այն էլ՝ միջազգային: Մասնակից երկրներն են Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան:

«Փառատոնը կարծես աշխարհը կապող կամուրջ լիներ, որտեղ ներկայացվեց տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայկական ու հրեական, թուրքական ու արաբական մշակութը»,- հայտնեց տիկին Կարոյանը: Առանձնահատուկ նշեց փառատոնի շրջանակներում հանդես եկած հայաստանաբնակ ու թուրքաբնակ քուրդ բանաստեղծների ներկայությամբ կայացած երեկոն, հայկական ու հրեական հին ու նորագույն երաժշտությամբ հագեցած համերգը, թուրքական, արաբական, ֆրանսիական երաժշտարվեստը ներկայացնող համերգները: «Գաֆեսճեան» մշակութային կենտրոնում ապրիլի 8-ին մեկնարկած փառատոնային օրերին հայ հանդիսատեսը ներկա գտնվեց երեւանյան եւ համաշխարհային պրեմիերաների: Օրինակ՝ հրեա կոմպոզիտոր Իսրայել Շարոնի թավջութակի եւ դաշնամուրի համար, լիբանանցի կոմպոզիտոր Քարիմ Հադդադի, թուրք ստեղծագործող Զեյնեփ Գեդիզլիօղլուի դաշնամուրային երկերի, իսկ ԱՄՆ-ում բնակվող ու ստեղծագործող սիրիացի կոմպոզիտոր Քարիմ Ռուստոմը հատուկ այս փառատոնի համար գրել էր «Օ՜, մարդիկ, թողեք վշտերս ինձ» ստեղծագործությունը»,- հայտնեց արվեստաբանը: Դաշնամուրային ստեղծագործությունների մեծ մասը հնչեցին Նարե Կարոյանի մեկնաբանմամբ:

Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս պատահեց, որ թուրք կոմպոզիտոր Զեյնեփ Գեդիզլիօղլուն ու հայ դաշնակահար Նարե Կարոյանն այսչափ բեղուն համագործակցեցին: «Գերմանիայում սովորելու տարիներին 2011թ. հրավեր ստացա մասնակցելու Արեւմտյան Գերմանիայի պետական ռադիոյի (Քյոլն) 4 ժամ տեւողությամբ ծրագրին: Վերջինս իրականացվում էր «Էքսիլ փեն» համաշխարհային կազմակերպության հետ, որը սատարում է այն գրողներին, որոնք հետապնդվում են քաղաքական հայացքների համար: Կոնկրետ այդ միջոցառումը նվիրված էր թուրք գրողներին եւ լրագրողներին, որոնք սեփական խոսքի ազատության պատճառով գտնվում են բանտերում: Ձայնագրությանը ես կատարեցի Զեյնեփի «Հավասարակշռություն» ստեղծագործությունը եւ օգտագործելով նման հնարավորությունը, խնդրեցի ձայնագրել նաեւ Կոմիտաս: Իսկ այդ միջոցառմանը մասնակցում էին իսկապես ականավոր թուրք, քուրդ, ասորի գրողներ: Նրանց շարքերում էր մարդու իրավունքների ազատության համար պայքարող թուրք հանրահայտ գրող Դոան Աքանլը (դաշնակահարը հիշյալ երկը կատարեց նաեւ Երեւանում անցկացվող համերգին)»,-հայտենց Նարե Կարոյանը:

Արվեստաբան Մարինե Կարոյանն էլ հավելեց, որ փառատոնային օրերին առաջին անգամ հայ հանդիսատեսը լսել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանի կոմիտասյան երգերի բարձրարվեստ դաշնամուրային փոխադրումները:

Մայիսի 2-ին «Գաֆեսճեան» կենտրոնում կայանալիք եզրափակիչ երեկոյին կհնչի փառատոնային օրերին հնչած ստեղծագործությունների ծաղկաքաղ: Այս մասին մեզ ասաց կազմակերպիչը՝ Մարինե Կարոյանը եւ հավաստիացրեց, թե միջազգային այս փառատոնը կլինի ավանդական, մանավանդ որ, իր խոսքերով՝ ունենք ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա աջակիցներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Մարինե եւ Նարե Կարոյանները:

«Առավոտ» օրաթերթ
01.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031