Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խայտառակ բացահայտումներ ադրբեջանական բանակում. այս տարի հակառակորդն արդեն մոտ 30 զոհ է թաքցրել

Մայիս 01,2015 20:20

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Razm.info մասնագիտացված կայքի հետազոտությունների արդյունքում հայտնի են դարձել Ադրբեջանի զինված ուժերի 97 զինծառայողների անուններ, որոնք մահացել են 2014 թվականին: Նշենք, որ այս զոհերին Ադրբեջանը թաքցրել է: 97 զոհերի անունները հայտնի են և ավելին, նրանց մեկ երրորդը (33 հոգի) մարտական պայմաններում են զոհվել, 67-ը՝ ոչ մարտական, իսկ ևս 2 հոգու մահվան պատճառները դեռ հայտնի չեն:

Aravot.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեց՝ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը, պարոն Ջամալյանը պատասխանեց. «Ադրբեջանում անում են այն, ինչ մեր մտքով անգամ անցնել չի կարող: Բացառված չէ, որ հրապարակված տվյալները միայն մասամբ են արտահայտում իրական պատկերը: Իրականում չհայտարարված, հասարակությունից թաքցված զոհերի թիվն իսկապես կարող է ավելին լինել: Չմոռանանք, որ միայն անցյալ օգոստոսին հակառակորդը մի քանի տասնյակ զոհ տվեց իր նախահարձակ ագրեսիայի հետևանքով: Ավելին՝ 2015-ի չորս ամիսների ընթացքում ձեռնարկված դիվերսիաների ձախողման հետևանքով հակառակորդը կրել է մոտ երեք տասնյակ զոհ: Այդ կորուստների մեծ մասը նույնպես թաքցվել է սեփական հանրությունից: Նշեմ, որ միայն այս տարվա մարտին Արցախի հյուսիսային սահմանին, Գյուլիստանի հատվածում թշնամին մոտ քսան զոհ է տվել: Սեփական կորուստները քողարկելը ադրբեջանական ռազմական ղեկավարության օրինաչափ գործելաոճն է: Ադրբեջանում առկա ծայրահեղ ավտորիտար կառավարման համակարգը հնարավոր է դարձնում զոհերի փաստը թաքուն պահելը: Կարծում եմ կորուստների իրական թիվը չհայտնելու երկու պատճառ կա: Առաջին՝ որպեսզի ալիևյան վարչակարգի հիմքը չսասանվի, և երկրորդ, որպեսզի Ադրբեջանում պահպանվի հնարավոր պատերազմում մեզ հաղթելու վստահությունը: Չէ՞ որ տարիներ շարունակ ալիևյան իշխանությունը սեփական հանրության մոտ ձևավորել է հայկական բանակին արագ հաղթելու միֆ, ու եթե իրենց իրական կորուստները հրապարակեն, ապա այդ միֆը քարուքանդ կլինի, հուսահատության, բանակի հանդեպ անվստահության տեղիք կտա»:

Ըստ պարոն Ջամալյանի՝ Ադրբեջանը որդեգրել է պետական սահմանին լարվածություն պահպանելու քաղաքականություն, ու քանի որ այդ քաղաքականության հետևանքը տասնյակ զոհերն են, ապա ակնհայտ է, որ Բաքուն ստիպված է դիմում նման քայլի, որը սակայն արդյունավետ լինել չի կարող «քանի որ ինտերնետի դարաշրջանում անհնարին է փակել անցանկալի տեղեկությունը հասանելի դարձնող բոլոր սողանցքները»:

Մեր դիտարկմանը՝ 97-ից 67-ը ոչ մարտական պայմաններում զոհվածներ են, դա խոսում է Ադրբեջանի բանակում անառողջ, ոչ կանոնադրային մթնոլորտի մասի՞ն, Դավիթ Ջամալյանն արձագանքեց. «Իրենց բանակում անառողջ մթնոլորտ եղել է միշտ: Ադրբեջանական բանակ ասվածն իրենից ներկայացնում է ծայրահեղ կոռումպացված մի համակարգ: Իհարկե, վերջին շրջանում ինչ-որ քայլեր են փորձել ձեռնարկել վիճակը բարելավելու համար, բայց դատելով փաստերից՝ հանգում ենք եզրակացության, որ դրանք կրել են իմիտացիոն բնույթ: Սակայն հատկապես ընդգծենք, որ մենք մեր ծրագրերը չենք կազմում թշնամուն որպես թույլ գնահատելու հիման վրա:  Մեր խնդիրն է՝ մարտունակության որակական գերազանցություն ապահովել թշնամու հանդեպ, իսկ այդ նպատակին հասնել թշնամուն թերագնահատելով հնարավոր չէ: Այդպիսին է նախարար Օհանյանին դիրքորոշումը»:

Դավիթ Ջամալյանը մեզ հետ զրույցում նաև ներկայացրեց, թե Ադրբեջանը ինչ քայլերի է դիմում զոհերին թաքցնելու համար: Օրինակ՝ մեր դեմ դիվերսիա իրականացնելու նպատակով պատերազմի վետերանների են վարձում, որոնք գումարը ստանալու դիմաց  նախապես գրավոր համաձայնություն են տալիս, որ մարտում ընկնելու դեպքում նրանց հարազատներին այդ մասին չեն տեղեկացվելու, փոխարենը հայտարարվելու է, թե նրանք ցմահ ազատազրկվել են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031