Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի դահլիճում եզրագիծը հատեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին բացի Եղեգնաձորից եւ Սյունիքից, մասնակցեցին հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի 126 բռնցքամարտիկներ:
Այսօր կայացած եզրափակիչներում հաղթեցին եւ չեմպիոնի կոչման արժանացան Ալեն Դանիելյանը՝ 49 կգ քաշային կարգ, Վահե Բադալյանը՝ 52, Հրայր Շահվերդյանը՝ 56, Սպարտակ Թամարյանը՝ 60, Գոռ Ալեքսանյանը՝ 64, Տիգրան Մելքոնյանը՝ 69, Վարդան Քոսյանը՝ 75, Էդուարդ Ենֆեջյանը՝ 81, Դավիթ Չալոյանը՝ 91 եւ Արամ Աբրահամյանը՝ +91:
Առաջնության գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ընդհանուր առմամբ դժգոհ չէր երիտասարդների մրցելույթներից: «Իհարկե, կային բռնցքամարտիկներ, հիմնականում մարզերից, որոնք դեռ հանրապետության առաջնությունում եղանակ չեն կարող ստեղծել: Բայց նրանց ու մարզիչներին դրա համար, կարծում եմ, այնքան էլ պետք չէ քննադատել:
Կարդացեք նաև
Մարզերում բռնցքամարտով զբաղվողները զուրկ են այնպիսի պայմաններից, ինչպիսիք կան մայրաքաղաքում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Կոտայքում եւ բռնցքամարտի ավանդույթներ ունեցող մյուս կենտրոններում: Այդուհանդերձ, շրջաններում դրական տեղաշարժ արդեն նկատվում է: Դա արդյունք է այն աշխատանքի, որ վերջին երկու տարում ֆեդերացիան մարզերում իրականացնում է նոր նախագահի նախաձեռնությամբ: Այս ընթացքում ֆեդերացիայի մասնաճյուղ կամ դահլիճ է բացվել որոշ մարզերում: Եվ օրինակ, Տավուշն արդեն մասնակիցներ ունի: Բավականին առաջադիմել են Գավառի, Մարտունիի, Սեվանի, Ստեփանավանի ներկայացուցիչները: Ֆեդերացիայի գերակա ծրագրերից մեկը բռնցքամարտի աշխարհագրության ընդլայնումն է: Կարծում եմ, այսպես շարունակվելու դեպքում մի օր հանրապետության մարզերը լուրջ մրցակից կդառնան Երեւանի եւ բռնցքամարտի մյուս կենտրոնների համար», – ասաց պարոն Գաբրիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ