«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով հստակ ամրագրվեց, որ համայն հայությունը պայքարելու է ոչ միայն ճանաչման ու դատապարտման, այլև հանցագործության հետևանքների վերացման համար: Իսկ դրանց վերացման համար պետք է իրավական մոտեցում ունենալ: Այս առումով կարևոր է իրավական թղթածրարի մշակումը: Սա ընտրության նոր փուլ է, որ թևակոխում ենք 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո»,- «Դեբատ» ակումբում այսօր հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման համար կուլմինացիոն պահերը 1920 թվականից ի վեր երկու կարևոր փաստաթղթերի՝ Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրած իրավարար վճռի գոյությունն էր. «Մենք նման կուլմինացիա էլ չենք ունեցել, բայց ընթացքում կուտակվել է հսկայական կապիտալ, և մեզանից է կախված, թե ինչպես կօգտագործենք այն արդյունավետ առաջ գնալու համար: Դա թույլ է տալիս ՀՀ և սփյուռքահայ կառույցներին ավելի համակարգված ու թիրախային աշխատել: Դրա նախադրյալները տեսանք նաև Հռոմի պապի կողմից մատուցված պատարագի և հայտարարության ժամանակ, ինչը սփյուռքյան կառույցների և դիվանագիտության հետևողական աշխատանքն էր և ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը: Պետք է նախ ձեռք բերածը ավելի ռացիոնալացնել, պրակտիկ դաշտ տեղափոխել, հետո նոր միայն խոսել ճանաչման մասին»,- ասաց նա:
Ա. Մարուքյանի կարծիքով՝ ճանաչման և դատապարտման գործընթացն անպատճառ կընթանա, բայց նպատակն այդ չէ. «Դա միջոց է Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանը հասնելու համար: Եթե նախկինում մեր լոբբիստներն ավելի շատ աշխատել են միջազգային կառույցների ու երկրների օրենսդիր մարմինների հետ, ապա վեկտորը պետք է փոխվի, և ջանքերն ուղղվեն գործադիր իշխանություններին, որովհետև պետք է տեղափոխվել իրավական դաշտ»,- ասաց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև