Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության ճանաչումը չի կարող հիմք լինել պահանջատիրության համար». Արա Պապյան

Մայիս 01,2015 17:30

«Դատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսից՝ «Հիշում եմ և պահանջում»՝ երկու բան էինք ուզում՝ հիշել և պահանջել: Հիշելու և հիշեցնելու առումով ամեն ինչ հաջող անցավ»,- ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների արդյունքները այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Մոդուս Վիվենդի» կազմակերպության նախագահ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ լրատվական դաշտը հագեցած էր Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին լուրերով, հաղորդումներով. «Բոլորը գրում էին իրողությունը՝ ցուցաբերելով օբյեկտիվ մոտեցում, բացառությամբ, իհարկե թուրքական և ադրբեջանական մամուլի»,- ասաց Արա Պապյանը՝ ընդգծելով, որ դա միայն «Հայաստանի շնորհքը չէր». «Այդ հարցում մեծ դեր խաղացին Շառլ Ազնավուրը, «System of a Down» ռոք խումբը, Քիմ Քարդաշյանը: Նրանց ներկայությունն արդեն Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրություն առաջ բերեց»,- նշեց Ա. Պապյանը:

Դառնալով պահանջատիրությանը՝ բանախոսը նկատեց, որ իր համար այդպես էլ անորոշ մնաց, թե ինչ ենք պահանջում. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում հստակ կետեր կային պահանջելու մասին, հղումներ՝ Սևրի պայմանագրին, Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրած իրավարար վճռին, խոսվում էր նաև աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կհստակեցներ մեր պահանջները, բայց, ցավոք, մեր իշխանությունների ելույթներում նման մտքեր չարտահայտվեցին: Ավելին՝ ասվեց, որ մենք պահանջում ենք ճանաչումն ու հիշելը»,- նշեց Արա Պապյանը՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումը չի կարող հիմք լինել պահանջատիրության համար: Ցեղասպանության ճանաչումը, ըստ նրա, բարոյական հատուցման ոլորտի հարց է. «Որևէ մեկն առայսօր չի կարողացել ինձ պատասխանել, թե, օրինակ, ճանաչման բուն փաստն ինչպես է վերափոխվելու հատուցման: Բոլորն ասում են՝ եթե ճանաչեն, կտան: Ո՞վ ասաց: Այսինքն՝ մենք էլի մնում ենք այն բարի ցանկության հույսին, որ եթե թուրքը ուզենա, առանց ճանաչելու էլ կտա: Գուցե առանց ճանաչելու ավելի հեշտությամբ տա, որովհետև դա չի ընկալի որպես պարտադրանքի տակ գործողության կատարում»,- ասաց «Մոդուս Վիվենդի»-ի նախագահը՝ շեշտելով, որ եթե անգամ ամբողջ աշխարհն էլ (այդ թվում և Թուրքիան) ճանաչի, միևնույն է, դրա հիման վրա չենք կարող պահանջել. «Պահանջները լինելու են երեք բնույթի՝ անհատական, համայնքային, որի համար հարկ կլինի դատական ճանապարհով ապացուցել սեփականության փաստը, ապա ժառանգականությունը, իրավահաջորդությունը, իսկ երրորդը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումն է»,- Ա. Պապյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031