Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. ՀՀ Վերաքննիչ դատարանը կեղծել է Եվրոպական դատարանի որոշումը

Մայիս 01,2015 23:16

ՀՔԱՎ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ 2014թ.-ի ապրիլի 2-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ուղարկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավորներ Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից անմարդկային վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ: 2014թ.-ի ապրիլի 10-ին քաղաքացիներ Ռոբերտ Մուրադյանը և Անդրանիկ Մխիթարյանը, իրենց հերթին, հաղորդում են տվել ՀՔԾ-ին այն մասին, որ 2013թ.-ի հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին և խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցները իրենց նկատմամբ կիրառել են բռնություններ: Դեպքի առթիվ 2014թ.-ի ապրիլի 14-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն: Ոչ պատշաճ կերպով նախաքննություն վարելուց հետո, ՀՔԾ-ն 2014թ.-ի հոկտեմբերի 3-ն այս քրեական գործով վարույթը կարճել է և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացրել՝ ոստիկանության աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել վերոնշյալ որոշման դեմ՝ խնդրելով վերացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՔԾ-ի որոշումը, որը ևս մերժվել է 2014 հոկտեմբերի 3-ի որոշմամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՔԾ-ն խախտել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի որոշակի նորմեր: Այս գործի նախաքննության փուլում ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունեցել է և՛ տուժած քաղաքացիների, և՛ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, և հերթական անգամ (հիշենք Անի Բոշյանի գործով վարած նախաքննությունը) արժանահավատ չի համարել տուժած քաղաքացիների տված ցուցմունքները և, անհասկանալի պատճառով, հիմնավոր է համարել ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները:

Հարկ է նշել նաև, որ ՀՔԾ-ն թերացել է իր գործում և նախաքննության փուլում չի հարցաքննել քաղաքացի Ջիվան Սահակյանին, ով Ռոբերտ Մուրադյանի և Անդրանիկ Մխիթարյանի հետ գնացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ և հանդիպել են ոստիկանության աշխատակցին: Ջիվան Սահակյանի ցուցմունքը այս պարագայում կարող էր էական նշանակություն ունենալ, քանի որ ըստ Ռոբերտ Մուրադյանի ցուցմունքի՝ նրանք իրենց կամքով են ներկայացել ոստիկանություն, իսկ ըստ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների՝ իրենք պատահաբար հայտնաբերել և բերման են ենթարկել Ռոբերտ Մուրադյանին: Այս պարագայում ևս, անհասկանալի պատճառներով, նույն հավասար պայմաններում ՀՔԾ-ն իր որոշման համար հիմք է ընդունել ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները: ՀՔԾ-ն Նախաքննության փուլում չի առգրավվել և վերծանել ոստիկանության համապատասխան բաժանմունքում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, որոնք կարող էին հիմնավորել տուժած քաղաքացիների ցուցմունքների որոշ հանգամանքներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չհամաձայնվելով ՀՔԾ-ի կայացրած որոշման հետ՝ 2015թ.-ի փետրվարի 6-ին բողոք է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է վերացնել ՀՔԾ-ի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2014թ.-ի հոկտեմբերի 3-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության: Կազմակերպության այս դիմում-բողոքը ևս մերժվել է 2015թ.-ի մարտի 19-ին: Ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2015թ.-ի մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան, որն ընդունվել է վարույթ և դատական նիստ է նշանակվել 2015թ.-ի ապրիլի 22-ին: 2015թ.-ի ապրիլի 22-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը մերժելու մասին, հաշվի չառնելով բողոքում նշված բացահայտ ապօրինությունները: Դատարանը վկայակոչած վճռի 13-րդ էջի վերջին պարբերությունում, որպես հիմնավորում, հղում է կատարել Եվրոպական դատարանի Բեկուսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի գործին, և մեջբերել է հետևյալ միտքը. «/…/ եթե անձը անում է վստահելի հայտարարություն այն մասին, որ ինքն ի խախտումն 3-րդ հոդվածի ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ նման այլ պետական պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման» պետությունների ընդհանուր պարտականության հետ միասին ենթադրում է արդյունավետ քննության առկայություն: Մինչդեռ իրենց խոշտանգելու վերաբերյալ տուժած քաղաքացիների տված հաղորդումներում և ցուցմունքներում արված հայտարարությունների՝ վստահելիության չափանիշին համապատասխանության հանգամանքը կասկածի տակ է դրվում»: Վերլուծելով դատարանի կողմից վկայակոչված մեջբերումը՝ կարելի է եզրակացնել, որ դատարանն իր վճռով մերժելով ներկայացված դիմումը, այնուամենայնիվ, համարում է, որ չի կատարվել արդյունավետ քննություն, բայց խախտում չի դիտարկել, այն պատճառաբանությամբ, որ խոշտանգվածների կողմից տված հայտարարությունը վստահելի չի եղել:  Ավելին, վկայակոչված Բեկուսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի (գանգատ թիվ 15250/02) գործով վճռի ամբողջական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատարանի կողմից մեջբերված Եվրոպական դատարանի համապատասխան վճռում «վստահելի հայտարարության» վերաբերյալ նմանատիպ մեկնաբանություն ընդհանրապես բացակայում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031