Պարզվում է, որ այս փոքրիկ թագավորությունը՝ Գոան շատ ավելի հին պատմություն ունի, քան մեզ մեր գիդն էր պատմում։ Եվ ես լրագրող չէի լինի, եթե ամեն բան չպարզեի ու չբացահայտեի։ Գոան հարուստ և տարաբնույթ պատմություն ունի։ Հիշենք, որ Հնդկաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթությունն է, և բոլոր մնացյալները միայն նրանից հետո են եկել։ ԵՎ այսպես, մ․թ․ա․ 3-րդ դարում Գոան հնդկական Մաուրյաների դինաստիայի կառավարության ներքո էր գտնվում։ Բոլորն են լսել Հնդկաստանի մեծ կառավարիչ Աշոկայի մասին, նա հենց այս դինաստիայից էր։ Ասում են, որ այս տեղերով նաև Ալեքսանդր Մակեդոնացին է անցել։ Տեղացիները նրան ադամանդակուռ թագ են տվել, պսակել նրա գլուխը դրանով։ Եվ այն հանելուց հետո, նա ամբողջությամբ կորցրել է իր հիշողությունն ու մոռացել, թե ուր՞ է եկել և ինչի՞ համար։ Ով կարդացել է Իվան Եֆրեմովի կուլտային բեստսելլերը՝ գիտա-ֆանտաստիկ “Ածելիի սայրը” վեպը, նա անխոս կհասկանա, թե ինչ մասին եմ խոսում։
Ինչևէ, Մաուրյաներն իրենց մայրաքաղաքը Չանդորն են դարձնում, սակայն ավելի ուշ՝ 6-8-րդ դարերում արդեն Բադամիի Չալուկյան դինաստիան սկսեց տիրել Գոային։ Իսկ արդեն 1086թ․ Գոան անցավ տեղի Սալհարա դինաստիայի իշխանության ներքո։ 11-13-րդ դարերում այստեղ տիրում էին Մայսուրի Կադամբաների դինաստիայի ներկայացուցիչները։ Մայսուրն այս ժամանակ բարգավաճում էր, և Չանդորը շատ փոքր դարձավ՝ մայրաքաղաք կոչվելու պատվին արժանանալու համար։ Կադամբաները հզոր նավատորմ կառուցեցին, և ժամանակի համար այն իսկապես որ անպարտելի էր։ Չամունդա կամ Կալի աստվածուհու տաճարներ ու արձաններ հիմնվեցին, ի պատիվ Մայր հողի աստվածուհու։ Պիլար բլրի վրա գտնվող Սուրբ Հրեշտակի վանքում այս ժամանակից շատ ու շատ նշանակալի նմուշներ են պահպանվել։ Եվս երկու թանգարան՝ Փանաջիում և Հին Գոայի քրիստոնեական արվեստի թանգարանը նույնպես հարուստ հավաքածու ունեն այս ամենի կապակցությամբ։
Ուրեմն այսպես, 1052-1080թթ․ կառավարած Ջայակեշի 1 թագավորը ինքն իրեն հռչակեց Կոնկանի ու Արևմտյան Ծովերի տիրակալ, իսկ նրա մահվանից հետո Գոան կրկին հայտնվեց լծի տակ, սկզբում՝ Կալյանիի Չալուկաների, իսկ ապա նաև՝ Դեվիգրիի Յադավների տիրապետության ներքո։ 1312-70թթ․ այս բոլոր տարածքները նվաճվեցին մահմեդականների կողմից՝ Թուգլակիդների ու Բահմանի դինաստիաների կողմից։ Մանդավ Մանտրին, ով ղեկավարեց հարևան Վիջայանագար թագավորության (կենտրոնը՝ Համպի քաղաք) Հարիհարայի զորքերը, և Գոան իր դափնեպասկը հռչակեց։ Սակայն 1469թ․ մահմեդականենրը կրկին խլեցին Գոան հնդիկների ձեռքերից, ու Վիջայանագար թագավորության վերջը տվեցին, արդեն վերջնական կերպով։ Յուսուֆ Ադիլ Շահը, ով հետագայում հռչակվեց Գավանի որդի, Գոայի մայրաքաղաքը Էլայից տեղափոխեց Հին Գոա, իսկ հետո էլ՝ Փանաջի ամրոցը կառուցեց՝ ինքն իր համար որպես վարչության կենտրոն։ Այնպես նա այստեղ կառավարեց շուրջ 12 տարի՝ 1498-1510թթ․։ Դե իսկ հետո արդեն եկան պորտուգալացիները։ Դե մնացյալն էլ արդեն պատմել եմ, այն Ձեզ հայտնի է ամբողջապես։
Դե իսկ ինչ՞ ունենք այսօր, այդ դեպքում։ Այսօր Գոան Հնդկաստանի ամենից հարուստ և ապահովված նահանգներից է։ Եվ, ցավոք սրտի, այստեղ նույնպես, բոլոր խոսակցություններն անխտիր միայն ու միայն փողի մասին են։ “All songs only about…money”։ Էնպես որ թյուր ու սին պատկերացումներն այն մասին, որ հոգևոր մարդը, ճգնակյացը կարող է գալ Գոա, ապրել լճակի մոտ, թփի տակ, տաքանալ արևից ու սնվել կողքի արմավենուց ընկած մրգերով, այնքան էլ չի համապատասխանում իրանակությանը։ Այստեղ գալով, պատրաստ եղեք անընդհատ, ամեն քայլափոխի վճարել ամեն ինչի համար։ Դե իսկ միֆերով կերակրվելը այնքան էլ ձեռնտու չէ, հատկապես մեր այս պրագմատիկ դարում։ Դե եթե իհարկե դուք անհույս ռոմանտիկ երազող չէք։ Բայց դե այդ դեպքում էլ հոգ չէ, ուզում եք փոխել աշխարհը, աշխարհը կփոխի Ձեզ։ Կյանքն անխնա կերպով կանցնի Ձեր վրայով ու կկոտրի Ձեզ թանկագին վարդագույն ակնոցները։ Բայց միևնույն է, նույնիսկ այդ ժամանակ Գոայի բնակիչները չեն դադարի պատասխանել Ձեզ լայն բացված անհոգ ժպիտով․․․
Կարդացեք նաև
Գոան զարմանալի կոնտրաստների երկիր է, մեծ քանակությամբ ծայրահեղություններ՝ հավաքված մեկ փոքր տարածքում։ 30, 000 տարվա հնագույն բնակատեղիներից մինչև 300 տարվա պորտուգալական ապարանքներ։ Հանդարտ լողափերից, որտեղ դու նույնիսկ քո շնչառությանն ես ունկնդիր լինում մինչև աղմկոտ “քրչի ու զրթուզիբիլի” շուկաներ (блошиные рынки), որտեղ սեփական ճչացող ձայնդ անգամ այլևս չես լսում։ Տեղական համեստ խոհանոցից մինչև իսկական էպիկուրցի վայելողի քիմքին հարիր բազմազան կերակրացանկ։ Տեղական կրոնական տոներից մինչև լատինոամերիկյան շնչով տոգորված բաց ու ազատական երիտասարդական կառնավալներ։ Նորագույն եկեղեցիներից մինչև հնագույն հինդուիստական տաճարներ։ Եվ այս ամենը նրանց համար, ովքեր փնտրում, բայց միևնույնն է չեն գտնում ճշմարտությունը։ Որոնում ու չեն գտնում իրենք իրենց․․․Դե քանի որ այն ամենը, ինչը որ դուք փնտրում եք հաստատ երկրի վրա չէ, երկնքում է և առաջին հերթին Ձեր իսկ ներսում, ներաշխարհում, հոգում։ Գանձեր դիզեք երկինքներում և ինքներդ Ձեզ խորքում։ Գոացիները կոնկանիով մի լավ բառ ունեն այստեղ՝ “քեննա”, “kenna”, որն էլ ավելի է դրամատիզացնում, խորացնում նահանգի կյանքի կոնտրաստային նիստերի բնույթը։ “Քեննա” կամ, օրինակ, երբ դուք կարող եք լինել հանդարտ բնության գրկում, դիտել թռչունների խաղաղ կեցությունն ու ապա ռաֆտինգով զբաղվել տեղի վարարող գետերից մեկում, անվերջ գոռալ հաճույքից ու ադրենալինի ներհոսքից։ Առայժմ այսքանը։ Շարունակելի․․․
Մարիա Թոքմաջյան
Հնդկաստան, Գոա նահանգ, Բիչոլիմ