Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ընտրել է մեր ընտրանու թեկնածուներին, որոնք մոտ օրերս սկսելու են նախապատրաստվել մրցաշրջանի գլխավոր երկու մեկնարկներին՝ հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական`1-ին խաղերին եւ աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է աշնանը՝ Լաս Վեգասում:
«Առավոտը» զրուցեց Արայիկ Բաղդադյանի հետ:
– Այս անգամ Հայաստանի առաջնության ժամկետներն ինչո՞ւ էին փոխվել:
– Սովորաբար, մենք հանրապետության տվյալ տարվա առաջնությունն անցկացնում ենք նախորդ տարվա վերջին ամսին, որպեսզի կողմնորոշվենք, թե ովքեր պետք է նախապատրաստվեն գարնանը մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Բայց այս տարի օրացուցային պլանում փոփոխություն է եղել: Տարվա առաջին պաշտոնական մրցումը Բաքվի Եվրոպական խաղերն է: Դրա համար փոխեցինք հանրապետության առաջնության ժամկետները: Ի դեպ, նույն կերպ են վարվել նաեւ եվրոպական մյուս երկրներից շատերը:
Կարդացեք նաև
– Այս առաջնությունում ըմբիշները ձեր ակնկալիքներն արդարացրի՞ն:
– Նախորդ տարվա համեմատ, այս տարի դրական տեղաշարժ կա: Մեծահասակներից առաջատարները հիմնականում լավ մարզավիճակում էին, մի քանի քաշային կարգերում էլ երիտասարդներ ունենք, որոնք արդեն հասուն ըմբշամարտ են ցուցադրում:
– Հավաքները ե՞րբ եք սկսում:
– Հունիսի 3-ից Վրաստանում համատեղ ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ընտրանիների հետ: Հունիսի 16-17-ին կվերադառնանք Երեւան, կշարունակենք այստեղ եւ կմեկնենք Բաքու:
– Որոշե՞լ եք, թե քանի քաշային կարգում ենք այնտեղ հանդես գալու եւ ովքե՞ր են մեկնելու:
– Վերջնականապես կկողմնորոշվենք վերջին հավաքի ավարտին: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել. Եվրոպական խաղերին կմասնակցենք 4-ից 6 քաշային կարգերում: Տանելու ենք օպտիմալ կազմ, միայն լավագույններին, նրանց, ովքեր ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար:
– Եվրոպական խաղերում ըմբշամարտը հավասարեցված է Եվրոպայի առաջնությա՞նը:
– Այո: Պաշտոնական գրություն արդեն ստացել ենք. մեդալակիրները միաժամանակ ճանաչվելու են նաեւ որպես Եվրոպայի մեդալակիրներ:
– Ձեր մասնակցությունը պարտադրվա՞ծ է, թե՞ սկզբունքի խնդիր է: Որքան տեղյակ եմ, ըստ կանոնակարգի, եթե որեւէ քաշային կարգում մայր ցամաքի առաջնությանը չես մասնակցում, այդ քաշում զրկվում ես աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:
– Եվրոպական խաղերում մեր առջեւ այդպիսի սահմանափակում դրված չէ: Պարզապես, ունենք լավ ըմբիշներ եւ եթե մեր երկիրը որոշել է մասնակցել, մենք մեկնում ենք ու որոշակի վճռականությամբ: Բայց մեզ համար տարվա գլխավոր մրցումն աշխարհի առաջնությունն է, որտեղ նաեւ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Բաքու մեկնելը մենք դիտարկում ենք նաեւ որպես աշխարհի առաջնության նախապատրաստության մի կարեւոր փուլ:
– Լաս Վեգասում ինչպե՞ս են հաշվարկվելու վարկանիշային միավորները, եւ մենք ի՞նչ նպատակով ենք մեկնելու աշխարհի առաջնություն:
– Պաշտոնական գրություն դեռ չենք ստացել, բայց որքան տեղյակ եմ, ուղեգիր ստանալու են յուրաքանչյուր քաշային կարգի վեց լավագույն վեցնյակները: Ինչ վերաբերում է մեր նպատակներին, բնականաբար, հնարավորին չափ շատ ուղեգիր նվաճել:
– Աշխարհի առաջնությունից հետո վարկանիշային այլ մրցաշարեր լինելո՞ւ են:
– Այո: Եկող տարի: Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում հաջորդաբար՝ Սերբիայում, Մոնղոլիայում եւ Թուրքիայում:
– Բավականին անհարմար գրաֆիկ է. Եվրոպա-Արեւելք-Թուրքիա:
– Այո: Դրա համար էլ ցանկանում ենք աշխարհի առաջնությունում մեր հիմնական ուղեգրերը նվաճել:
– Եվ վերջին հարցը: Ռիո դե Ժանեյրոյի քանի՞ ուղեգիր ձեռք բերելու նպատակ կա:
– Գիտեք, որ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է վեց քաշային կարգ: Եթե բոլորում էլ մասնակից ունենանք, գերազանց կլինի: Բայց, կարծում եմ, 4-5 ուղեգրի համար կարող ենք պայքարել:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.05.2015