Աշխատավորների համերաշխության միջազգային օրը՝ մայիսի 1-ին, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Շարլ Անզնավուրի անվան հրապարակում հանդիպեցին իրենց համախոհների հետ: Կուսակցությունների գաղափարախոսները հրապարակ էին եկել «Գործազուրկ եմ, աշխատանք եմ պահանջում», «Մի՛ աղերսիր, այլ պահանջի՛ր», «Պահանջում ենք համակարգային փոփոխություններ» պաստառներով եւ կուսակցությունների դրոշներով:
Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
«Մեզ բոլորիս սահմանադրությամբ բազմաթիվ իրավունքներ են տրված, լոռեցին կասեր՝ բայց մեջն ի՞նչ կա: Մենք ունենք աշխատանքի իրավունք, մարդ կա այդ աշխատանքը չունի այստեղից փախչում է, հեռանում է երկրից: Մարդն ունի արժանապատիվ աշխատավարձ ստանալու իրավունք, այդ արժանապատիվ աշխատավարձը չեն տալիս նա նույնպես հեռանում է երկրից եւ այլ տեղ է փնտրում իր համար անհրաժեշտ կյանքի պայմանները: Մարդն ունի առողջությունը պահպանելու իրավունք, գալիս է հիվանդանոց կամ ուզում է դեղորայք գնել իր չնչին աշխատավարձով կամ թոշակով այդ հարցերը չի կարողանում լուծել: Բայց երբ որ ինձ ասում են՝ մեր երկիրն աղքատ է, այդ պատճառով է վիճակն այսպիսին, ես սկզբից վիրավորվում եմ, հետո՝ զայրանում»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Հայաստանում տիրող համակարգն իրեն սպառել է եւ դրանից պետք է ազատվել. «Մենք պետք է այդ համակարգը կազմաքանդենք եւ նոր համակարգ ձեւավորենք: Դրա համար կա հետեւյալ ձեւը՝ մենք պետք է նոր չորրորդ Հայաստանի Հանրապետություն ձեւավորենք, այսինքն՝ մենք նոր կանոնակարգ պետք է որոշենք, որտեղ չպետք է լինի կոռուպցիա, այն թալանը, որ կա, չպետք է լինեն օլիգարխները, որովհետեւ մարդիկ, որոնք այսօր դարձել են միլիարդատեր կամ միլիոնատեր, նրանք չէին կարող միայն ու միայն իրենց ազնիվ աշխատանքով դրան հասնել: Նշանակում է, որ սոցիալական արդարության սկզբունքը պետք է աշխատի այս երկրում, այն ինչ-որ տրված է եղել ի վերուստ: Չորրորդ հանրապետություն հասկացության տակ մենք դնում ենք ոչ միայն սովորական սահմանադրական բարեփոխումներ, այլ՝ նոր համակարգի ձեւավորում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կոմսոմոլների գլխավորությամբ հաջաորդ Հանրապետությունը կարծում եմ ՎԵՐՋ ը կդնի հանրապետության…